Սերժ Սարգսեանը շնորհաւորական ուղերձ է յղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին


Սերժ Սարգսեանը շնորհաւորական ուղերձ է յղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին

  • 26-03-2012 17:13:00   | Հայաստան  |  Քաղաքական

Եւրոպայի անվտանգութեան եւ համագործակցութեան խորհրդաժողովի որոշմամբ սկիզբ դրուած Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորման Մինսկի գործընթացի 20-ամեակի կապակցութեամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը շնորհաւորական ուղերձ է յղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին` Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Դմիտրի Մեդուեդեւին, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլայ Սարկոզիին: Սերժ Սարգսեանը երախտագիտութիւն է յայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան լուծման ուղղութեամբ անցած քսան տարիների ընթացքում համանախագահող երկրների եւ անձամբ այդ երկրների նախագահների կողմից ձեռնարկուած հետեւողական ջանքերի համար: Ընդգծելով, որ թէեւ Մինսկի գործընթացի գլխաւոր նպատակը` հիմնախնդրի կարգաւորումը, դեռեւս մնում է չիրագործուած, Նախագահ Սարգսեանը նշել է, որ այդուհանդերձ անհնարին է գերագնահատել այն վիթխարի աշխատանքը, որ անցած քսան տարիների ընթացքում իրականացուել է Մինսկի խմբի համանախագահութեան կողմից` կողմերի դիրքորոշումների մօտեցման, հիմնարար սկզբունքների մշակման, լարուածութեան լիցքաթափման եւ խաղաղութեան պահպանման համար: Սերժ Սարգսեանը վստահեցրել է, որ Հայաստանը, մեծապէս շահագրգիռ լինելով հիմնախնդրի հանգուցալուծմամբ, շարունակելու է իր դրական եւ կառուցողական ներգրաւուածութիւնը Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացում` ի նպաստ մեր տարածաշրջանի կայունութեան եւ անվտանգութեան, ժողովուրդների լաւագոյն ապագայի: Այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ նախագահի մամլոյ գրասենեակից:
  -   Քաղաքական