Թուրքիայի արտգործնախարարութիւնն իր կայքից պէտք է ջնջի կեղծիքներն ու ներողութիւն խնդրի հայերից


Թուրքիայի արտգործնախարարութիւնն իր կայքից պէտք է ջնջի կեղծիքներն ու ներողութիւն խնդրի հայերից

  • 12-10-2010 12:02:41   | Հայաստան  |  Յօդուածներ
Տարիներ շարունակ թուրքական իշխանութիւնները խեղաթիւրել են Հայոց ցեղասպանութեան իրողութիւնը: Չնայած, որ այս ամէնը շատ ցաւալի ու անգամ նողկալի է, սակայն զարմանք չի յարուցում, քանզի չարագործները, սովորաբար կոծկում են իրենց մեղքն ու անմեղ ձեւանում: Զարմանալին այն է, որ թուրքական խեղաթիւրումները Հայոց ցեղասպանութեան զոհերի ժառանգների համար այնքան սովորական են դարձել, որ նրանք այլեւս անհրաժեշտ իսկ չեն համարում եռանդուն պայքար մղել ժխտող ,պատմաբաններիէ, քաղաքական գործիչների, դիւանագէտների եւ լրագրողների դէմ: Ինչու՞ հրէական Հոլոքոստի ժառանգներն ամբողջ թափով պայքարում են ժխտող պատմաբանների, նէոնացիստների եւ այլ խեղաթիւրողների դէմ, մինչդեռ հայերը, իրենց ողբերգութիւնը ժխտողների հանդէպ անհոգ վերաբերմունք են ցուցաբերում: Արդեօ՞ք նրանք պարզապէս յոգնել են թուրքական միեւնոյն կեղծիքները տարէցտարի լսելուց, թէ՞ իրենց անզօր են համարում այդ խեղաթիւրումներին վերջ տալու համար: Այս տարուայ սկզբին Միացեալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովը Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ մի բանաձեւ ընդունեց ձայների չնչին մեծամասնութեամբ` 23-ն ընդդէմ 22-ի: Անկախ այն բանից, թէ յանձնաժողովի 22 անդամները բանաձեւին դէմ քուէարկելու համար ինչպիսի արդարացումներ ներկայացրին, սակայն փաստն այն է, որ երբ ճշմարտութիւնը ճանաչելու պահը եկաւ, նրանք բարոյական կամք չցուցաբերեցին դասուել առաքինիների շարքը, այլ բռնեցին խաբեբաների, ժխտողների եւ զանգուածային մարդասպանների կողմը: Եւ ինչպիսի՞ն էր հայերի արձագանքը Կոնգրէսի 22 անդամների արգահատելի պահուածքի հանդէպ: Ցաւօք, զայրոյթի ոչ մի խօսք չհնչեց նրանց կողմից: Ոչ մի հայ պաշտօնեայ չդատապարտեց այդ ստոր կոնգրէսականներին: Ու՞ր են ամերիկահայերի կազմակերպուած ջանքերը` Հայոց ցեղասպանութեան բանաձեւին դէմ քուէարկող կոնգրէսականների վերընտրութիւնը նոյեմբերի 2-ին ձախողելու համար: Պատկերացրէք, թէ ի՞նչ տեղի կ'ունենար, եթէ Կոնգրէսի նոյնիսկ մի անդամ դէմ քուէարկեր Հոլոքոստի բանաձեւին: Արդեօք Իսրայէլի ղեկավարներն ու Ամերիկայի հրէաները կը լռէի՞ն: Նրանք արդարացիօրէն ամէն ինչ կ'անէին, որպէսզի Կոնգրէսի այդ անդամը չվերընտրուի: Հարցն այն չէ, թէ արդեօ՞ք Ամերիկայի հայ համայնքը նոյնքան ազդեցիկ կամ հզօր է, որքան` հրէականը: Անկախ իր առկայ քաղաքական կարողութիւնից, հայ համայնքը պէտք է եռանդուն արշաւ ձեռնարկի իր քաղաքական հակառակորդներին տապալելու համար: Բաւական է, որ Կոնգրէսում լուր տարածուի, թէ ցեղասպանութեան դէմ քուէարկողը հայերի կողմից պարտութեան թիրախ կը դառնայ, ապա Կոնգրէսի անբարոյ եւ անողնաշար անդամներն արագօրէն հետեւութիւն կանէն, որ Հայոց ցեղասպանութեան ժխտումը մի բուռ թուրքական լիրայի համար չի բխում իրենց շահերից: Ահա Ցեղասպանութեան ժխտման եւս մէկ ճչացող օրինակ, որն աննկատ ու անբողոք մնաց հայերի ու միջազգային հանրութեան կողմից: Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ Թուրքիայի արտգործնախարարութեան կայքն անհամար խեղաթիւրուած յայտարարութիւններ է պարունակում: Կայքը ստայօդ պատասխաններ է տալիս անմեղօրէն ձեւակերպուած հարցերին, ինչպիսիք են` ,ի՞նչ է տեղի ունեցել 1915 թուականին: Ինչքա՞ն է հայ տեղահանուածների ընդհանուր թիւը: Արդեօ՞ք բոլոր տեղահանուածները մահացել են: Արդեօ՞ք Թուրքիայում 1915 թուականի դէպքերը որպէս ,ցեղասպանութիւնէ որակելը յանցագործութիւն է համարւում եւ արդեօ՞ք այդպէս պնդողները ենթարկւում են իրաւական հետաքննութեանէ: Թուրքիայի արտգործնախարարութիւնն իր երկիրը լաւ լոյսի ներքոյ ներկայացնելու համար իր կայքում ծիծաղելի քայլերի է դիմում` համարձակուելով յայտարարել, որ «Թուրքիան այն միակ երկիրն է, որտեղ 1915 թուականի դէպքերը կարելի է ազատօրէն քննարկել»: Նախարարութեան կայքում նաեւ տեսնում ենք հետեւեալ կեղծ յայտարարութիւնը` ,այժմ Թուրքիայում չկայ որեւէ մէկը, որը դատապարտուել կամ հետապնդուել է 1915 թուականի դէպքերը որպէս ,ցեղասպանութիւնէ որակելու պատճառովէ: Թուրքիայի արտգործնախարարութեանը շատ յարմար է մոռանալ, որ լրագրող Հրանտ Դինքը դատապարտուել եւ մեղաւոր էր ճանաչուել իր հարցազրոյցներից մէկում ,ցեղասպանութիւնէ բառն օգտագործելու համար: Նա աւելի վատ ճակատագրի արժանացաւ, քան բանտում յայտնուելը. նրան գնդակահարեցին ու սպանեցին: Նոբելեան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը եւս մեղադրուել է Թուրքիայի Քրէական օրէնսգրքի 301-րդ խայտառակ յօդուածով (,թրքականութեան վիրաւորումէ)` այն պնդման համար, որ մէկ միլիոն հայ է սպանուել: Միջազգային ակտիւ ճնշումների շնորհիւ Փամուկի նկատմամբ ներկայացուած մեղադրանքները դադարեցրին, սակայն յետագայում`վերականգնեցին: Հայոց ցեղասպանութեան մասին գրելու համար բազմաթիւ այլ թուրք լրագրողներ ու գրողներ են կանգնել դատարանի առաջ: Հայ պաշտօնեաները, սփիւռքահայերը եւ միջազգային հանրութիւնը պէտք է իրենց ջանքերը համատեղեն` Թուրքիայի կառավարութիւնից պահանջելով արտգործնախարարութեան կայքից անյապաղ ջնջել այս վիրաւորական կեղծիքներն ու ներողութիւն խնդրել հայերից: Իսկ մինչ այդ, ոչ մի հայ պաշտօնեայ չպէտք է որեւէ շփում կամ հանդիպում ունենա Թուրքիայի ղեկավարների հետ: Մի պահ պատկերացրէք, որ Գերմանիայի արտգործնախարարութեան կայքը յայտարարի, որ Հոլոքոստը երբեք տեղի չի ունեցել, եւ Իսրայէլի ղեկավարները շարունակեն պահպանել իրենց կապերը Գերմանիայի հետ: ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ «Կալիֆորնիա կ'ուրիէր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Թարգմ.` Ռ.Աւագեանի
  -   Յօդուածներ