Էդուարդ Նալբանդեանը մասնակցեց ՀԱՊԿ եւ ԱՊՀ արտգործնախարարների խորհուրդների նիստերին


Էդուարդ Նալբանդեանը մասնակցեց ՀԱՊԿ եւ ԱՊՀ արտգործնախարարների խորհուրդների նիստերին

  • 06-04-2012 16:49:48   |   |  Քաղաքական

Ապրիլի 6-ին Աստանայում արտգործնախարար Էդուարդ Նալբանդեանը մասնակցեց Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան արտգործնախարարների խորհրդի նիստին: Նախարարների հանդիպման օրակարգում էին Հաւաքական անվտանգութեան պայմանագրի ստորագրման քսանամեակին եւ ՀԱՊԿ տասնամեակին նուիրուած Հաւաքական անվտանգութեան խորհրդի յոբելեանական նստաշրջանին քննարկուելիք հարցերը: ՀԱՊԿ արտգործնախարարները մանրամասն քննարկեցին միջազգային եւ տարածաշրջանային քաղաքականութեան խնդիրների վերաբերեալ դիրքորոշումների համադրման առնչուող հարցեր: Խորհրդի մասնակիցները անդրադարձան Աֆղանստանում կայունութեան հաստատմանն ուղղուած ջանքերին: Արտգործնախարարները մտքէր փոխանակեցին Սիրիայում տեղի ունեցող իրադարձութիւնների, Իրանական միջուկային ծրագրի եւ Պակիստանում իրավիճակի շուրջ: ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարը կազմակերպութեան անդամ երկրների ԱԳ նախարարներին ներկայացրեց արտաքին քաղաքականութեան համադրման հարցերը, միջազգային կազմակերպութիւններում ՀԱՊԿ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների համագործակցութիւնը: Նոյն օրը Աստանայում տեղի ունեցաւ Անկախ պետութիւնների համագործակցութեան արտգործնախարարների խորհրդի նիստը, որի օրակարգում էր կազմակերպութեան շրջանակներում փոխգործակցութեանն առնչուող շուրջ երկու տասնեակ փաստաթուղթ` հումանիտար բնագաւառի, անվտանգութեան, տնտեսութեան, քարտէզագրութեան, ճգնաժամային իրավիճակների եւ մի շարք այլ ոլորտների վերաբերեալ: ԱՊՀ արտգործնախարարների խորհրդում քննարկուեցին Պետութիւնների ղեկավարների խորհրդի օրակարգային հարցերը: Նախարարները հաւանութեան արժանացրեցին Պետութիւնների ղեկավարների խորհրդին ներկայացուելիք հինգ փաստաթղթի նախագիծ եւ կառավարութիւնների ղեկավարների խորհրդին` տաս փաստաթղթի նախագիծ: Նախարարական հանդիպման ընթացքում տեղի ունեցաւ մտքերի փոխանակում ԱՊՀ անդամ երկրների Ագն-երի միջեւ ոլորտային խորհրդակցութիւնների բովանդակութեանն ու անցակացման ժամանակացոյցին: Նստաշրջանի մասնակիցները անդրադարձան նաեւ «Միր» միջպետական հեռուստառադիոընկերութեան գործունէութեանը եւ դրա զարգացման ծրագրերին: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, հանդիպմանը որոշուեց ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի յաջորդ նիստն անցկացնել ս.թ. նոյեմբերին Աշխաբադում:
  -   Քաղաքական