Կայացաւ Հայաստանի եւ Լիտուայի ԱԳ նախարարների հանդիպումը


Կայացաւ Հայաստանի եւ Լիտուայի ԱԳ նախարարների հանդիպումը

  • 05-04-2012 14:34:19   | Հայաստան  |  Քաղաքական

Ապրիլի 5-ին կայացաւ արտգործնախարար Էդուարդ Նալբանդեանի հանդիպումը պաշտօնական այցով Երեւանում գտնուող Լիտուայի ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիսի հետ: Ողջունելով հիւրին` նախարար Նալբանդեանը նշեց, որ հայ-լիտուական յարաբերութիւններն առանձնայատուկ բնոյթ ունեն, ինչը պայմանաւորուած է մի շարք հանգամանքներով. Լիտուան առաջին պետութիւնն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախութիւնը եւ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատեց 1991 թ., Հայաստանի առաջին միջպետական պայմանագիրը ստորագրուել է Լիտուայի հետ, Լիտուան առաջինն է բալթեան երկրներից, որ դեսպանութիւն է հիմնել Երեւանում եւ առայժմ միակն է բալթեան երկրներից, որտեղ Հայաստանը բացել է դեսպանութիւն: Շնորհակալութիւն յայտնելով Երեւան այցելելու հրաւէրի համար` Աուդրոնիուս Աժուբալիսը գոհունակութիւն յայտնեց երկու երկրների միջեւ վերջին տարիներին ակտիւացած համագործակցութեան կապակցութեամբ` ընդգծելով առկայ ինտենսիւ քաղաքական երկխօսութեան, արտգործնախարարութիւնների միջեւ պարբերական խորհրդատուութիւնների, ամուր իրաւապայմանագրային դաշտի, առեւտրատնտեսական համագործակցութեան եւ մշակութային փոխանակումների ծաւալների աճի կարեւորութիւնը: Հայաստանի եւ Լիտուայ ԱԳ նախարարները հանգամանալից զրոյց ունեցան երկկողմ յարաբերութիւնների հարցերի, մի շարք տարածաշրջանային ու միջազգային խնդիրների շուրջ: Հայաստանի եւ Լիտուայի արտաքին քաղաքական գերատեսչութիւնների ղեկավարները քննարկեցին Եւրոպայում տեղի ունեցող գործընթացները, Հայաստան – Եւրոպական միութիւն համագործակցութիւնը, միջազգային կազմակերպութիւնների շրջանակներում փոխգործակցութեանն առնչուող հարցեր: այս ենթատեքստում քննարկուեցին Վիլնիւսում կայանալիք Արեւելեան գործընկերութեան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները: Նախարարներ Նալբանդեանն ու Աժուբալիսը մտքէր փոխանակեցին արցախեան հիմնախնդրի խաղաղ կարգաւորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ: Այդ առումով նախարար Աժուբալիսը վերահաստատեց Լիտուայի աջակցութեանը Մինսկի խմբի եռանախագահութեան ներքոյ ընթացող բանակցային գործընթացի շրջանակներում հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, հանդիպմանն աւարտին տեղի ունեցաւ Էդուարդ Նալբանդեանի եւ Աուդրոնիուս Աժուբալիսի մամլոյ ասուլիսը:
  -   Քաղաքական