Տարօն Մարգարեանն աշխատանքային շրջայց է կատարել Դաւթաշեն վարչական շրջանում


Տարօն Մարգարեանն աշխատանքային շրջայց է կատարել Դաւթաշեն վարչական շրջանում

  • 11-04-2012 17:37:57   | Հայաստան  |  Տնտեսութիւն



Շարունակւում են Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանի աշխատանքային շրջայցերը մայրաքաղաքի վարչական շրջաններում: Հերթականը Դաւթաշեն վարչական շրջանն էր, որտեղ Տարօն Մարգարեանը ծանօթացել է իրականացուող բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքներին: Վարչական շրջանի պատասխանատուները քաղաքապետին են ներկայացրել հանգստի գօտիներում, այգիներում, պուրակներում եւ բակային տարածքներում ընթացող բարեկարգման համալիր աշխատանքներն ու նախատեսուող ծրագրերը: Շրջայցի շրջանակում Տարօն Մարգարեանը նախ ծանօթացել է վարչական շրջանում վերջերս ձեւաւորուած փոքր շուկաների պայմաններին եւ, զրուցելով առեւտուր իրականացնողների հետ, հաւաստիացել է, որ քաղաքակիրթ առեւտրի կազմակերպմանն ուղղուած քաղաքապետարանի քայլերը գոհունակութեամբ են ընդունուել թէ առեւտրականների եւ թէ քաղաքացիների կողմից: Այնուհետ քաղաքապետը ծանօթացել է բակային տարածքներում իրականացուող բարեկարգման աշխատանքներին: Մասնաւորապէս զեկուցուել է, որ բարեկարգուող բոլոր բակերը կը համալրուեն նստարաններով ու զրուցարաններով, ինչն ըստ էութեան իրականացւում էր նաեւ շրջայցի պահին: <<Դաւթաշեն վարչական շրջանը առանձնայատուկ է նրանով, որ այստեղ բաւականին տարածքներ կան, որտեղ կարող ենք կանաչ գօտիներ ստեղծել մեր քաղաքացիների հանգստի համար: Վարչական շրջանի կողմից աշխատանքներն արդէն մեկնարկել են: 2012թ-ի ծրագրերով Դաւթաշենում մի շարք այգիներ են կառուցւում: Ողջունելի է նաեւ բնակիչների` զբաղեցրաց բոստանային տարածքները կամովին ազատելու նախաձեռնութիւնը, որոնք եւս բարեկարգւում եւ կահաւորւում են խաղահրապարակներով>>,-նշել է Տարօն Մարգարեանը: Դաւթաշենի առաջին թաղամասում մարզասէր փոքրիկների համար շուտով ֆուտբոլի փոքր խաղադաշտ կը կառուցուի: Բակերի բարեկարգման մասով իրենց գոհունակութիւնն յայտնելով Տարօն Մարգարեանին, դաւթաշենցիները յոյս են յայտնել, որ այդ աշխատանքները կը լինեն շարունակական եւ բոլոր բակերը կը բարեկարգուեն, ինչին ի պատասխան քաղաքապետը հաւաստիացրել է, որ ծրագիրը կը լինի շարունակական եւ յորդորել է բնակիչներին լինել աւելի ակտիւ եւ մասնակցել մայրաքաղաքի բարեկարգմանն ու կանաչապատմանն ուղղուած քաղաքապետարանի բոլոր նախաձեռնութիւններին: Շրջայցի շրջանակում Տարօն Մարգարեանը այցելել է նաեւ Երեւանի թիւ 200 դպրոցի բակ, որտեղ լսելով բնակիչների կողմից առաջադրուող խնդիրները, տեղում յանձնարարել է ապահովել աշակերտների անվտանգութիւնը եւ արգելել աւտոմեքենաների մուտքը դպրոցի բակային տարածք: Երեւանի քաղաքապետի յանձնարարութեամբ բնակիչների ժամանցի կազմակերպման համար վարչական շրջաններից իւրաքանչիւրում պէտք է ստեղծուէն հանգստի յարմարաւէտ կենտրոններ: Դաւթաշեն վարչական շրջանում նախագծի մեկնարկն արդէն տրուել է: <<Քաղաքապետարանի քաղաքականութիւնը հետեւեալն է` բոլոր վարչական շրջաններում պէտք է լինեն կենտրոններ, որտեղ մեր համաքաղաքացիները կ'անցկացնեն իրենց հանգիստն ու ազատ ժամանակը>>,- ընդգծել է Տարօն Մարգարեանը: Կենտրոնական այգում քաղաքապետին է ներկայացուել այս ուղղութեամբ նախատեսուող ծրագիրը: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից յայտնում են որ շրջայցից յետոյ քաղաքապետը աշխատանքային խորհրդակցութիւն է անցկացրել վարչական շրջանի աշխատակազմի հետ, որի ընթացքում մէկ անգամ եւս շեշտել է, որ բնակչութեան հետ շփման առաջին օղակը վարչական շրջաններն են եւ նրանց աշխատանքով է պայմանաւորուած բնակիչների վերաբերմունքը քաղաքային իշխանութիւնների նկատմամբ: Ըստ այդմ յանձնարարուել է առաւել հետեւողական լինել բնակիչների կողմից բարձրացուող հարցերի հնարաւորին շուտ լուծումներ տալու հարցում:
  -   Տնտեսութիւն