Կը լուծուի 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած անձանց ապահովագրական ստաժ սահմանելու հարցը


Կը լուծուի 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած անձանց ապահովագրական ստաժ սահմանելու հարցը

  • 05-04-2012 14:18:04   | Հայաստան  |  Հասարակութիւն

Ապրիլի 5-ի նիստում կառավարութիւնն որոշել է Երեւանի քաղաքապետարանին տրամադրելու համար ՀՀ տարածքային կառավարման նախարարութեանը յատկացնել 1 մլրդ դրամ` քաղաքում ջերմատների կառուցման եւ զարգացման ներդրումային ծրագրի նախապատրաստական աշխատանքը կազմակերպելու համար: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, նկատի է առնուել այն հանգամանքը, որ առկայ ջերմատները կառուցուել են տասնամեակներ առաջ եւ իրենց տեխնոլոգիայով եւ արդիւնաւէտութեամբ զիջում են ժամանակակից ջերմատներին: Որոշման արդիւնքում կստեղծուէն ներդրումային ծրագրի իրականացման նպաստաւոր պայմաններ, իսկ Երեւանի ջերմաէլեկտրակայանի յարակից տարածքում ջերմատների կառուցմամբ կ'ապահովուի բուսաբուծական արտադրանքի շուրջօրեայ արտադրութիւն, կը հիմնուեն նոր աշխատատեղեր: ՀՀ կառավարութիւնը «Լուսակերտ Բիոգազ Փլանթ» ՓԲԸ կողմից ներմուծուած ապրանքների նկատմամբ կիրառուած «Ժամանակաւոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկէտը թոյլատրել է երկարաձգել մինչեւ 2012 թ. հոկտեմբերի 1-ը: Ընկերութեան գործունէութիւնն ունի բնապահպանական կարեւոր նշանակութիւն: Այն վերամշակում է «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ արտադրական թափօնը` հեղուկ թռչնաղբը եւ ստանում կենսագազ, որից էլ` էլեկտրաէներգիայ: Գործադիրը ՀՀ ԿԱՅ պետգոյքի կառավարման վարչութեանը թոյլատրել է ՀՀ տարածքային կառավարման նախարարութեան «Դպրոցաշինութեան ծրագրի իրականացման գրասենեակ» պետական հիմնարկի գոյքը` տրանսպորտային միջոցները, մեքենաներն ու սարքաւորումները, օտարել դասական աճուրդով: Նոյն սկզբունքով են օտարուելու նաեւ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Երեւանեան փողոցի N2/1 հասցէում գտնուող օժանդակ շինութիւնները: Որոշումների նպատակն է աւելացնել պետբիւջէի մուտքերը: Կառավարութեան որոշմամբ Երեւանի Նուբարաշենի խճուղու N7 հասցէում տեղակայուած ՀՀ ոստիկանութեան զօրքերի նախկին զօրամասի տարածքը եւ շէնք-շինութիւնները հետ են վերցուել եւ ամրացուել «ՀՀ արդարադատութեան նախարարութեան աշխատակազմ»պետական կառավարչական հիմնարկին` նախարարութեան քրէակատարողական ծառայութեանը յանձնելու նպատակով: ՀՀ կառավարութեան աւելի վաղ ընդունած որոշումներից մէկի փոփոխութեամբ կը լուծուի 1988-1992 թթ. Ադրբեջանի Հանրապետութիւնից բռնագաղթած անձանց կենսաթոշակ նշանակելու ժամանակ նրանց ապահովագրական ստաժը սահմանելու հարցը: Փախստականների մեծ մասը չունի աշխատանքային գրքոյկ, անձնագիր եւ անձը հաստատող այլ փաստաթուղթ: Այդ խնդրով զբաղւում է կառավարութեան որոշմամբ ստեղծուած ապահովագրական ստաժ սահմանող յանձնաժողովը:
  -   Հասարակութիւն