Տեղի ունեցաւ հանդիսութիւն` Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Քարոզչական կենտրոնի մէկ ամեակի առիթով


Տեղի ունեցաւ հանդիսութիւն` Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Քարոզչական կենտրոնի մէկ ամեակի առիթով

  • 26-03-2012 14:43:16   |   |  Բարեգործութիւն
Մարտի 25-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցաւ հանդիսութիւն Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Քարոզչական կենտրոնի գործունէութեան մէկ ամեակի կապակցութեամբ: Հանդիսութեանը ներկայ էին Մայր Աթոռի միաբաններ, կենտրոնի անդամները, բազմաթիւ հիւրեր տարբեր կրթական հաստատութիւններից ու երիտասարդական կազմակերպութիւններից: Արարողութեան սկզբում խօսքով հանդէս եկաւ Քարոզչական կենտրոնի պատասխանատու Տ. Թովմայ աբեղայ Խաչատրեանը: Համառօտ անդրադառնալով կենտրոնի գործունէութեանը եւ նրա շուրջ համախմբուած երիտասարդութեանը` Հայր Սուրբը մասնաւորապէս ընդգծեց, որ խմբի նպատակն ուղղուած է Եկեղեցու առաքելութեան արդիւնաւորմանը: Հանդիսութեան ընթացքում երաժշտական համարներով ու անհատական ասմունքով հանդէս եկան կենտրոնի անդամները, որից յետոյ մի շարք երիտասարդներ նուէրների արժանացան Վեհափառ Հայրապետի կողմից ակտիւ գործունէութիւն ծաւալելու համար: Ներկաները դիտեցին նաեւ կենտրոնի գործունէութեան մասին պատմող տեսաֆիլմ: Արարողութեանը ներկայ բարձրաստիճան հոգեւորականներից Անգլիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Յովհաննիսեանը եւ Անգլիկան Եկեղեցու ներկայացուցիչ, Արեւելեան Ուղղափառ Եկեղեցիների ասոցիացիայի նախագահ Վիլեամ քահանայ Թէյլորն իրենց տպաւորութիւններն արտայայտեցին կենտրոնի գործունէութեան առիթով` բարձր գնահատելով երիտասարդների անձնուէր մասնակցութիւնն ու աջակցութիւնը Եկեղեցու առաքելութեանը: Հանդիսութեան աւարտին կենտրոնի անդամներին իր գնահատանքը բերեց Ամենայն Հայոց Հայրապետը: Նորին Սրբութիւնը նշեց, որ երիտասարդների կողմից կատարուած աշխատանքը մեր Տէր Յիսուս Քրիստոսի, Աւետարանի պատգամների ու պատուիրանների, Հայոց Եկեղեցու հանդէպ նրանց սիրոյ վկայութիւնն է: Վեհափառ Հայրապետը գոհունակութիւն յայտնեց, որ կենտրոնի մէջ ընդգրկուածները ջանում են տէրունական պատգամներին համապատասխան ապրել եւ օգտակարութիւն բերել բոլոր նրանց, ովքեր կարիք ունեն Աստծու խօսքով մխիթարուելու, ովքեր կարիք ունեն Քրիստոսի Աւետարանով զօրանալու, ներշնչուելու` յոյսով ու լաւատեսութեամբ նայելու իրենց կեանքի ապագայ ընթացքին: Նորին Սրբութիւնը նաեւ իր մասնաւոր գնահատանքը բերեց քարոզչական կենտրոնի պատասխանատու Հայր Թովմային` խմբի աշխատանքներն արդիւնաւէտ կերպով կազմակերպելու եւ ուղղորդելու համար, ապա յաջողութիւն մաղթեց կենտրոնի գործունէութեանը` հայցելով Տիրոջ օրհնութիւնը, որպէսզի տարէց տարի այս կառոյցն առաւել հզօրանայ եւ նորանոր ոլորտներ ընդգրկի իր առաքելութեան մէջ:
  -   Բարեգործութիւն