Սերժ Սարգսեանը ներկայ է գտնուել Ճանապարհային ոստիկանութեան Երեւանի հաշուառման-քննական բաժնի բացման արարողութեանը


Սերժ Սարգսեանը ներկայ է գտնուել Ճանապարհային ոստիկանութեան Երեւանի հաշուառման-քննական բաժնի բացման արարողութեանը

  • 02-04-2012 16:52:15   | Հայաստան  |  Հասարակութիւն

Նախագահ Սերժ Սարգսեանն ապրիլի 2-ին ներկայ է գտնուել ՀՀ ճանապարհային ոստիկանութեան Երեւանի հաշուառման-քննական բաժնի բացման արարողութեանը: Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակի հաղորդագրութեան, հանրապետութեան ղեկավարը ծանօթացել է այդ նոր ստորաբաժանման գործունէութեանն ու տրանսպորտային միջոցների գրանցման, հաշուառման, վարորդական վկայականների յատկացման գործընթացի բարեփոխումների ուղղութեամբ իրականացուած աշխատանքներին, քաղաքացիներին մատուցուող ծառայութիւնների որակին: Նախագահին ներկայացուել է, որ Երեւանի հաշուառման-քննական բաժինը միաւորում է Ճանապարհային ոստիկանութեան Երեւանի թիւ 1, թիւ 2 եւ թիւ 3 հաշուառման-քննական բաժանմունքները` կազմելով մէկ ստորաբաժանում: Ոստիկանութեան գործունէութեան ոլորտում բարեփոխումների ծրագրի համաձայն, նորակառոյց վարչական շէնքում գործող այդ բաժինը` իր արդիականացուած ծառայութիւններով եւ քննական աւտոդրոմով քաղաքացիներին կը սպասարկի ս.թ. ապրիլի 3-ից: Սերժ Սարգսեանը շրջայց է կատարել նորակառոյց շէնքում, ծանօթացել տրանսպորտային միջոցների զննութեան կայանի աշխատանքին, հաշուառման-քննական բաժնի վարորդական վկայականների յատկացման եւ տրանսպորտային միջոցների գրանցման ու հաշուառման գործընթացներին, դիտել քննական աւտոդրոմը: Նախագահին զեկուցուել է, որ տրանսպորտային միջոցների գրանցման, հաշուառման եւ վարորդական վկայականների յատկացման պարզեցուած նոր ընթացակարգերի գործարկմամբ զգալիօրէն կը կրճատուի այդ աշխատանքների իրականացման համար պահանջուող ժամանակը: Մասնաւորապէս, հաշուառման եւ գրանցման համար ներկայիս 1-2 ժամուայ փոխարէն այն կտեւի 30-35 րոպէ: Արդիւնքում` էապէս կը նուազեն նաեւ առաջացող հերթերը, կը բարելաւուի քաղաքացիներին մատուցուող ծառայութիւնների որակը: Վերոնշեալ բարեփոխումների իրականացման համար ընդհանուր առմամբ ներդրուել է շուրջ 1 մլրդ 400 մլն դրամ` ՀՀ ոստիկանութեան արտաբիւջետային միջոցների հաշուին: Նշւում է նաեւ, որ Ճանապարհային ոստիկանութեան Երեւանի հաշուառման-քննական նոր ստորաբաժանման ստեղծմամբ եւ տրանսպորտային միջոցների գրանցման, հաշուառման ու վարորդական վկայականների յատկացման գործընթացի բարեփոխումների շրջանակում, մասնաւորապէս` 1. նախատեսւում է տրանսպորտային միջոցների գրանցումը, հաշուառումը եւ վարորդական վկայականների յատկացումն իրականացնել հոսքագծի եղանակով` առանց գրաւոր դիմում ներկայացնելու, 2. տրանսպորտային միջոցի գրանցումից եւ հաշուառումից հանելու առանձին գործընթաց այլեւս չի իրականացուելու, փոխարէնը նոր սեփականատիրոջ անուամբ գրանցման հետ միաժամանակ տրանսպորտային միջոցը հանուելու է նախկին սեփականատիրոջ անուամբ գրանցումից եւ հաշուառումից, 3. հանուել է տրանսպորտային միջոցի գրանցումը եւ հաշուառումը սեփականատիրոջ հաշուառման վայրի տարածքային ստորաբաժանումում իրականացնելու պարտադիր պահանջը, եւ ցանկացած ստորաբաժանումում հնարաւոր կը լինի իրականացնել ցանկացած վայրում հաշուառուած անձի տրանսպորտային միջոցի գրանցում եւ հաշուառում, ինչի արդիւնքում` վերանում է տարանցիկ համարանիշերի համար սահմանուած 3.000 դրամ տուրք վճարելու անհրաժեշտութիւնը, 4. հանուել է տրանսպորտային միջոցի օտարման կապակցութեամբ գրանցման եւ հաշուառման գործողութիւն կատարելու ժամանակ նախկին սեփականատիրոջ կողմից ապահովագրական (ԱՊՊԱՅ) պայմանագիր կնքած լինելու հանգամանքը պարզելու եւ որպէս դրա հետեւանք` ապահովագրական պայմանագիր չունենալու դէպքում վարչական վարոյթ իրականացնելու պարտականութիւնը, 5. որեւէ կարգի վարորդական վկայական ունեցող անձը նոր կարգ ստանալու համար այլեւս չի յանձնի տեսական քննութիւնը, եւ վարորդական վկայականը կը ստանայ միայն գործնական քննութեան արդիւնքների հիման վրայ, ինչի արդիւնքում վերանում է տեսական քննութեան համար սահմանուած 3.000 դրամ տուրք վճարելու անհրաժեշտութիւնը, աւելին` վարորդական վկայական ստանալու գործնական քննութիւնը, ներկայիս երկու փուլի (աւտոդրոմում եւ ճանապարհային երթեւեկութեան իրական պայմաններում) փոխարէն, անցկացուելու է մէկ փուլով (միայն աւտոդրոմում), 6. տրանսպորտային միջոցի գրանցման, հաշուառման եւ վարորդական վկայական ստանալու բոլոր գործերը եւ մատեանները վարուելու են էլեկտրօնային եղանակով` հաշուառման շտեմարանների տեսքով, իսկ տրանսպորտային միջոցի օտարման հասարակ գրաւոր պայմանագիրը կազմուելու է աւտոմատ` համակարգ մուտքագրուած տուեալների հիման վրայ, 7. փոխուել է տրանսպորտային միջոցների հաշուառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի յատկացման աճուրդային կարգը, եւ այդ համարանիշերը յատկացուելու են սահմանուած գնի վճարման դիմաց, այսինքն տրանսպորտային միջոցի հաշուառման ժամանակ սեփականատէրը հնարաւորութիւն կ'ունենայ ընտրել ցանկացած ազատ համարանիշ, եւ տրանսպորտային միջոցը նոյն պահին կը հաշուառուի այդ համարանիշով (Երեւանի հաշուառման-քննական բաժնում վճարովի համարանիշերի պատրաստումը եւս իրականացուելու է տեղում), 8. տրանսպորտային միջոցի հաշուառման վկայագիրը եւ վարորդական վկայականը կտրուի տեղում` անմիջապէս գործողութիւնը կատարելուց յետոյ:
  -   Հասարակութիւն