«Հայաստան»համահայկական հիմնադրամի Արգենտինայի տեղական մարմնի հովանաւորութեամբ Դիտաւան համայնքը նոր դպրոց կ'ունենայ
Արգենտինաբնակ բարերարներ Արմէն եւ Նատիայ Էքսերճիէաններն այս անգամ ձեռնամուխ են եղել Տաւուշի մարզի Դիտաւան գիւղի դպրոցի կառուցմանը: Սա նրանց հովանաւորութեամբ «Հայաստան» հիմնադրամի կողմից իրականացուող չորրորդ ծրագիրն է համայնքում:
Գործող դպրոցը 1950-ականների փայտէ շինութիւն է: Աշակերտների թուի աւելացմանը զուգընթաց, ժամանակի ընթացքում շինութեանը կից տեղադրուել են մետաղական տնակներ, որոնք ընդամէնը տարածքի խնդիր են լուծել: «Ձմռանը ցուրտ, ամռանը շոգ, այս պայմաններում դժուար է երեխաների ուշադրութիւնը դասերին ուղղել»,- ասում է դպրոցի տնօրէն Արմէն Հախուերդեանը: «Նոր դպրոցը մեծ ձեռքբերում է համայնքի համար. բազմաթիւ խնդիրներ կը մնան հետեւում»,- աւելացնում է նա:
«Հայաստան» համահայկական հիմնադրամից յայտնում են, որ երկյարկանի նորակառոյցն իր հարկի տակ կարող է ընդունել շուրջ 60 աշակերտի: Դպրոցը կ'ունենայ ամբողջական կահաւորում` ներառեալ համակարգչային դասասենեակ: Տեղադրուել են ջեռուցման եւ օդափոխութեան համակարգերը: Ներքին յարդարման աշխատանքների աւարտից յետոյ` սեպտեմբերին, գիւղի աւելի քան 40 աշակերտները նոր ուսումնական տարին կը սկսեն նորակառոյց դպրոցում:
«Էքսերճիէան ամուսինները մեծ ներդրում ունեն սահմանամերձ մարզի այս գիւղում: Ուրախ ենք, որ նրանք ժամանակ են յատկացնում եւ անձամբ ներկայ են գտնւում Դիտաւանում մէկը միւսին յաջորդող ծրագրերի բացմանը եւ ականատես լինում, թէ ինչպէս է կեանքը փոխւում համայնքում: Նրանց շնորհիւ է, որ գիւղն այսօր ունի խմելու ջուր, գազ, համայնքային կ'ենտրոն»,- ասում է Հիմնադրամի գործադիր տնօրէն Արա Վարդանեանը:
Էքսերճիէան ամուսիններին Դիտաւանի «Պատուաւոր գիւղացի» կոչման շնորհումը եւ Դիտաւանի հրապարակի վերանուանումը բարերար ընտանիքի անունով համայնքի գնահատանքի դրսեւորումն է: