Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուլղարիայի վարչապետին
03-04-2012 18:18:16 | | Հասարակութիւն
Ապրիլի 3-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուլղարիայի վարչապետ Բոյկոյ Բորիսովի գլխաւորած պատուիրակութիւնը:
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակութեամբ նշեց, որ երկու երկրների միջեւ յարաբերութիւնները, համահունչ հայ եւ բուլղար ժողովուրդների պատմական բարեկամութեանը, առաջընթաց են ապրում եւ զարգանում` ընդգրկելով համագործակցութեան տարբեր ոլորտներ: Նորին Սրբութիւնն անդրադարձաւ անցեալ դարում Հայ Եկեղեցու եւ ժողովրդի կրած դժուարութիւններին եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատմական առաքելութեանը հայ ժողովրդի կեանքում: Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ այժմ հայ ժողովուրդը, յաղթահարելով իրեն բաժին ընկած դժուարութիւնները, հոգեւոր վերազարթօնք է ապրում ինչպէս Հայրենիքում, այնպէս եւ Սփիւռքի տարբեր համայնքներում: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձաւ Բուլղարիայի հայոց թեմի եւ հայ համայնքի կեանքին, Տ. Աբգար վարդապետ Յովակիմեանի` թեմի առաջնորդական տեղապահ նշանակմանը` ի դէմս վարչապետի գնահատանք յայտնելով Բուլղարիայի իշխանութիւններին հայ համայնքի, բուլղարահայութեան պատմամշակութային հոգեւոր ժառանգութեան հանդէպ ցուցաբերուող խնամքի եւ ուշադրութեան համար: Վեհափառ Հայրապետը ուրախութեամբ հաստատեց, որ Աստծու կամքով առաջիկային աւարտին կը հասցուի Սոֆիայի առաջնորդանիստ հայկական եկեղեցու կառուցումը:
Իր հերթին Բուլղարիայի վարչապետ Բոյկոյ Բորիսովը, ուրախութիւն յայտնելով հանդիպման առիթով, անդրադարձաւ Բուլղարիայում եկեղեցի-պետութիւն յարաբերութիւններին, մասնաւորաբար պետութեան զօրակցութեանը Բուլղար Եկեղեցուն` պատմական վանքերի ու եկեղեցիների նորոգման եւ նոր եկեղեցիների կառուցման գործում: Խօսելով երկու երկրների յարաբերութիւնների մասին` տիար Բորիսովն կարեւորեց պատմութեան ընթացքում երկու ժողովուրդների կերտած բարեկամութեան ու կապերի պահպանումը եւ յետագայ զարգացումը:
Հանդիպման ընթացքում Բուլղար Ուղղափառ Եկեղեցու եւ Բուլղարիայի հոգեւոր կեանքի վերարթնութեան մասին նաեւ տեղեկութիւններ փոխանցեց պատուիրակութեան անդամ Նաթանայել միտրոպոլիտը:
Վերջում Նորին Սրբութիւնն եղբայրական իր սէրն ու բարեմաղթանքները փոխանցեց Բուլղար Ուղղափառ Եկեղեցու պետ Նորին Սրբութիւն Մաքսիմ պատրիարքին` վերստին իր աղօթքն ու օրհնութիւնը բերելով Բուլղարիային եւ բուլղար ժողովրդին: