Բոլորս միասին մասնակցենք ծառատունկին եւ շաբաթօրեակին


Բոլորս միասին մասնակցենք ծառատունկին եւ շաբաթօրեակին

  • 10-04-2012 13:34:24   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Ապրիլի 14-ը մայրաքաղաքում յայտարարուած է համաքաղաքային ծառատունկի եւ շաբաթօրեակի օր: Հերթական աշխատանքային խորհրդակցութեան ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանը աշխատակազմի համապատասխան կառոյցներին եւ վարչական շրջաններին յանձնարարել է ապահովել համատիրութիւնների ու բնակիչների ակտիւ մասնակցութիւնը շաբաթօրեակին եւ ծառատունկին, ինչպէս նաեւ պատշաճ իրազեկել շահագրգիռ գերատեսչութիւններին ու կազմակերպութիւններին` գործընթացն առաւել հասցէագրուած իրականացնելու համար.«Բացի կազմակերպուած ծառատունկի, որն իրականացուելու է առանձնացուած որոշակի վայրերում, բնապահպանութեան վարչութիւնը նաեւ բակերում է ծառերի տնկիներ յատկացնելու, որպէսզի մեր բնակիչները եւս հնարաւորութիւն ունենան իրենց բակերում ծառատունկ իրականացնել: Բոլորս միասին մասնակցենք ծառատունկին եւ շաբաթօրեակին ու միասին մաքրենք մեր քաղաքը»,- ընդգծել է Տարօն Մարգարեանը: Զեկուցուել է, որ լայն թափով շարունակւում են քաղաքապետարանի 2012թ-ի ծրագրերով նախատեսուած բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքները: Մայրաքաղաքի վարչական շրջաններում արդէն շուրջ 5000 ծաղկող թուփ է տնկուել: Ասֆալտապատման գործընթացին զուգահեռ, մեկնարկել են նաեւ վերգետնեայ երեք անցումների կառուցման աշխատանքները: Անդրադառնալով նոր երթուղային ցանցի ներդրմանը, քաղաքապետը, կարեւորելով երթուղիների սպասարկման համար յայտարարուած մրցոյթների ժամանակին անցկացումը, ընդգծել է. «Մրցոյթները լինելու են բաց եւ թափանցիկ: Կը յաղթեն այն ընկերութիւնները, որոնք առաւել յարմարուետ փոխադրամիջոցնէր եւ պայմաններ կ'առաջարկեն մեր բնակիչներին»: Տարօն Մարգարեանի յանձնարարութեամբ մայրաքաղաքի երթուղիները սպասարկող բոլոր նոր աւտոբուսները հընթացս կը համալրուեն GPS համակարգով եւ WiFi կապով: Պահանջը յստակ է նաեւ տնտեսավարող սուբյեկտների կողմից պարտադիր բարեկարգման նորմերը պահպանելու հարցում. բոլոր տնտեսավարող սուբյեկտները, համաձայն պայմանագրի, պարտաւոր են բարեկարգել, կանաչապատել եւ խնամել իրենց օբյեկտների յարակից հատուածները: «Ամենօրեայ աշխատանք տարէք տուեալ տնտեսվարողների հետ, որպէսզի ապահովեն իրենց յարակից տարածքների բարեկարգումն ու կանաչապատումը: Բոլոր նրանք, ովքեր չեն կատարի պայմանագրային պարտաւորութիւնները, կ'ենթարկուեն պատասխանատուութեան, ընդհուպ մինչեւ պայմանագրերի դադարեցում», շեշտել է Տարօն Մարգարեանը: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից յայտնում են, որ մայրաքաղաքի փողոցներն ու շէնքերը հենաշարժողական խնդիրներ ունեցող բնակիչների համար յարմարաւէտ դարձնելու համատեքստում, քաղաքապետի յանձնարարութեամբ այսուհետ շինարարական բոլոր նախագծերը որպէս պարտադիր նորմ պէտք է ներառեն թեքահարթակներ: Սա, ի դէպ, ինչպէս շեշտել է Տարօն Մարգարեանը, վերաբերում է նաեւ նախորդ տարիներին տրուած, բայց դեռեւս անաւարտ շինարարութիւններին: Մայրաքաղաքի արտաքին տեսքն առաւել գեղեցիկ եւ գրաւիչ դարձնելու նպատակով, քաղաքապետ Տարօն Մարգարեանի յանձնարարութեամբ, կը մեկնարկեն Մաշտոցի պողոտայի, Աբովեան փողոցի եւ, ընդհանրապէս, մայրաքաղաքի ճարտարապետական նշանակութեան եւ բարձրայարկ շէնքերի գեղարուեստական լուսաւորման աշխատանքները: Խորհրդակցութեան ընթացքում Երեւանի քաղաքապետին է ներկայացուել մարտի 8-ից ապրիլի 7-ը անցկացուած «Ձեզ համար կ'անայք»խորագրով ակցիայի շրջանակում կանանց անվճար բուժօգնութեան միամսեակի արդիւքները, համաձայն որի նշուած ժամանակահատուածում համաբուժարաններ դիմած 12500 կանանցից լաբորատոր գործիքային հետազօտութիւն է ստացել 9540–ը: Քաղաքապետարանի առողջապահութեան վարչութեան կողմից ստացիոնար բուժոգնութեան է ուղեգրուել 619 հիւանդ, որոնցից բուժուել կամ բուժման մէջ է 165–ը: Անվճար խորհրդատուութիւն են ստացել 63–ը, եւս 63–ը հերթագրման մէջ են : Ակցիայի շրջանակում 344 հիւանդ արդէն իսկ անվճար վիրահատուել է :
  -   Տնտեսութիւն