Լեւոն Տէր-պետրոսեանը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
28-03-2012 20:18:01 | Հայաստան | Քաղաքական
Մարտի 28-ին Հայաստանի առաջին Նախագահ Լեւոն Տէր-պետրոսեանը Եւրամիութեան պատուիրակութեան դեսպանատանը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ:
Ինչպէս «Նոյեան Տապան»-ին յայտնեցին ՀԱԿ-ի կենտրոնական գրասենեակից, հանդիպման նպատակն է եղել ԱԺ ընտրութիւններին ընդառաջ Հայ Ազգային Կոնգրէսի մօտեցումների, ներկայ իրավիճակի գնահատականի եւ առաջիկայ անելիքիների մասին տեղեկատուութիւն ստանալը:
Դեսպանների խնդրանքով Նախագահ Տէր-Պետրոսեանը ներկայացրել է առաջիկայ ընտրութիւնների օրինականութեան ապահովման կապակցութեամբ իր նկատառումները` յատկապէս նշելով արդէն հրապարակուած ընտրողների ցուցակի ուռճացուածութեան հարցը: Մասնաւորապէս, ներկաների ուշադրութիւնն է հրաւիրուել այն պարադոքսի վրայ, որ չնայած Հայաստանի բնակչութեան նուազմանը, ընտրողների թիւը ցուցակում աւելանում է:
Դեսպանների խնդրանքով ՀՀ առաջին նախագահը ներկայացրել է նաեւ խորհրդարանում Հայ Ազգային Կոնգրէսի առաջիկայ անելիքները, ինչպէս նաեւ անդրադարձել է համամասնական ցուցակի կազմման սկզբունքներին:
Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրէսի կենտրոնական գրասենեակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբեանը եւ Աւետիս Աւագեանը: