Մաշտոցի պուրակում ստեղծուած դրութիւնը շարունակում է մնալ անփոփոխ
13-04-2012 20:03:02 | Հայաստան | Հասարակութիւն
Մաշտոցի պուրակում ինքնակամ շինութիւնների ապամոնտաժման աշխատանքները նախաձեռնող խումբը ապրիլի 13-ին հանդէս է եկել յայտարարութեամբ` վերահաստատելով իր վճռականութիւնը պուրակում օրէնքի գերակայութիւնը վերականգնելու գործում: Յայտարարութեան մէջ ասուած է.
«Մարտի 31-ից յետոյ` անցած երկու շաբաթուայ ընթացքում, բացայայտուեց, որ մեր պետութեան ու հանրութեան բոլոր կառոյցները (ներառեալ Երեւանի քաղաքապետարանը), ինչպէս նաեւ Հայ Առաքելական Եկեղեցին ընդունում են, որ իսկապէս անհրաժեշտ է վերջ տալ մեր քաղաքի ճարտարապետական միջավայրը եւ բնական ռեսուրսները մասնաւոր շահերի օգտին զոհաբերելու արատաւոր պրակտիկան:
Աբովեան փողոցից ապամոնտաժուած տաղաւարների սեփականատէրն իր հերթին յայտարարեց, որ ինքը ոչ մի կապ չունի Մաշտոցի պուրակում «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ-ի կողմից տաղաւարների տեղադրման թոյլտուութեան պայմանների ակնյայտ շեղումներով կառուցուած ինքնակամ շինութիւնների հետ:
Այնուհանդերձ, Մաշտոցի պուրակում ստեղծուած անօրինական եւ համայնքի շահերը ոտնահարող դրութիւնը շարունակում է մնալ անփոփոխ: Չնայած նրան, որ երկրում կրիմինալ իրավիճակն օր օրի սրւում է, եւ իրաւապահ մարմինների ծանրաբեռնուածութիւնը ընտրութիւնների անվտանգութիւնն ապահովելու գործում ակնյայտօրէն աճում է, ոստիկանութիւնը շարունակում է պահպանել Մաշտոցի պուրակի ինքնակամ շինութիւնները:
Ստեղծուած իրադրութիւնը վկայում է, որ երկրում Սահմանադրութիւնը երաշխաւորող մարմնի շարունակուող անգործութիւնն արդէն խնդիր է ստեղծում պետութեան ներքին անվտանգութեան համար:
Գիտակցելով այս աննորմալ իրադրութեանը վերջ տալու անհրաժեշտութիւնը` մենք ստիպուած ենք կրկին ցուցաբերել մեր վճռականութիւնը Մաշտոցի պուրակում օրէնքի գերակայութիւնը վերականգնելու գործում»: