«ՀԿ-ներն իրաւունք չունեն յայտարարել իրենց կողմից այս կամ այն կուսակցութեանը կամ թեկնածուին աջակցութեան մասին»,-յայտարարում է ՀԱՊ-ը


«ՀԿ-ներն իրաւունք չունեն յայտարարել իրենց կողմից այս կամ այն կուսակցութեանը կամ թեկնածուին աջակցութեան մասին»,-յայտարարում է ՀԱՊ-ը

  • 12-04-2012 18:01:17   | Հայաստան  |  Քաղաքական
Քաղաքացիական հասարակութեան ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը հանդէս է եկել Ազգային ժողովի մայիսի 6-ի ընտրութիւնների կապակցութեամբ հետեւեալ յայտարարութեամբ. «- Կարեւորելով 2012թ. ՀՀ Ազգային ժողովի ընտրութիւնների անցկացումը մեր երկրի առաջադիմութեան համար, - ընդգծելով ընտրութիւնները հայ հասարակութեան ժողովրդավարական ձգտումներին եւ միջազգային չափորոշիչներին համապատասխան անցկացնելու անհրաժեշտութիւնը, - նկատի առնելով առաջիկայում Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրութիւնների նշանակութիւնը Եւրամիութեան հետ մեր երկրի համագործակցութեան ամրապնդման եւ Արեւելեան գործընկերութեան շրջանակներում նախատեսուած բարեփոխումների իրականացման գործում, - գիտակցելով քաղաքացիական հասարակութեան պատասխանատուութիւնը ընտրութիւններն ազատ, արդար եւ թափանցիկ ընթացակարգերով անցկացնելուն աջակցելու գործում, - շահագրգռուած լինելով Արեւելեան գործընկերութեան երկրներում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում Ալգ Քաղաքացիական հասարակութեան ֆորումի ջանքերի ակտիւացմամբ, ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը ողջունում է ընտրութիւններում Քհկ-ների` որպէս անկախ դիտորդներ հանդէս գալը, ընտրական գործընթացների տարբեր բաղադրիչների մոնիտորինգում, ՀՀ քաղաքացիներին իրենց ընտրական իրաւունքներին եւ պարտականութիւններին ծանօթացնելու գործում ՀԱՊ անդամների եւ ընդհանուր առմամբ հասարակական կազմակերպութիւնների մասնակցութիւնը: Մենք բնական եւ օրինաչափ ենք համարում, երբ հասարակական կազմակերպութիւնների առանձին ներկայացուցիչներ որոշում են մուտք գործել քաղաքական ոլորտ եւ առաջադրում են իրենց թեկնածութիւններն ընտրութիւններում: Միաժամանակ, ՀԱՊ-ը` 1. նշում է, որ Հայաստանի հասարակական կազմակերպութիւնները բազմազան են եւ սկզբունքօրէն չեն կարող աջակցել որեւէ կոնկրէտ քաղաքական ուժի: Հկ-ներին անդամակցութիւնը չի կարող հիմնուած լինել կուսակցական կողմնորոշումների վրայ, եւ աջակցութեանը վերաբերող հարցը չի կարող դրուել այդ կազմակերպութիւնների քննարկումների օրակարգում: Նշուած սկզբունքները բխում են նաեւ ՀՀ օրէնսդրութիւնից, որը հասարակական կազմակերպութիւններին արգելում է ուղղակիօրէն ներգրաւուել քաղաքական գործունէութեան մէջ: Հետեւաբար` Հկ-ներն իրաւունք չունեն յայտարարել իրենց կողմից այս կամ այն կուսակցութեանը կամ թեկնածուին աջակցութեան մասին, 2. գտնում է, որ վերը նշուածը վերաբերում է նաեւ հայրենակցական միութիւններին, որոնց կողմից այս կամ այն քաղաքական ուժին աջակցելու մասին յայտարարութիւնները կարող են ներազգային, միջտարածաշրջանային երկպառակութիւնների հիմք դառնալ, 3. բարեգործական հիմնադրամների օգտագործումը նախընտրական քարոզչութեան նպատակով` համարում է ոչ միայն գործող օրէնսդրութեան կոպիտ խախտում, այլ նաեւ բարեգործութեան գաղափարի վարկաբեկում, 4. ընդգծում է, որ հասարակական կազմակերպութիւնների այն ներկայացուցիչները, ովքեր թեկնածու են առաջադրուել խորհրդարանական ընտրութիւններում, հանդէս են գալիս բացառապէս անհատ անձերի կարգավիճակով, այլ ոչ թէ` որպէս իրենց կազմակերպութիւնների պատուիրակներ, 5. պնդում է, որ իրենց թեկնածութիւնն առաջադրած Հկ-ների ներկայացուցիչները նախապէս, բայց ոչ ուշ, քան նախընտրական քարոզչութեան ժամանակաշրջանի սկիզբը, ընդհատեն գործունէութիւնն իրենց կամ որեւէ այլ հասարակական կազմակերպութիւնում, 6. անընդունելի է համարում տեղական եւ միջազգային կառոյցների կողմից Հկ-ներին տրամադրուած դրամաշնորհների օգտագործումն այս կամ այն քաղաքական ուժին, թեկնածուներին նախընտրական մրցակցութիւնում առաւելութիւն տալու նպատակով»:
  -   Քաղաքական