Վարչապետը ծանօթացել է գիւղմթերքի արտադրութեամբ զբաղուող ընկերութեան զարգացման ծրագրերին


Վարչապետը ծանօթացել է գիւղմթերքի արտադրութեամբ զբաղուող ընկերութեան զարգացման ծրագրերին

  • 28-03-2012 17:50:20   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Վարչապետ Տիգրան Սարգսեանն այցելել է «Եւրոթերմ» ընկերութիւն: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, կառավարութեան ղեկավարը ծանօթացել է 1998 թ-ին հիմնադրուած մրգերի, բանջարեղէնի վերամշակման եւ բնական հիւթերի, պահածոների եւ խտահիւթերի արտադրութեամբ զբաղուող ընկերութեան արտադրանքին ու առաջիկայ ծրագրերին: Ընկերութեան սննդային ապրանքներն արտադրւում եւ վաճառւում են «Նոյեան», «Մենք», «Ֆիեստա» եւ «Ալպենջուս»ապրանքանիշերով: «Եւրոթերմ»-ը հանդիսանում է Հայաստանի առաջատար արտադրող եւ արտահանող ընկերութիւններից մէկը, որի «Նոյեան»ապրանքանիշով բնական հիւթերի եւ նեկտարների արտահանման ծաւալները կազմում են վաճառքի ընդհանուր ծաւալների մօտ 50 տոկոսը, մուրաբաների եւ պահածոներինը` 92, իսկ խտահիւթերի դէպքում այս ցուցանիշը կազմում է 9 տոկոս: Ներկայում ընկերութեան արտադրանքն իրացւում է ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Ուկրաինայիում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Վրաստանում, ԱՄԷ-ում, Իրանում: Գիւղատնեսական հումքի ձեռքբերման գների կայունացման, հումքի որակի վերահսկողութեան համակարգի ներդրման նպատակով ընկերութիւնն Արմավիրի մարզի Բաղրամեան շրջանի Վանանդ գիւղում ձեռք է բերել շուրջ 140 հա հողատարածք: Տնկուել է 10 հազարական ծիրանենի եւ դեղձենի, 60 հազար խաղողի վազ, 4 հազար կեռասենի, 100 ընկուզենի: Հողատարածքներում վարւում է օրգանական գիւղատնտեսութիւն: Արտահանման շուկաներում վաճառքների ծաւալների շարունակական աճն ապահովելու եւ արտադրական ծաւալների ընդլայնման նպատակով ընկերութիւնն իր հողատարածքներին կից` Վանանդ համայնքում նախատեսում է կառուցել մրգի վերամշակման նոր գործարան, որտեղ կը տեղակայուեն տոմատի եւ թարմ մրգերի վերամշակման, ասեպտիկ պարկերում առաջնային եւ խտացուած խիւսերի արտադրութիւնները: Սարքաւորումների արտադրական հզօրութիւնը թոյլ կը տայ վերամշակել օրական 350 տոննա միրգ եւ բանջարեղէն, արտադրել 150 տոննա մրգային խտահիւթ կամ 60 տոննա տոմատի մածուկ, իսկ ամռանը եւ աշնանն ընդհանուր առմամբ վերամշակել 40հազար տոննա միրգ եւ լօլիկ, ստանալով` 12 հազար տոննա մրգային խտահիւթ եւ 2 հազար տոննա տոմատի մածուկ: Նոր գործարանի կառուցման եւ թողարկման համար պահանջւում է մօտ 6 մլն 800 հազար դոլարի ներդրում: Նախատեսւում է, որ այդ նպատակով ընկերութիւնն իր միջոցների հաշուին կը ներդնի 1 մլն 700 հազար դոլար, իսկ միւս 5 մլն 100 հազարը կը ներգրաւուի երկարաժամկէտ վարկային միջոցների հաշուին: նոր գործարանի շինարարական աշխատանքները մեկնարկել են ընթացիկ տարուայ յունուարին եւ նախատեսում է աւարտել մինչ 2012-ի մայիսի 15-ը: Գործարանի հոսքագծերը կը ներկրուեն Իտալիայից, որոնց տեղակայման եւ թեսթաւորման աշխատանքները կ'աւարտուեն մինչ յունիսի 20-ը: Այսպիսով` ընկերութեան նպատակն է պատրաստուել ծիրանի վերամշակմանը: սոյն ներդրումային ծրագրի իրականացման համար ընկերութիւնը դիմել է ՀՀ կառավարութեանը` ծրագրի շրջանակներում ներմուծուող ապրանքների համար մաքսային մարմինների կողմից հաշուարկուած աւելացուած արժէքի հարկի գումարների վճարման ժամկէտի յետաձգման նպատակով: 2011թ.-ին «ՓՄՁ ներդրումներ» Ունիւերսալ վարկային կազմակերպութեան կողմից հաւանութեան է արժանացել մրգերի, բանջարեղէնի վերամշակման եւ բնական հիւթերի արտադրութեան ծաւալների ընդլայման ընկերութեան ծրագիրը, ինչի արդիւնքում ընկերութեանն է տրամադրուել է 220 մլն դրամի վարկ: Վարկային միջոցներն ուղղուել են շրջանառու միջոցների համալրմանը, մասնաւորապէս` գիւղմթերքների մթերմանը եւ արտադրութեան համար անհրաժեշտ այլ հումքերի ձեռքբերմանը: Ընկերութիւնն ունի 323 աշխատակից, որոնց միջին ամսական աշխատավարձը կազմում է 110-120 հազար դրամ:
  -   Տնտեսութիւն