Սերժ Սարգսեանը. «Հայաստանի Հանրապետութիւնն նպաստում » ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի 1540 բանաձեւի իրականացմանը»
27-03-2012 14:34:26 | | Քաղաքական
Աշխատանքային այցով Կ'որէայի Հանրապետութիւնում գտնուող Նախագահ Սերժ Սարգսեանը մարտի 27-ին Սէուլում մասնակցել է Միջուկային անվտանգութեան 2012թ. միջազգային գագաթնաժողովին: Հանրապետութեան ղեկավարը գագաթնաժողովում հանդէս է եկել ելոյթով: Սերժ Սարգսեանը նախ շնորհակալութիւն է յայտնել գագաթնաժողովի կազմակերպիչներին եւ անձամբ Նախագահ Լի Միւն-բակին` գլոբալ անվտանգութեան համար առանցքային նշանակութիւն ունեցող այդ կարեւոր հաւաքը հիւրընկալելու համար: Հանրապետութեան ղեկավարը նաեւ բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շարունակական ջանքերը 2010թ. Վաշինգտօնեան գագաթնաժողովից ի վեր:
«Միջուկային անվտանգութիւնը եղել եւ մնում է Հայաստանի համար առաջնային կարեւորութեան խնդիր: Ցանկալի արդիւնքներ գրանցելու նպատակով մենք հետեւողականօրէն եւ պատրաստակամօրէն աջակցել եւ իրականացրել ենք առաջարկուող ծրագրերը, կոնկրէտ քայլեր ենք ձեռնարկել վերահսկողութեան գործուն մեխանիզմ ստեղծելու ուղղութեամբ»,-ընդգծել է Սերժ Սարգսեանը: Նախագահի խօսքով, ընդունուել է նոր օրէնք Երկակի նշանակութեան ապրանքների, այդ թւում միջուկային եւ ռադիօակտիւ նիւթերի արտահանման, տարանցման, ինչպէս նաեւ երկակի նշանակութեան տեղեկատուութեան եւ մտաւոր գործունէութեան արդիւնքների փոխանցման նկատմամբ հսկողութեան մասին:
Հանրապետութեան ղեկավարը նշել է նաեւ, որ ՄԱԿ-ի Միջտարածաշրջանային յանցաւորութեան եւ արդարադատութեան հետազօտական ինստիտուտի հետ համագործակցութեամբ եւ աջակցութեամբ Հայաստանն իրականացնում է կադրերի վերապատրաստման եւ մաքսային տեխնիկական յագեցման ծրագիր: Նախագահի խօսքով, Հայաստանի Հանրապետութիւնն ըստ ամենայնի նպաստում է ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի 1540 բանաձեւի իրականացմանը:
«Վաշինգտօնի գագաթնաժողովում բոլորս խիստ կարեւորեցինք Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան կենտրոնական դերը միջուկային անվտանգութեան եւ ռադիօակտիւ նիւթերի պահպանման եւ հսկման գործում: Հայաստանը, որպէս միջուկային էներգիայի արտադրող, գործակալութեան հետ զարգացնում է համակողմանի փոխգործակցութիւն: Հայաստանի ատոմակայանի անվտանգ շահագործումը եւ նրա անվտանգութեան մակարդակի բարձրացումը, նրա ֆիզիկական պաշտպանութեան, ինչպէս նաեւ բարձր ակտիւութեան աշխատած վառելիքի պահպանումն ու հսկումը մեր կառավարութեան առաջնային խնդիրներից է: Այս գործում մենք խստագոյնս պահպանում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան` այդ սերնդի միջուկային կայանների համար առաջարկուող միջազգային նորմերի պահանջները:
Հայկական ատոմակայանի շահագործման լիակատար համապատասխանութիւնը այդ նորմերին հաստատել է նաեւ ԱԷՄԳ կողմից անցեալ տարի անցկացուած ՕՍԱՐՏ առաքելութիւնը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսեանը:
Հանրապետութեան ղեկավարը, օգտուելով առիթից, շնորհակալութիւն է յայտնել ԱԷՄԳ-ին, Ռուսաստանի Դաշնութեանը, Եւրամիութեանը եւ այն բոլոր երկրներին, կազմակերպութիւններին եւ մասնագէտներին, որոնք համագործակցում եւ աջակցում են Հայաստանի Հանրապետութեանը այս կարեւոր գործում:
Սերժ Սարգսեանն անդրադարձել է նաեւ Հայկական ատոմակայանի մասին Սէուլեան գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահի ներկայացրած ապատեղեկատուութեանը. «Իսկ Ադրբեջանի նախագահի` Հայկական ատոմակայանի մասին այստեղ հնչեցրած բացայայտ ապատեղեկատուութիւնը ինձ չի զարմացնում, որովհետեւ Հայաստանի մասին հերիւրանքներ տարածելը Ադրբեջանում վաղուց արդէն դարձել է գործելաոճ: Ընդ որում, ամենաբարձր ամբիոններից խեղուած են ներկայացւում ոչ միայն Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին վերաբերող ամէն ինչ, այլեւ միջազգային հանրութեան` մեր եւ ձեր կողմից ընդունուած փաստաթղթերը: Նոյնիսկ Մակ-ի Անվտանգութեան խորհրդի` Լեռնային Ղարաբաղի խնդրով յայտնի բանաձեւերն են խեղաթիւրում, մոռանալով, որ իրենք են սկսել ռազմական գործողութիւններ, իրենք են հրաժարուել դադարեցնել դրանք, իրենք են, որ հիմա ամէն օր ռազմատենչ յայտարարութիւններ են անում եւ հրաժարւում Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծել միջազգային իրաւունքի հիման վրա»,-նշել է Նախագահ Սարգսեանը:
Հանրապետութեան ղեկավարի խօսքով, Չեռնոբիլի եւ Ֆուկուսիմայի ողբերգութիւններից յետոյ շատերն են վերապահումներով մօտենում միջուկային էներգիայի ապագայի խնդիրներին: Որոշ յատուկ դէպքերում, ինչպիսին Հայաստանի դէպքն է, ըստ Նախագահ Սարգսեանի, քիչ այլընտրանք կայ` ապահովելու համար մեր ժողովրդի կայուն զարգացումն ու կենսամակարդակի բարելաւումը:
Սերժ Սարգսեանի մօտեցմամբ, տեղին կը լինէր էներգետիկ` այդ թւում նաեւ միջուկային էներգիայի անվտանգութեան ապահովման հարցերը դիտարկել յարակից խնդիրների հետ ամբողջութեան մէջ: Նախագահը ոչ պակաս կարեւոր է համարել էներգետիկ ռեսուրսները չարամիտ քաղաքական կապիտալի վերածելու դէմ պայքարը: Դրա հետեւանքները, Նախագահ Սարգսեանի համոզմամբ, ծանր են յատկապէս այն երկրների համար, որոնք զուրկ են էներգիայի բնական պաշարներից եւ ստիպուած են էներգետիկ անկախութեան ուղիներ փնտրել:
«Հայաստանի չորս անմիջական հարեւաններից երկուսը, խախտելով միջազգային իրաւունքի նորմերը, երկու տասնամեակ շարունակ շրջափակման մէջ են պահում մեր երկիրը` ի թիւս բազմաթիւ այլ խնդիրների, այլընտրանք չթողնելով նաեւ էներգետիկ անկախութեան ուղիների ընտրութեան հարցում»,-ասել է Սերժ Սարգսեանը:
Հանրապետութեան ղեկավարը ելոյթի աւարտին վերահաստատել է Հայաստանի հաւատարմութիւնը միջուկային նիւթերի անօրինական շրջանառութեան դէմ պայքարին, ինչպէս նաեւ մեր երկրի վճռականութիւնը աջակցելու ահաբեկչութեան դէմ պայքարի միջազգային ջանքերին: Այս մասին «ՆՏ»_ին յայտնեցին ՀՀ նախագահի մամլոյ գրասենեակից: