Քաղաքապետը յանձնարարել է շարունակել տարածքների բարեկարգման եւ կանչապատման աշխատանքները
26-03-2012 17:00:19 | Հայաստան | Տնտեսութիւն
Աշխատանքային հերթական խորհրդակցութեան ժամանակ զեկուցուել է, որ մարտի 8-ից ապրիլի 7-ը կանանց միամսեակի կապակցութեամբ քաղաքապետի կարգադրութեամբ անցկացուող «Ձեզ համար կ'անայք» անվճար բուժօգնութեան ակցիայի շրջանակում անցած երկու շաբաթների ընթացքում տեղամասային պոլիկլինիկաներ են դիմել երեւանաբնակ 7112 կանայք, որոնցից 3898-ն արդէն անցել են լաբարոտոր-գործիքային հետազօտութիւններ: Առողջապահութեան վարչութեան պետը զեկուցել է նաեւ, որ ստացիոնար բուժում են ստանում 72 կին, եւս 405-ը ուղեգրուած են ստացիոնար բուժման, 37 կին էլ արդէն վիրահատուած են:
Անդրադառնալով մայրաքաղաքում նախատեսուած կանաչապատման աշխատանքների ընթացքին` բնապահպանութեան վարչութեան պետը զեկուցել է, որ այժմ շարունակւում է սանիտարական մաքրման ու էտման, ծաղկային տարածքների փոցխի, ինչպէս նաեւ ոռոգման ցանցի ընթացիկ նորոգման աշխատանքները:
Վարչական շրջաններում օբյեկտների սեփականտերերի կողմից անշարժ գոյքի եւ դրան յարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգի մասին Երեւանի աւագանու որոշման պահանջների կատարման վերաբերեալ քաղաքապետի տեղակալ Կամօ Արէյեանը զեկուցել է, որ տնտեսվարող սուբյեկտներին տրամադրուել է 7258 սխեմա: Նախորդ շաբաթուայ ընթացքում իրականացուած ուսումնասիրութիւնների արդիւնքում արձանագրուած թերութիւնների հետ կապուած`քաղաքապետը յանձնարարել է կարգաւորել առաջացած հարցերն ու շարունակել գործընթացը`վերահսկելով տնտեսվարողների կողմից իրենց յարակից տարածքների բարեկարգման եւ կանչապատման աշխատանքների կատարման ընթացքը:
Երեւանի գլխաւոր ճարտարապետը զեկուցել է, որ ուսումնասիրուել եւ գնահատուել է Վերնիսաժի տարածքի իրավիճակը, որի վերաբերեալ քննարկուել են տարածքի բարեկարգման ճարտարապետական հնարաւոր տարբեր լուծումներ եւ առաջիկայում կը ներկայացուի այն` ներդրումային գնահատականով:
Տրանսպորտի վարչութեան պետը զեկուցել է, որ շարունակւում են հասարակական տրանսպորտի սպասարկման որակի գնահատման ուղղութեամբ մշտադիտարկման աշխատանքները, որի արդիւնքում յայտնաբերուող թերացումների մասով անմիջապէս ձեռնարկւում են համապատասխան քայլեր: Այս համատեքստում քաղաքապետ Տարօն Մարգարեանը անդրադարձել է Երեւան քաղաքի վերգետնեայ հասարակական տրանսպորտի երթուղային նոր ցանցին եւ նշել է, որ առաջիկայում այն կը հաստատուի ու յանձնարարել է ներկայացնել ըստ այդմ յայտարարուող մրցոյթի ժամանակացոյցը եւ բնակչութեանը իրազեկել երթուղիների ուղղութիւնների մասին:
«Գործող մօտ 2500 միկրոաւտոբուսների թիւը մինչ տարեվերջ մենք պէտք է կրճատենք եւ հասցնենք 1200-1300 հատի: Զուգահեռաբար դրանք պէտք է փոխարինենք մեծ եւ միջին տեղատարողութեամբ աւտոբուսներով »,-նշել է Տարօն Մարգարեանը:
Զեկուցուել է նաեւ մայրաքաղաքում փողեցների լուսաւորութեան ապահովման ուղղութեամբ կատարուող աշխատանքների ընթացքի մասին: Քաղաքապետը յանձնարարել է դրանց իրականացման յստակ ցանկը տրամադրել նաեւ վարչական շրջանների ղեկավարներին:
Անդրադառնալով մայրաքաղաքի կենտրոնական եւ երկրորդական փողոցների փոսալցման աշխատանքների ընթացքին`շինարարութեան եւ բարեկարգման վարչութեան պետը զեկուցել է, որ ըստ անհրաժեշտութեան այդ աշխատանքները շարունակւում են, իսկ արդէն այսօրուանից մեկնարկում են ասֆալտապատման հիմնական աշխատանքները:
«Ասֆալտապատման աշխատանքների իրականացման վերահսկողութիւնը պէտք է լինի մշտական, ընդ որում ոչ միայն վերահսկողութեան եւ շինբարեկարգման վարչութիւնների կողմից, այլ նաեւ վարչական շրջանների ղեկավարների ու նրանց աշխատակազմերի համապատասխան բաժինների կողմից: Այս հարցում կապալառու կազմակերպութիւններից մեր պահանջը յստակ է. սահմանուած ժամկէտում ապահովել որակեալ աշխատանք»,-ընդգծել է Տարօն Մարգարեանը եւ յանձնարարել հետեւողական աշխատանք տանել հնարաւոր թերացումները բացառելու ուղղութեամբ, ինչպէս նաեւ ուսումնասիրել 2011 թուականի ընթացքում մայրաքաղաքի փողոցներում իրականացուած ճաքալցման աշխատանքների որակը եւ ներկայացնել կատարող կազմակերպութիւնների ցանկը:Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից տեղեկացնում են, որ քաղաքապետը յանձնարարել է նաեւ աշխատանքները անորակ եւ թերի կատարած կազմակերպութիւններին պարտադրել իրենց միջոցերով վերացնել թերութիւնները: