Հայաստանի հանրային հաստատութիւններում էներգախնայողութեան մէջ ներդրումներին աջակցում է Գլոբալ բնապահպանական հիմնադրամը
29-03-2012 11:13:10 | ԱՄՆ | Տնտեսութիւն
Վաշինգտօն, 27-ը մարտի, 2012 թ. – Համաշխարհային բանկի գործադիր տնօրէնների խորհուրդն այսօր հաստատեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի (ԳԲՀ) 1,82 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհը Հայաստանում էներգախնայողութեան ծրագրի համար: Ծրագիրը կը նպաստի էներգիայի սպառման կրճատմանը սոցիալական եւ այլ հանրային հաստատութիւններում:
Սոյն ծրագիրը կ'աջակցի դպրոցներում, մանկապարտէզներում, հիւանդանոցներում, վարչական շէնքերում եւ փողոցների լուսաւորութեան ոլորտում էներգախնայողութեան մէջ ներդրումներին, կը նուազեցնի էներգիայի սպառումը արդիականացուած հանրային ու սոցիալական հաստատութիւններում եւ կը կրճատի CO2 արտանետումները:
«Մենք ուրախ ենք, որ առաջարկուած էներգախնայողութեան ներդրումների հիմնական շահառուները լինելու են երեխաներն ու հիւանդները, ուսանողները, վարչական շէնքերի աշխատակիցներն ու այցելուները», - նշում է Համաշխարհային բանկի Երեւանի գրասենեակի ղեկավար Ժան-միշել Հապին: - Հայաստանը կը սկսի քաղել էներգախնայողութեան բարձրացման պտուղները էներգածախսերի կրճատման, յարմարաւէտութեան մակարդակի բարձրացման եւ արդիականացուած հաստատութիւնների տեսքովէ:
Ըստ Հայաստանում Համաշխարհային բանկի իրականացրած էներգախնայողութեան հետազօտութեան (2008թ.) հաշուարկների` հանրային հատուածում հնարաւոր է խնայել շուրջ 132 միլիարդ ՀՀ դրամ (աւելի քան 360 միլիոն ԱՄՆ դոլար), որը համարժէք է տարեկան 130 միլիոն կվտ/ժ էներգիայի եւ կազմում է ամբողջ ծախսուած էներգիայի 35%-ը: Ութ հանրային հաստատութիւններում անցկացուած էներգիայի աուդիտները, ինչպէս նաեւ Համաշխարհայն բանկի աջակցութեամբ իրականացուած Քաղաքային ջեռուցման ծրագրի շրջանակներում տասնմէկ դպրոցներում կատարուած էներգախնայողութեան մէջ ներդրումները ցոյց են տալիս, որ միջին չափսի հաստատութիւնը կարող է տարեկան խնայել մօտ 150.000 կվտ/ժ էներգիայ` միջին հաշուով 70.000 ԱՄՆ դոլար ներդնելու դէպքում (ծախսերի փոխհատուցման ժամկէտը` 3 - 8 տարի):
«Աջակցելով էներգախնայողութեան մէջ ներդրումներին շուրջ 120 դպրոցներում, հիւանդանոցներում եւ այլ հանրային հաստատութիւններում` ծրագիրը կը փորձի զարգացնել, փորձարկել եւ տարածել էներգախնայողութեան ապահովման վերարտադրելի եւ կայուն մոդելներ: Սոցիալական եւ այլ հանրային հաստատութիւններում էներգախնայողութեան մէջ ներդրումները կարող են նաեւ խթանել շուկան` ստեղծելով էներգաարդիւնաւէտ սարքաւորումների ու ծառայութիւնների պահանջարկ»,- ասում է Համաշխարհային բանկի` ծրագիրը մշակած խմբի ղեկավար Անի Բալաբանեանը:
Ծրագիրը կը ֆինանսաւորի պատերի, նկուղների, ձեղնայարկերի մեկուսացումը, արտաքին դռների եւ պատուհանների նորոգումը/փոխարինումը, պատուհանների օպտիմալացումը, ռադիատորների հետեւում պատերի պատումը արտացոլող մակերեւոյթով, կաթսաների եւ ջեռուցման համակարգերի բարելաւումը/փոխարինումը, ինչպէս նաեւ սնդիկի գոլորշով աշխատող լապմերի փոխարինումը սոդայական գոլորշով աշխատող բարձր ճնշումային լամպերով:
Էներգախնայողութեան մէջ ներդրումների վերարտադրելիութիւնը կ'ապահովուի հետեւեալ միջոցառումներով` էներգախնայողութեան ոլորտի օրէնսդրական, կանոնակարգային, մատակարարման եւ տեղեկատուական խոչընդոտների վերացում, նմանօրինակ ենթածրագրերի ֆինանսաւորման, իրականացման եւ ծախսերի փոխհատուցման տարբեր սխեմաների կմշակում եւ փորձարկում, հանրային գերատեսչութիւնների համար վերապատրաստման դասընթացների անցկացում` էներգախնայողութեան քաղաքականութեան եւ կանոնակարգմանն աջակցելու նպատակով, ինչպէս նաեւ կարողութիւնների հզօրացում մասնաւոր հատուածի շահագրգիռ շրջանակների համար` ուղղուած էներգիայի աուդիտներ անցկացնելու, էներգիայի կառավարման եւ էներգախնայողութեան մէջ ներդրումների ֆինանսական գնահատման նրանց կարողութիւնների ուժեղացմանը:
ԳԲՀ-ն միաւորում է 182 երկիր` միջազգային հաստատութիւնների, հասարակական կազմակերպութիւնների (ՀԿ) եւ մասնաւոր հատուածի հետ համագործակցութեան շրջանակներում` համաշխարհային բնապահպանական խնդիրների համար լուծումներ գտնելու նպատակով, միաժամանակ աջակցելով կայուն զարգացման ազգային նախաձեռնութիւններին: Այսօր ԳԲՀ-ն համաշխարհային բնապահպանական ծրագրերի ամենախոշոր ֆինանսաւորողն է: Որպէս անկախ ֆինանսական կազմակերպութիւն` Գբհ-ն դրամաշնորհներ է տրամադրում կենսաբազմազանութեան պահպանութեան, կլիմայի փոփոխութեան, համաշխարհային ջրային աւազանի, հողերի դեգրադացիայի, օզոնային շերտի եւ կայուն օրգանական աղտոտիչների խնդիրներին ուղղուած ծրագրերին: Սկսած 1991 թուականից` Գբհ-ն սերտօրէն համագործակցում է զարգացող ու անցումային տնտեսութեամբ երկրների հետ: ԳԲՀ-ն տրամադրել է 9 միլիարդ ԱՄՆ դոլար դրամաշնորհներ եւ ապահովել է 40 միլիարդ ԱՄՆ դոլար համաֆինանսաւորում աշխարհի 165 երկրներում իրականացուած աւելի քան 2600 ծրագրերի համար:
Համաշխարհային բանկի խումբը Գբհ-ի ծրագրերն իրականացնող կազմակերպութիւններից մէկն է եւ աջակցութիւն է ցոյց տալիս երկրներին` պատրաստելու Գբհ-ի համաֆինանսաւորած ծրագրերը եւ վերահսկում է դրանց իրականացումը: Այն առաջնային դեր ունի ներդրումային ծրագրերի մշակումն ու կառավարումն ապահովելու գործում: Համաշխարհային բանկն օգտագործում է ներդրումներ կատարելու իր փորձն իրաւասու երկրներում` խթանելու ներդրումային հնարաւորութիւնները եւ ներգրաւելու մասնաւոր հատուածը, երկկողմանի, բազմակողմանի եւ այլ պետական ու հասարակական ռեսուրսները, որոնք համահունչ են Գբհ-ի նպատակներին եւ կայուն զարգացման ազգային ռազմավարութիւններին: Սկսած 1991 թուականից` Համաշխարհային բանկի խումբը տրամադրել է 3,43 միլիարդ ԱՄՆ դոլար ԳԲՀ ռեսուրս, եւ 6,77 միլիարդ ԱՄՆ դոլար համաֆինանսաւորում աշխարհի 131 երկրներում ԳԲՀ ծրագրերի համար: ԳԲՀ եւ Բանկի ռեսուրսներից բացի, Համաշխարհային բանկը հայթայթել է եւս 14,07 միլիարդ ԱՄՆ դոլար համաֆինանսաւորում այլ դոնորներից:
Ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարութիւնը կը յատկացնի 8,3 միլիոն ԱՄՆ դոլար, կը տրամադրուի 1,82 միլիոն ԱՄՆ դոլար ԳԲՀ դրամաշնորհ եւ 0,54 միլիոն ԱՄՆ դոլար համաֆինանսաւում Վերականգնուող էներգետիկայի եւ էներգախնայողութեան հիմնադրամից (ՎԷԷՀ): Կառավարութեան համաֆինանսաւորումը ներառում է Համաշխարհային բանկի` վերջերս աւարտուած երկու ծրագրերի` Քաղաքային ջեռուցման եւ Վերականգնուող էներգետիկայի ծրագրերի շրջանառուող գումարների մարումները: