Ընդունելութիւն Պեկինում` նուիրուած Հայաստանի եւ Չինաստանի միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 20-րդ տարեդարձին
06-04-2012 14:40:26 | | Քաղաքական
Ապրիլի 6-ին Չինաստանի կառավարութեան ընդունելութիւնների տանը տեղի ունեցաւ հանդիսաւոր ընդունելութիւն` նուիրուած Հայաստանի Հանրապետութեան եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետութեան միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 20-րդ տարեդարձին: Միջոցառմանը մասնակցեցին ՉԺՀ արտաքին գործերի նախարարութեան աշխատակիցնէր, Արտասահմանեան երկրների հետ բարեկամութեան միութեան ներկայացուցիչներ, ՀՀ դեսպանութեան աշխատակիցնէր, այլ պաշտօնատար անձինք:
Ողջոյնի խօսքով հանդէս եկան Ժողովրդական Ներկայացուցիչների Համաչինական Ժողովի (ՉԺՀ խորհրդարանի) Մշտական Կոմիտէի նախագահի տեղակալ Ձեան Շուշենը եւ Չժհ-ում ՀՀ դեսպան Արմէն Սարգսեանը:
Ելոյթ ունենալով հանդիսութեան մասնակիցների առջեւ` Ձեան Շուշենը ՉԺՀ կառավարութեան եւ չին ժողովրդի անունից իր ջերմ շնորհաւորանքներն ու բարեմաղթանքները փոխանցեց Հայաստանի ղեկավարութեանը եւ հայ ժողովրդին:
Դեսպան Սարգսեանն իր ելոյթում, մասնաւորապէս, նշեց, որ անցած քսան տարիների ընթացքում երկու երկրների կողմից իրականացուել է հսկայական համատեղ աշխատանք, որի արդիւնքում արձանագրուել են լուրջ յաջողութիւններ համագործակցութեան բոլոր բնագաւառներում:
Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, ընդունելութեան ընթացքում Չինաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Չեն Գոպինը ներկայացրեց եւ հայկական կողմին յանձնեց 20 տարիների ընթացքում երկու երկրների միջեւ ստորագրուած փաստաթղթերի ժողովածուն եւ տեղի ունեցած բարձրաստիճան փոխայցելութիւններն ու յիշարժան իրադարձութիւնները պատկերող ֆոտոալբոմ, որը պատրաստուել էր ՉԺՀ ԱԳՆ կողմից Հայաստանի դեսպանութեան աջակցութեամբ: