ԿԸՀ նախագահն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելութեան շտաբի ղեկավար Եւգենի Սլոբոդային եւ նրա տեղակալ Օլեգ Կ'ուլեբային
16-04-2012 19:03:54 | Հայաստան | Քաղաքական
Հայաստանի կենտրոնական ընտրական յանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչեանն ապրիլի 16-ին ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելութեան շտաբի ղեկավար Եւգենի Սլոբոդային եւ նրա տեղակալ Օլեգ Կ'ուլեբային:
Ինչպէս «Նոյեան Տապան»-ին յայտնեցին ԿԸՀ մամլոյ ծառայութիւնից, Եւգենի Սլոբոդան ՀՀ կենտրոնական ընտրական յանձնաժողովի նախագահին է ներկայացրել ԱՊՀ դիտորդական առաքելութեան կազմը եւ գործունէութեան կազմակերպման սկզբունքները: Նրա փոխանցմամբ, առաքելութեան նպատակն է գնահատել ընտրութիւնների կազմակերպման եւ անցկացման ընթացքը, ընտրական մթնոլորտը եւ ընտրութիւններից յետոյ հանդէս գալ համապատասխան առաջարկութիւններով:
ՀՀ կենտրոնական ընտրական յանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչեանը, բարձր գնահատելով միջազգային դիտորդական առաքելութիւնների դերը ընտրական գործընթացներում, ընդգծել է վերջիններիս կողմից հրապարակուող` ընտրութիւնների վերաբերեալ զեկոյցների կարեւորութիւնը: Տիգրան Մուկուչեանը ԱՊՀ դիտորդական առաքելութեան շտաբի ղեկավարի խնդրանքով ներկայացրել է ընտրական օրէնսգրքի նոր կանոնակարգումները, նախընտրական քարոզչութեան ընթացքը եւ կենտրոնական ընտրական յանձնաժողովի կողմից իրականացուող ընտրութիւնների նախապատարաստական աշխատանքները:
Հանդիպման աւարտին Եւգենի Սլոբոդան յաջողութիւն է մաղթել ՀՀ կենտրոնական ընտրական յանձնաժողովին գալիք խորհրդարանական ընտրութիւնները նախապատրաստելու եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելու գործում: