Ազատականացւում է սերմերի շուկան


Ազատականացւում է սերմերի շուկան

  • 29-03-2012 17:48:13   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Մարտի 29-ի նիստում Հայաստանի կառավարութիւնը հաւանութիւն է տուել «Սերմերի մասին» ՀՀ օրէնքում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու օրէնքի նախագծին, որը միտուած է սերմերի շուկայի ազատականացմանը: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, օրէնքի նախագիծն ընդունելու դէպքում տնտեսվարողները կարող են առանց սահմանափակման ՀՀ տարածք ներմուծել բոյսերի ցանկացած սորտի սերմացու: Ըստ վարչապետ Տիգրան Սարգսեանի, այս որոշմամբ էապէս պարզեցւում է Հայաստան սերմերի ներկրման խնդիրը, ինչը մեծ օգնութիւն է այս ոլորտով մասնագիտօրէն զբաղուողների համար: Գործադիրը քննարկել է ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամաւորների` օրէնսդրական նախաձեռնութեան կարգով ներկայացրած ՀՀ քաղաքացիական դատավարութեան օրէնսգրքում լրացում կատարելու օրինագիծը, որի ընդունումը, հեղինակների կարծիքով, թելադրուած է անձի նամակագրութեան, հեռախօսային խօսակցութեան, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիութեան իրաւունքը սահմանափակող ապացոյցներ ներկայացնելու կարգը ՀՀ Սահմանադրութեան 23-րդ յօդուածի 5-րդ մասի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտութեամբ: Կառավարութիւնն իր հերթին արել է մի քանի առաջարկութիւններ, որոնք ընդունուելու դէպքում ընդունելի կը համարի օրինագծի ընդունումը: Վերը նշուած օրէնքների նախագծերը եւ կառավարութեան եզրակացութիւնը սահմանուած կարգով կը ներկայացուեն ՀՀ Ազգային ժողով: Կառավարութիւնն այլ կ'ատեգորիայ է փոխադրել Սիւնիքի մարզի Քաջարանի գիւղական համայնքի հողերի մի մասը` փոքր հիդրոէլեկտրակայանի գլխամասային հանգոյցի եւ օժանդակ կառոյցների շինարարութեան համար: Նիստի աւարտին վարչապետ Տիգրան Սարգսեանը յիշեցրել է, որ առաջիկայ նախընտրական գործընթացներում ներգրաւուած ոչ հայեցողական պաշտօն զբաղեցնող անձինք, մասնաւորապէս, նախարարի տեղակալները, համաձայն գործող օրէնսդրութեան, պէտք է ս.թ. ապրիլի 1-ից արձակուրդ ձեւակերպեն, որպէսզի իրենց պաշտօնական դիրքը եւ հնարաւորութիւնները չօգտագործեն նախընտրական գործընթացներում, կամ էլ թէ չէ դուրս գան նախընտրական ցուցակներից:
  -   Տնտեսութիւն