Ոստիկանութիւնը իրականում զբաղուած է ընտրութիւնների արդարութեան մասին դատարկ պրոպագանդայով. ՀԱԿ
13-04-2012 15:53:48 | Հայաստան | Քաղաքական
Ապրիլի 13-ին ՀՀ Ոստիկանութեան կազմակերպած «Ընտրութիւններին ընդառաջ» թեմայով կլոր սեղան-հանդիպմանը կուսակցութիւնների ներկայացուցիչները զրկուել են ելոյթ ունենալու հնարաւորութիւնից, միջոցառումը դրա կազմակերպիչները վաղաժամ յայտարարել են փակուած: Այս մասին «Նոյեան Տապան»-ին յայտնեցին «Հայ ազգային կոնգրէս» կուսակցութիւնների դաշինքի կենտրոնական շտաբից: Հայ ազգային կոնգրէսի գնահատմամբ, «Սայ եւս մէկ վկայութիւն է, որ ՀՀ Ոստիկանութիւնը իրականում զբաղուած է ընտրութիւնների արդարութեան մասին դատարկ պրոպագանդայով եւ ոչ մի ցանկութիւն չունի իրական համագործակցութիւն ծաւալել ընտրութիւններին մասնակցող քաղաքական ուժերի հետ` ապահովելու համար դրանց օրինական ընթացքը»:
Ստորեւ ներկայացնում ենք «հայ ազգային կոնգրէսե կուսակցութիւնների դաշինքի կենտրոնական շտաբի կողմից պատրաստուած յայտարարութիւնը, որ նախատեսուած էր, սակայն չի յաջողուել հրապարակել միջոցառման ընթացքում.
«ՀՀ Ոստիկանութիւնն անցած մի քանի ընտրութիւններում եղել է ընտրական իրաւախախտումների զգալի մասի պատասխանատուն.
- սպառնալիքների միջոցով ահաբեկել է ընդդիմութեան վստահուած անձանց, ինչպէս նաեւ անկախ դիտորդներին,
- աչք է փակել կամ ուղղակիօրէն աջակցել է լցոնումներին, ընդդիմութեան ներկայացուցիչների նկատմամբ թոյլ տրուած բռնարարքներին, քաղաքական հետապնդումների նպատակով կազմակերպել եւ կորզել է կեղծ ցուցմունքներ,
- խոչընդոտել է նախընտրական քարոզչութեան իրականացմանը, հետապնդումների եւ բռնութիւնների ենթարկել ընդիմադիրներին, առգրաւուել է բարձրախօսներ եւ այլ քարոզչական գոյք,
- խոչընդոտել է օրէնքով սահմանուած հաւաքների անցկացման ազատութեան իրացմանը,
- Հրազդան համայնքի ղեկավարի վերջին ընտրութիւնների նախաշեմին զբաղուել է քաղաքացիների հաշուառումների աւելացումներով, որի հետեւանքով ընտրելու իրաւունք ունեցող քաղաքացիների թիւը 2008 թուականի համեմատ արհեստականօրէն աւելացել է 2571 ընտրողներով
Այսօր էլ բազմաթիւ ահազանգներ եւ մամուլի հրապարակումներ կան այն մասին, որ
- Հայ Ազգային Կոնգրէսի հանրահաւաքների ժամանակ ոստիկանութիւնն ապօրինաբար արգելափակում է Երեւան տանող ճանապարհները եւ կազմալուծում հանրային տրանսպորտի աշխատանքը, ոտնահարելով քաղաքացիների ազատ տեղաշարժման սահմանադրական իրաւունքը,
- Հհ-ում զանգուածաբար հաշուառման են վերցւում հասցէներում փաստացի չբնակուող քաղաքացիներ, այդ թւում նաեւ` Վրաստանի քաղաքացիներ,
- ոստիկանութեան հովանաւորչութեամբ ընտրութիւնների նախաշեմին ստեղծւում են բազմակի քուէարկող մարդկանց խմբեր,
- ոստիկանութիւնը յանցաւոր անգործութիւն է ցուցաբերում կամ ուղղակիօրէն պարտակում է զանգուածաբար ընտրակաշառքի բաժանման եւ այդ նպատակով անձնագրերի կամ պատճէնների հաւաքման փաստերը, ինչի պերճախօս վկայութիւնն է, որ հակառակ այդ երեւոյթների համատարածութեան մէկ դէպք անգամ արձանագրուած չէ ոստիկանութեան կողմից:
Ոստիկանութեան գործողութիւններն անցեալում, ինչպէս նաեւ ներկայիս ժամանակաշրջանում ցոյց են տալիս, որ մենք գործ ունենք հիմնովին կոռումպացուած, ընտրակեղծիքների գործում հմտացած մի համակարգի հետ, որի հաւաստիացումները` օրինական ընտրութիւնների անցկացման մասին որեւէ վստահութիւն չեն ներշնչում:
Նման պայմաններում, մենք այնուամենայնիւ ելնելով ընտրութիւնների նկատմամբ հանրային վերահսկողութեան ամրապնդման նկատառումներից, առաջարկում ենք ՀՀ ոստիկանութեանը անցկացնել հետեւեալ աշխատանքը, որը կը նպաստի գալիք ընտրութիւնների նկատմամբ վստահութեան հաստատմանը.
- Հայ ազգային կոնգրէս կուսակցութիւնների դաշինքի կենտրոնական ընտրական շտաբին տրամադրել ՀՀ ոստիկանութեան անձնագրային եւ վիզաների վարչութեան կողմից վերջին մէկ տարուայ վիճակագրութիւնը` ըստ համայնքների տրամադրուած անձնագրերի եւ հաշուառման վերցուած քաղաքացիների վերաբերեալ,
- քրէական հետապնդում իրականացնել` ընտրակեղծիքների նպատակով բազմաթիւ մարդկանց մէկ հասցէում հաշուառած ՀՀ քաղաքացիների նկատմամբ,
- լայնածաւալ օպերատիւ-հետախուզական եւ քննչական միջոցառումներ իրականացնել ՀՀ տարածքում ընտրակաշառքի բաժանման դէպքերը բացայայտելու ու բացառելու ուղղութեամբ,
- լինելով ընտրողների ցուցակների կազմման, ուստի նաեւ դրանց ճշգրտութեան պատասխանատուն եւ օգտուելով օրէնքով ոստիկանութեանը վերապահուած բոլոր հնարաւորութիւններից ու միջոցներից` բնակչութեան պետական ռեգիստրից եւ ընտրացուցակներից հանել Հհ-ից մշտապէս բացակայող շուրջ 700.000 հազար քաղաքացիներին»: