Արթուր Բաղդասարեան. «Փոքր եւ միջին ձեռներէցութեան զարգացման խնդիրը պէտք է լինի պետութեան ուշադրութեան կ'ենտրոնում»
13-04-2012 18:06:55 | Հայաստան | Քաղաքական
Շարունակելով խորհրդարանական ընտրութիւնների քարոզարշաւի շրջանակներում սոցիալական տարբեր խմբերի հետ հանդիպումների շարքը` «Oրինաց երկիր» կուսակցութիւնն այսօր իր հերթական հանդիպումն անցկացրեց փոքր եւ միջին ձեռնարկատիրութեան ոլորտի ներկայացուցիչների հետ:
“Փոքր եւ միջին ձեռներէցութեան զարգացման խնդիրը գերակայ ուղղութիւն է եւ պէտք է լինի պետութեան ուշադրութեան կենտրոնում”,- իր ելոյթում ընդգծել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարեանը,-“Այն մարդիկ, ովքեր ստեղծում են բերք ու բարիք, պէտք է գտնուեն պետութեան մշտական հոգածութեան ներքո”: Արթուր Բաղդասարեանը ՓՄՁ ներկայացուցիչներին ներկայացրել է տնտեսութեան զարգացման գործընթացում կարեւորագոյն նշանակութիւն ունեցող այս ոլորտում լուրջ դրական տեղաշարժ ապահովող եւ օրէնսդրական եւ ինստիտուցիոնալ բնոյթի գործողութիւններ ներառող կուսակցութեան ծրագրերը եւ մօտեցումները:
Անզիջում պայքար ստուերային տնտեսութեան դէմ` որպէս պետական բիւջէի շեշտակի հարստացման միջոց, կոռուպցիայի դէմ հետեւողական պայքարի խորացում, որպէսզի բիւրոկրատական արգելքների արդիւնքում գործարարութեան ներուժ ունեցող եւ նախաձեռնող մարդիկ դուրս չմնան ասպարէզից, օլիգոպոլ տնտեսական համակարգի եւ արհեստական մենաշնորհների վերացում. այս սկզբունքների վրայ են խարսխուած “Օրինաց երկիր” կուսակցութեան նախընտրական ծրագրում տեղ գտած փոքր եւ միջին գործարարութեան զարգացմանը վերաբերող հիմնադրոյթները:
Ոլորտում առաջարկուող կոնկրէտ գործողութիւնները բազմաթիւ են` փոքր եւ միջին բիզնեսի ստեղծման արտօնեալ վարկաւորման համակարգի ներդրում, առաջին քայլերն անող ձեռնարկչին եւ նոր աշխատատեղեր ստեղծող ձեռնարկութիւններին համապատասխան հարկային արտօնութիւնների տրամադրման օրէնսդրօրէն ամրագրուած համակարգ, փոքր եւ միջին ձեռնարկութիւնների ստեղծման աջակցութեան նպատակային ծրագրերի իրականացում: Առաջարկւում է նաեւ եւրոպական երկրների փորձով Հայաստանում ներդնել գործարարների իրաւունքների պաշտպանի` տնտեսական օմբուդսմենի ինստիտուտը:
Այս ոլորտում եւս կուսակցութիւնը հանդէս է գալիս նորարարական մօտեցումներով, որոնք արդիւնաւէտօրէն կիրառւում են բազմաթիւ զարգացած երկրներում: Ըստ Արթուր Բաղդասարեանի` մանր եւ միջին գործարարութեան զարգացմանը խոչընդոտող լուրջ խնդիր է նախնական դրամական միջոցների եւ կապիտալի բացակայութիւնը: Այստեղ օգնութեան պէտք է գան պետական, խառը եւ մասնաւոր ֆինանսական երաշխիքային հիմնադրամները, որոնք բանկային երաշխիքներ կը տրամադրեն առաջին քայլերն անող ձեռնարկիչներին` գնահատելով նրանց ծրագրերի իրատեսականութիւնը եւ յետագայ մոնիտորինգի կ'ենթարկեն տնտեսվարող սուբյեկտի գործունէութեան արդիւնաւէտութիւնը: