Աշխատանքային շրջայց` Նորք-Մարաշ վարչական շրջանում


Աշխատանքային շրջայց` Նորք-Մարաշ վարչական շրջանում

  • 05-04-2012 17:26:28   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանի հերթական աշխատանքային շրջայցը Նորք-մարաշ վարչական շրջանում էր: Այս վարչական շրջանն ի տարբերութիւն մայրաքաղաքի միւս վարչականների, բաղկացած է բացառապէս մասնաւոր տնատիրութիւններից, ինչն իր հերթին որոշակիօրէն տարբերակում է նաեւ այստեղի խնդիրներն ու դրանց տրուող լուծումները: Ըստ այդմ այստեղ անգամ նեղ, փակուղային փողոցների ասֆալտապատումը դիտարկուել է առաջնահերթ ու ներառուել է տարեկան ծրագրում: Դրանցից մէկի` Գայլաձորի փողոցում իրականացուած աշխատանքին ծանօթացել է նաեւ քաղաքապետը: Հին նորքեցիներն իրենց շնորհակալութիւնն են յայտնել Տարօն Մարգարեանին տասնեակ տարիներ անմխիթար վիճակում գտնուող ճանապարհը բարեկարգելու համար, քաղաքապետն էլ վստահեցրել է, որ բնակիչների կողմից բարձրացուած հարցերը աստիճանաբար լուծում կը ստանան: Քաղաքապետն աւելացրել է նաեւ, որ առաջնահերթ մի շարք ծրագրեր արդէն իսկ ընթացքի մէջ են. << Մայրաքաղաքի արդէն հաստատուած նոր երթուղային ցանցով նախատեսում ենք աւելացնել Նորք-մարաշ մտնող երթուղիների քանակը, որի արդիւնքում հիմնականում կը լուծենք բնակիչների կողմից յաճախ բարձրացուող տրանսպորտի հետ կապուած խնդիրը: Արդէն սկսել ենք փողոցների բարեկարգման աշխատանքները: Նախատեսում ենք նաեւ ոռոգման ցանցի անցկացման աշխատանքներ իրականացնել, նպատակ ունենալով առաջիկայ տարիներին վերականգնել նաեւ Նորքի բարձունքի անտառային շերտը:>>,- նշել է Տարօն Մարգարեանը: Քաղաքապետը այցելել է նաեւ թիւ 121 նախադպրոցական ուսումնական հաստատութիւն եւ հետեւել է հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Նախակրթարանի տնօրէնը նշել է, որ նորոգումից յետոյ հնարաւորութիւն կ'ունենան աւելի շատ թուով երեխաներ ընդունել մանկապարտէզ, ինչն այսօր ըստ էութեան վարչական շրջանում առաջադրուող հիմնական խնդիրներից մէկն է: Սա կը լինի թուով երկրորդ հիմնանորոգուած մանկապարտէզը, ինչն իսկապէս կը թեթեւացնի այդ գծով առկայ պահանջարկը: Տարօն Մարգարեանը պատասխանատուներին յանձնարարել է խիստ ուշադրութիւն դարձնել աշխատանքների որակին: Քաղաքապետը շրջել է նաեւ մանկապարտէզի գործող խմբերում, ծանօթացել փոքրիկների առօրեային: <<2011թ.-ին մենք ամբողջութեամբ լուծեցինք քաղաքապետարանի ենթակայութեան մանկապարտէզների ջեռուցման խնդիրը: Այսօր քայլեր ենք ձեռնարկում դպրոցներում նոյնպէս այդ խնդրին վերջնական լուծում տալու ուղղութեամբ>>,-ընդգծել է Տարօն Մարգարեանը: Քաղաքապետը եղել է նաեւ Սուրբ Աստուածածին եկեղեցու բակում, ծանօթացել այստեղ իրականացուող բարեկարգման աշխատանքներին: Վարչական շրջանի պատասխանատուները զեկուցել են, որ տարածքը բարեկարգումից յետոյ նորքեցիների համար կը դառնայ հանգստի ու ժամանցի իւրօրինակ գօտի: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից յայտնում են,որ շրջայցից յետոյ հանդիպելով վարչական շրջանի աշխատակազմի հետ, Տարօն Մարգարեանը յանձնարարել է հետեւողական լինել քաղաքացիների կողմից բարձրացուող հարցերին եւ հնարաւորին սեղմ ժամկէտներում լուծումներ տալ դրանց: <<Առանձնակի ուշադրութիւն պէտք է դարձնել սոցիալապէս անապահով խաւերի հետ տարուող աշխատանքներին: Պատասխանատուները պարտաւոր են տեղեակ լինել մարդկանց յուզող բոլոր խնդիրներին, արագ արձագանքել եւ հնարաւորին լուծումներ տալ դրանց>>,-նշել է Տարօն Մարգարեանը: քաղաքապետը յստակ յանձնարարականներ է տուել նաեւ քաղաքապետարանի ծրագրերով ընթացող աշխատանքները համակարգուած կազմակերպելու եւ սահմանուած ժամկէտներում աւարտելու ուղղութեամբ:
  -   Տնտեսութիւն