7500 դեկորատիւ ծառ եւ աւելի քան 1000 մշտադալար թուփ է տնկուել Համաքաղաքային ծառատունկին


7500 դեկորատիւ ծառ եւ աւելի քան 1000 մշտադալար թուփ է տնկուել Համաքաղաքային ծառատունկին

  • 14-04-2012 16:16:04   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Համաքաղաքային շաբաթօրեակին եւ ծառատունկին ակտիւօրէն մասնակցելու Երեւանի քաղաքապետի կոչին արձագանքել են մայրաքաղաքում գործող բոլոր պետական եւ հասարակական կազմակերպութիւնները, բիզնես կառոյցները, առողջապահական, մշակոյթի եւ ուսումնական հաստատութիւնները, համատիրութիւններն ու ընդհանրապէս տասնյկակ հազարաւոր երեւանցիներ: Վերջիններս մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում վաղ առաւօտից, նախապէս համաձայնեցուած վայրերում, իրենց ուժերով իրականացրել են ինչպէս մաքրման եւ բարեկարգման, այնպէս էլ ծառատունկի աշխատանքներ: Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանը, Հայաստանում հաւատարմագրուած դիւանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ, Յաղթանակ զբօսայգու տարածքում առաւօտեան մասնակցել է ծառատունկի: Դիւանագէտները նշել են , որ Երեւանի քաղաքապետի այս նախաձեռնութիւնը կարեւոր ու գնահատելի է ոչ միայն բնապահպանութեան առումով, այլեւ ժողովուրդների բարեկամութեան եւս մէկ իւրօրինակ խորհրդանիշ է: Այնուհետ Տարօն Մարգարեանը մշտադալար թույաներ է տնկել Եռաբլուրում, ինչով , ըստ էութեան , դրուել է այստեղ նախատեսուող շուրջ 12 հեկտար տարածութեամբ անտառպուրակի հիմքը: Շէնգաւիթ վարչական շրջանում քաղաքապետը ծառեր է տնկել Շողակաթ հեռուստաընկերութեան յարակից այգում: Շաբաթօրեակի եւ ծառատունկի աշխատանքներն առաւել արդիւնաւէտ իրականացնելու նպատակով, Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանի յանձնարարութեամբ նշուած աշխատանքներում ներգրաւուած կազմակերպութիւններին տրամադրուել են համապատասխան գործիքներ ու աշխատանքի արդիւնաւէտ կազմակերպման այլ միջոցներ: Բոլոր վարչական շրջանների աշխատակազմերին եւս տրամադրուել են համապատասխան գործիքներ եւ յանձնարարուել է համատիրութիւնների միջոցով յատկապէս բակային տարածքներում մաքրման, բարեկարգման եւ ծառատունկի աշխատանքներն առաւել արդիւնաւէտ կազմակերպելու նպատակով բնակիչներին ապահովել անհրաժեշտ բոլոր գործիքներով եւ միջոցներով: Գարնանային ծառատունկի շրջանակում, Երեւանի բոլոր վարչական շրջաններում ապրիլի 14-ին տնկուել է շուրջ 7500 դեկորատիւ ծառ եւ աւելի քան 1000 մշտադալար թուփ: Ընդ որում, բակային տարածքներում նոյնպէս ծառատունկ իրականացնելու նպատակով, Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանի յանձնարարութեամբ, տնկիներ են տրամադրուել նաեւ համատիրութիւններին: Ծառատունկի համար քաղաքապետարանը տրամադրել է մայրաքաղաքի բնակլիմայական եւ էկոհամակարգին յատուկ համապատասխան տնկիներ: Յարկ է նշել, որ ծառատունկն իրականացւում է բացառապէս ոռոգելի տարածքներում: Ոռոգման ցանցի ընդլայնման նպատակով, Երեւէանի քաղաքապետարանի 2012թ. ծրագրով 16.000 գծամետր ոռոգման նոր ցանց կ'անցկացուի: Այս տարի ընդհանուր առմամբ նախատեսուած է մայրաքաղաքում աւելի քան 70.000 ծառ եւ թուփ տնկել, ինչը մօտ երկու անգամ աւելի է նախորդ տարուանից: Նախատեսւում է նաեւ զգալիօրէն աւելացնել մայրաքաղաքի սիզամարգերն ու ծաղկապատ տարածքները: Ծառերին ու մշտադալար թփերին զուգահեռ` մայրաքաղաքում այս տարի աւելի քան 1 միլիոն 600 հազար հատ բազմերանգ ծաղիկ կը տնկուի, ինչը երեք անգամ կը գերազանցի նախորդ տարուայ համանման ցուցանիշը: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնտց յայտնում են, որ ընդառաջելով շաբաթօրեակին ակտիւօրէն մասնակցելու Երեւանի քաղաքապետի կոչին, մայրաքաղաքում գործունէութիւն իրականացնող շինարարական կազմակերպութիւնները աղբի հաւաքման եւ տեղափոխման նպատակով տրամադրել են անհրաժեշտ մեքենամեխանիզմներ: Նշուած աշխատանքներում ընդհանուր առմամբ ներգրաւուել է 103 ինքնաթափ, 36 ամբարձիչ եւ 5 վերամբարձ կռունկ:
  -   Տնտեսութիւն