Ա.Աշոտեան. «Գործի եւ մարդու յաւէրժութիւնն իր տարածած գաղափարների յաւէրժութեան մէջ է»


Ա.Աշոտեան. «Գործի եւ մարդու յաւէրժութիւնն իր տարածած գաղափարների յաւէրժութեան մէջ է»

  • 28-03-2012 19:05:22   | Հայաստան  |  Հասարակութիւն

Երեւանի Ա. Նաւասարդեանի անուան թիւ 196 դպրոցում մարտի 28-ին տեղի է ունեցել ազգային-քաղաքական գործիչ, ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նաւասարդեանի ծննդեան 62-ամեակին նուիրուած միջոցառում, որին մասնակցել են ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը, Աժ պատգամաւորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, Ա. Նաւասարդեանի ընտանիքի անդամները: Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել Ա. Նաւասարդեանի անուան թանգարան-ազգային դաստիարակութեան կենտրոնի բացման արարողութիւնը: Թանգարանում ցուցադրուել են Ա. Նաւասարդեանի կեանքի եւ հասարակական գործունէութեանը վերաբերող նիւթեր : Ոջունելով միջոցառման մասնակիցներին` նախարար Ա. Աշոտեանը նշել է, որ թանգարանի առաքելութիւնը ոչ միայն յարգանքի տուրք մատուցելն է Ա. Նաւասարդեանի յիշատակին եւ գործունէութեանը, այլ "Կենդանի լսարան դարձնել այդ թանգարանը` ազգային դաստիարակութեան կենտրոն ծառայեցնելով": "Մենք խնդիր ունենք մեր երիտասարդ սերնդին ներարկելու ազգային գաղափարախօսութեան այբուբենը, եւ յատկապէս մեր դարաշրջանում, երբ բարեկրթութեան, դաստիարակութեան արժեհամակարգի ճգնաժամ է, այսօր լաւագոյն քարոզչութիւնն է այն իրականացնել Հայաստանի նորագոյն պատմութեան էջերում իրենց անջնջելի հետքը թողած մարդկանց օրինակով: Ա. Նաւասարդեանի օրինակը լաւագոյն կենդանի դաս է բոլորի համար. մարդ, ով, տոգորուած լինելով ազգայինով, այրւում է` լուսաւորելով ուրիշների ճանապարհը, որով այսօր հազարաւոր մարդիկ են անցնում: Գործի եւ մարդու յաւէրժութիւնը իր տարածած գաղափարների յաւէրժութեան մէջ է",-իր խօսքում ընդգծել է նախարարը` անդրադառնալով նաեւ Ա. Նաւասարդեանի` որպէս պետական գործչի գործունէութեանը, որոնց թիւը, ըստ Ա. Աշոտեանի, շատ քիչ է Հայաստանի նորագոյն պատմութեան մէջ: "Ինչպիսի հասարակ կեցուածք կարող է ունենալ նման խորը մարդը, ինչպիսի գերակայութիւն արժեհամակարգի մէջ, որպէսզի յանուն նորանկախ պետութեան շահի եւ ղարաբաղեան պատերազմի յաղթանակի, մի կողմ դնի նեղ անձնական, կուսակցական շահը: Ահա ինչպիսին պէտք է լինի իսկական քաղաքական գործչի կեցուածքը` յանուն պետութեան ապագայի",-նշել է նախարարը: Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաեւ տօնական յուշ-ցերեկոյթ:
  -   Հասարակութիւն