Կայացաւ Հայաստանի եւ Բելառուսի արտգործնախարարների հանդիպումը
16-04-2012 15:40:45 | Հայաստան | Քաղաքական
Ապրիլի 16-ին կայացաւ արտգործնախարար Էդուարդ Նալբանդեանի հանդիպումը պաշտօնական այցով Երեւանում գտնուող Բելառուսի ԱԳ Սերգեյ Մարտինովի հետ:
Ողջունելով հիւրին` նախարար Նալբանդեանը նշեց, որ երկու երկրների ղեկավարների ջանքերի շնորհիւ վերջին տարիներին հայ-բելառուսական յարաբերութիւնները զգալի զարգացում են ապրել համագործակցութեան տարբեր բնագաւառներում: Նախարար Նալբանդեանն ընդգծեց, որ առկայ են բոլոր նախադրեալներն երկկողմ յարաբերութիւնների առաւել ամրապնդման համար, եւ վստահութիւն յայտնեց, որ կողմերը յաւելեալ ջանքեր կը գործադրեն այդ ուղղութեամբ:
Նախարար Մարտինովը, շնորհակալութիւն յայտնելով Երեւան այցելելու հրաւէրի համար, իր հերթին եւս գոհունակութիւն յայտնեց երկկողմ յարաբերութիւնների բարձր մակարդակի եւ դինամիկ զարգացող համագործակցութեան առնչութեամբ:
Երկուստէք շեշտուեց, որ բարձր մակարդակի քաղաքական երկխօսութիւնը, փոխայցելութիւնները, խորհրդարանական կապերը, ապակենտրոնացուած համագործակցութիւնը, տնտեսական փոխգործակցութիւնը, մշակութային փոխանակումները հնարաւորութիւն են տալիս առաւել խորացնել երկու ժողովուրդների միջեւ բարեկամութիւնը:
Նախարարներն անդրադարձան երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների եւ նրանց կողմից տրուած յանձնարարականների կատարման ընթացքին:
Հայաստանի եւ Բելառուսի արտգործնախարարները քննարկեցին երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի լայն շրջանակ:
Էդուարդ Նալբանդեանն ու Սերգեյ Մարտինովը անդրադարձան երկկողմ առեւտրատնտեսական փոխգործակցութեանը, դրա դիւերսիֆիկացման հնարաւորութիւններին, տնտեսական համագործակցութեան միջկառավարական յանձնաժողովի աշխատանքներին:
Հայաստանի եւ Բելառուսի արտգործնախարարները քննարկեցին նաեւ մշակութային փոխանակումների առաւել ակտիւացման նպատակով ձեռնարկուելիք քայլերը:
Սերգեյ Մարտինովի խնդրանքով Էդուարդ Նալբանդեանը ներկայացրեց արցախեան հիմնախնդրի կարգաւորմանն ուղղուած բանակցութիւնների վերջին զարգացումները:
Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, հանդիպումից յետոյ Հայաստանի եւ Բելառուսի արտաքին գործերի նախարարները հանդէս եկան համատեղ մամուլի ասուլիսով: