Աւելանում է Հայաստանում միջազգային որակաւորում ունեցող խորհրդատուների թիւը Եւրոպական Միութեան ֆինանսաւորմամբ


Աւելանում է Հայաստանում միջազգային որակաւորում ունեցող խորհրդատուների թիւը Եւրոպական Միութեան ֆինանսաւորմամբ

  • 28-03-2012 14:59:27   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Եւրոպական Միութիւնը ՎԶԵԲ Գործարար խորհրդատուական ծառայութեանը (BAS) աջակցելու նպատակով 5 միլիոն եւրոյ ֆինանսաւորում է տրամադրել, որն ուղղուել է Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում միկրոյ, փոքր եւ միջին ձեռնարկութիւններին խորհրդատատուական եւ փորձագիտական աջակցութեան տրամադրմանը, ինչպէս նաեւ այդ երկրներում կայուն խորհրդատուական շուկաների զարգացմանը: ՎԶԵԲ BAS-ը մեկնարկել է 1995թ.-ին եւ նպատակաուղղուած է իր գործունէութեան բոլոր երկրներում միջազգային լաւագոյն փորձի տարածմանը: Գործարար խորհրդատուական ծառայութիւնների տեղական կայուն ենթակառուցուածք մշակելու, տեղական խորհրդատուներին միջազգային լաւագոյն փորձն ու գիտելիքները փոխանցելու շարունակական գործունէութեան շրջանակներում եւ որպէս դասընթացավարների վերապատրաստման սկզբունքի մի մաս` BAS-ը Հայաստանում բարելաւում է խորհրդատուական ծառայութիւնների կատարողականը խորհրդատուների համար տեղի շուկայի պահանջներին յարմարեցուած “Հիմնական խորհրդատուական հմտութիւններ եւ մասնագիտական էթիկա” դասընթացի անցկացմամբ: Մարտի 28-ին “Գոլդեն Թիւլիփ Երեւան” հիւրանոցում կը մեկնարկի այս դասընթացի առաջին փուլը, որին կը մասնակցեն 23 հայ խորհրդատուներ: “Հիմնական խորհրդատուական հմտութիւններ եւ մասնագիտական էթիկա” դասընթացը Հայաստանի խորհրդատուական ոլորտին աննախադէպ հնարաւորութիւն է ընձեռում կառավարման խորհրդատուութեան կայուն շուկայ ձեւաւորելու եւ կառավարման խորհրդատուների միջազգային հաւաստագրում ներդնելով` այդ շուկան յաջորդ մակարդակ բարձրացնելու համար: Այս նախաձեռնութիւնը 2011թ.-ի սկզբին Հարաւային Կովկասի երեք երկրների խորհրդատուների համար Վրաստանում իրականացուած վերապատրաստման դասընթացի շարունակութիւնն է: Խորհրդատուներին շարունակական մասնագիտական զարգացման հնարաւորութիւն ընձեռելու, ինչպէս նաեւ խորհրդատուների համախմբան գործընթացի իւրայատկութիւնները ներկայացնելու նպատակով BAS-ը հրաւիրեց “Էքսփոնենշլ Թրեյնինգ ընդ Ըսեսմենթ Լիմիթիդ” բրիտանական խորհրդատուական ընկերութեանը անցկացնել “Հիմնական խորհրդատուական հմտութիւններ եւ մասնագիտական էթիկա” դասընթացը եւ նախաձեռնել ֆորմալ հաւաստագրման գործընթացը: Նախորդ տարի անցկացուած դասընթացի արդիւնքում վեց հայ բիզնես խորհրդատուներ յաջողութեամբ ձեռք բերեցին Միացեալ Թագաւորութեան Խորհրդատուութեան ինստիտուտի “Կառավարման խորհրդատուութեան հմտութիւններ” հաւաստագիրը: Այդ խորհրդատուներից երեքը յետագայում դարձան Կառավարման հաւաստագրուած խորհրդատուներ: 2011թ.-ի վերջին, դասընթացի մասնակիցների առաջնորդութեամբ եւ BAS Հայաստանի խրախուսմամբ, հիմնադրուեց “Կառավարման խորհրդատուութեան Հայաստանի ինստիտուտ” (“այ Էմ Սի Արմէնիա”) ՀԿ-ն: Ինստիտուտի նպատակն է Հայաստանում գործարար/կառավարման խորհրդատուութեան չափանիշներ սահմանել եւ խթանել միջազգային լաւագոյն փորձի ու գիտելիքների փոխանակումը: Այժմ, “Այ Էմ Սի Արմէնիա”-ն, բրիտանական խորհրդատուների հետ համագործակցութեամբ եւ BAS Հայաստանի ակտիւ աջակցութեամբ, կը շարունակի զարգացնել վերապատրաստման ենթակառուցուածքը` անցկացնելով դասընթացը Հայաստանի այլ բիզնես խորհրդատուների համար: Դասընթացի առաջին փուլը տեղի կ'ունենայ մարտի 28-31-ը` Գոլդեն Թիւլիփ Երեւան հիւրանոցում:
  -   Տնտեսութիւն