Ռուսաստանի հայերի միութեան մի խումբ անդամների յանձնուել են ԼՂՀ պետական պարգեւներ<br />


Ռուսաստանի հայերի միութեան մի խումբ անդամների յանձնուել են ԼՂՀ պետական պարգեւներ

  • 18-10-2010 12:56:00   | Հայաստան  |  Քաղաքական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան Նախագահ Բակո Սահակեանը հոկտեմբերի 15-ին ընդունել է նոյն օրը Արցախ ժամանած Ռուսաստանի հայերի միութեան եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամեանին: Ըստ ԼՂՀ-ի նախագահի աշխատակազմի Տեղեկատուութեան գլխաւոր վարչութեան հաղորդագրութեան, հանդիպման ընթացքում քննարկուել են Ռուսաստանի հայերի միութեան եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի հետ փոխգործակցությանը վերաբերող հարցեր, մասնաւորապէս, Արցախում իրականացyող ծրագրերի ընթացքն ու հեռանկարները: Բ.Սահակեանն ընդգծել է, որ համահայկական այդ կազմակերպութիւնները ակտիւ դերակատարութիւն ունեն հայոց անկախ պետականութեան ամրապնդման, արտերկրում բնակուող հայութեան ազգային ինքնութեան պահպանման, Հայաստան-Արցախ-Սփիռք եռամիասնության ամրապնդման գործում: Նա նշել է, որ Արցախը շահագրգռուած է է'լ աւելի ընդլայնել ու խորացնել համագործակցութիւնը Ռուսաստանի հայերի միութեան եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի հետ: Նոյն օրը Բ.Սահակեանը Ռուսաստանի հայերի միութեան մի խումբ անդամների յանձնել է ԼՂՀ պետական պարգեւներ: Հայրենիքի պաշտպանութեան գործում ցուցաբերած բացառիկ քաջության ու անձնական արիութեան համար Ռուսաստանի հայերի միութեան վարչութեան անդամ, 1992-1994 թուականներին Հայաստանի զինուած ուժերի Գլխաւոր շտաբի պետ-պաշտպանութեան նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորեանցը պարգեւատրուել է «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: ԼՂՀ-ին մատուցած բացառիկ ծառայութիւնների համար Ռուսաստանի հայերի միութեան եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամեանը պարգեւատրուել է «Գրիգոր Լուսաւորիչ» շքանշանով: Արցախի տնտեսութեան վերականգնման ու զարգացման գործում ունեցած աւանդի եւ բարեգործական նշանակալի գործունէութեան համար Ռուսաստանի հայերի միութեան առաջին փոխնախագահ Գէորգի Տեր-Ղազարեանցը պարգեւատրուել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով, Ռուսաստանի հայերի միութեան վարչութեան անդամ, Ռուսաստանի բժշկական գիտութիւնների ակադեմիայի ակադեմիկոս Առնոլդ Ադամեանը, Ռուսաստանի հայերի միութեան վարչութեան անդամ, բժշկական գիտութիւնների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Հենրի Աղայեանը, Ռուսաստանի հայերի միութեան փոխնախագահ, Համաշխարհային հայկական կոնգրեսի հայաստանեան մասնաճիւղի ղեկավար Վլադիմիր Աղայեանը եւ Ռուսաստանի հայերի միութեան վարչութեան անդամ, Ռուսաստանի գիտութիւնների ակադեմիայի ակադեմիկոս Սամուէլ Սամվելի Գրիգորեանը` «Երախտագիտութիւն» մեդալով: Պարգեւատրման արարողութեանը ներկայ էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլեանը, վարչապետ Արա Յարութիւնեյանը, ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը, պաշտօնատար այլ անձինք:
  -   Քաղաքական