Գիւմրիի քաղաքապետի դստեր փեսացուի սպանութիւնը շատ շուտափոյթ կը բացայայտուի. ՀՀ ոստիկանապետ


Գիւմրիի քաղաքապետի դստեր փեսացուի սպանութիւնը շատ շուտափոյթ կը բացայայտուի. ՀՀ ոստիկանապետ

  • 13-04-2012 14:29:07   | Հայաստան  |  Հասարակութիւն

Ապրիլի 12-ին, ժամը 20.10-ին Գիւմրիի «Մայր Հայաստան» յուշահամալիրի հարեւանութեամբ` «Սեւ Բերդ»տանող ճանապարհին, յայտնաբերուել է «Մերսեդես-200» մակնիշի աւտոմեքենան` ղեկի մօտ 1985 թ. ծնուած Կարէն Եսայեանի դիակը` գլխի մասում հրազէնային վնասուածքի հետքով: Տուժողը Գիւմրիի քաղաքապետ Վարդան Ղուկասեանի դստեր փեսացուն էր: Ըստ Հայաստանի ոստիկանութեան հասարակայնութեան հետ կապերի եւ լրատուութեան վարչութեան հաղորդագրութեան, փաստի առթիւ ՀՀ քրէական օրէնսգրքի 104 յօդուածի 1-ին եւ 235 յօդուածի 1-ին մասերի յատկանիշներով` Սպանութիւն եւ ապօրինի զէնք պահելը, յարուցուել է քրէական գործ, կատարւում է նախաքննութիւն: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարեանը լրագրողների հետ զրոյցում միանշանակ պնդել է, որ «Այդ սպանութիւնը քաղաքական հենք չունի» եւ որ այն «շատ շուտափոյթ կը բացայայտուի»: Ըստ Հայաստանի ոստիկանութեան մէկ այլ հաղորդագրութեան, ապրիլի 13-ին, ժամը 00.50-ի սահմաններում, 1989 թ. ծնուած Ռաֆիկ Մուրադեանը «Վազ-21013» մակնիշի աւտոմեքենայով Գիւմրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիւ 7 շէնքի մօտ վրաերթի է ենթարկել ոստիկանութեան Շիրակի մարզային քննչական բաժնի ՀԿԳ աւագ քննիչ, ոստիկանութեան փոխգնդապետ, 1954 թ. ծնուած Վահրամ Բէյբութեանին, ով ստացած մարմնական վնասուածքներից տեղում մահացել է, իսկ վարորդը դէպքի վայրից դիմել է փախուստի: Ճանապարհային ոստիկանութեան աշխատակցի կողմից «Վազ-21013» մակնիշի աւտոմեքենան հետապնդուել եւ կանգնեցուել է Կոշտոյեան փողոցում: Վարորդը բերման է ենթարկուել Շիրակի մարզային վարչութիւն: Ռաֆիկ Մուրադեանը ձերբակալուած է, կատարւում է նախաքննութիւն: Ըստ «Հայկական ժամանակ»օրաթերթի, Վահրամ Բէյբութեանը Գիւմրիի քաղաքապետի դստեր փեսացուի սպանութեան գործը քննող քննչական խմբի անդամ էր:
  -   Հասարակութիւն