Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կիպրոսի Հանրապետութեան ԱԳ նախարարին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կիպրոսի Հանրապետութեան ԱԳ նախարարին

  • 04-04-2012 18:06:00   |   |  Հասարակութիւն

Ապրիլի 4-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կիպրոսի Հանրապետութեան Արտաքին գործերի նախարար Էրատոյ Կոզակու-մարկուլիսին: Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը գոհունակութեամբ անդրադարձաւ Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ երկկողմ բարեկամական յարաբերութիւններին, որոնց համար կարեւոր հիմք են ծառայում երկու ժողովուրդների դարաւոր կապերը եւ հայ համայնքի պատմական ներկայութիւնը Կիպրոսում: Նորին Սրբութիւնը կարեւորեց Հայաստանի եւ Կիպրոսի համագործակցութիւնը միջազգային կառոյցներում` ի խնդիր երկու ժողովուրդների շահերի պաշտպանութեան: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալութիւն յայտնեց Կիպրոսի կառավարութեանը` հայ համայնքի հոգեւոր եւ ազգային կեանքի, կրթական ու մշակութային հաստատութիւնների հանդէպ մշտապէս ցուցաբերուող ուշադրութեան համար: Իր հերթին Կիպրոսի ԱԳ նախարարն անդրադարձաւ հայ համայնքի դերակատարութեանն երկրի կեանքում` ընդգծելով, որ հայ համայնքը հարստացնում է Կիպրոսն ու նրա մշակոյթը եւ ամուր կամուրջ է հանդիսանում երկու ազգերի միջեւ: Զրոյցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկեցին նաեւ Հիւսիսային Կիպրոսի գրաւեալ տարածքում գտնուող, համամարդկային արժէք ներկայացնող քրիստոնէական սրբավայրերի մտահոգիչ վիճակը: Վերջում Նորին Սրբութիւնն իր աղօթքն ու օրհնութիւնը յղեց Կիպրոսի ժողովրդին` մաղթելով, որ Կիպրոսի խնդիրն իր արդար լուծումը գտնի:
  -   Հասարակութիւն