ԱԺ փոխնախագահն ընդունեց Լատուիայի դեսպանին


ԱԺ փոխնախագահն ընդունեց Լատուիայի դեսպանին

  • 13-04-2012 15:31:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 13-ին հանդիպեց Հայաստանում Լատուիայի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Գինտս Ապալսին: Հանդիպմանը ներկայ էր նաեւ Լատուիայում Հայաստանի պատուաւոր հիւպատոս Արմէն Ղասաբօղլեանը: Ողջունելով հիւրին` Աժ փոխնախագահը Հայաստանի ու Լատուիայի յարաբերութիւնները բնորոշեց որպէս բարիդրացիական եւ նշեց, որ երկու երկրները համագործակցութեան մեծ ներուժ ունեն քաղաքական, տնտեսական, կրթութեան ու մշակոյթի ոլորտներում: Պարոն Շարմազանովը նկատեց, որ 21-րդ դարը պէտք է դառնա նոր դարաշրջան երկկողմ յարաբերութիւնների զարգացման համար: Փոխգործակցութիւնն ակտիւացնելու համատեքստում զրուցակիցները կարեւորեցին միջխորհրդարանական կապերի հաստատումը, ինչպէս նաեւ համագործակցութիւնը եւ փոխադարձ աջակցութիւնը տարբեր ձեւաչափերի միջազգային միջխորհրդարանական կառոյցներում: Կողմերը նշեցին, որ քաղաքական կուսակցութիւնների միջեւ շփումներն ակտիւացնելու նոր շրջանակ կարող է դառնալ նաեւ Եժկ-ն, որին նոր է անդամակցել ՀՀԿ-ն: Լատուիայի դեսպանը յատկանշական համարեց, որ իրենց խորհրդարանում հայաստանի հետ բարեկամութեան խումբն ամենամեծաթիւն է: Ըստ դեսպանի`սա վկայում է լատուիացիների բարեկամական վերաբերմունքն ու մեծ հետաքրքրութիւնը հնագոյն մի երկրի նկատմամբ, որը յաճախ է դիմակայել դժուարութիւններին իր հոգեւոր եւ քրիստոնէական արժէքներով: Աժ փոխնախագահի խօսքերով` Հայաստանն ու Լատուիան ընդհանրութիւններ շատ ունեն` այդ թւում եւ անկախութեան համար պայքարում: Նա երկու երկրներին միաւորող գործօն համարեց նաեւ եւրաինտէգրումը, եւ, որպէս ԵՄ անդամ երկրի, Լատուիայի փորձն ու աջակցութիւնն օգտակար համարեց Հայաստանի համար եւրաինտէգրման ճանապարհին: Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրութիւններին: Էդուարդ Շարմազանովը հաւաստիացրեց, որ իշխանութիւններն ունեն քաղաքական կամք` ազատ եւ արդար ընտրութիւններ անցկացնելու համար: Նրա խօսքերով` Հայաստանի համար ժողովրդավարեցումը այլընտրանք չունի, եւ դա հասկանում են բոլորը: Աժ փոխնախագահը ներկայացրեց նախընտրական գործընթացները` նշելով, որ օրերս մեկնարկած քարոզարշաւում բոլոր կուսակցութիւններին տրուած են հաւասար հնարաւորութիւններ: Հանդիպման ընցթացքում խօսուեց նաեւ ԼՂ հակամարտութեան մասին: Դեսպան Գինտս Ապալսն անդրադարձաւ Եւրամիութեան դերակատարութեանը խնդրի կարգաւորման գործընթացում: Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ ԵՄ օժանդակութիւնը կարող է շատ կարեւոր լինել, սակայն խնդրի կարգաւորման ամենաարդիւնաւէտ եւ գործուն ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Նա համոզմունք յայտնեց, որ խնդիրը ոչ թէ ձեւաչափի ընտրութեան մէջ է, այլ` Ադրբեջանի ապակառուցողական վարքագծի ու ռազմատենչ յայտարարութիւնների: «ԵՄ-ն մեզ օգնած կը լինի, եթէ իրերը կոչի իրենց անունով»,-ասաց պրն. Շարմազանովը եւ պարզաբանեց. «Եվրանեսթի» Բաքւում կայացած լիագումար նիստի ընթացքում Իլհամ Ալիեւի «Ֆաշիստներ» անուանարկումն ուղղուած հայերին այդպէս էլ քննադատութեան չարժանացաւ եւրոպացի որեւէ պաշտօնեայի կողմից: ԱԺ հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից յայտնում են, որ հանդիպման վերջում Լատուիայի դեսպանը եւս հաստատեց յարաբերութիւններին նոր լիցք հաղորդելու եւ շփման նոր եզրեր գտնելու անհրաժեշտութիւնը: Այս առումով նա կարեւորեց Աժ նախագահի ծրագրուած այցը Լատուիայի Հանրապետութիւն:
  -   Մամլո հաղորդագրություն