Ընտրութիւնների ընթացքում` թէժ գիծ եւ 30 իրաւական շտապ օգնութիւն


Ընտրութիւնների ընթացքում` թէժ գիծ եւ 30 իրաւական շտապ օգնութիւն

  • 17-04-2012 12:12:19   | Հայաստան  |  Քաղաքական

Խորհրդարանական ընտրութիւններին ընդառաջ «քաղաքացիական հասարակութեան ինստիտուտէ ՀԿ–ն իրականացնում է «Ընտրութիւններ 2012» իրաւական նախաձեռնութիւնը` պաշտպանելու մարդկանց իրաւունքներն ընտրական գործընթացում: Ընտրական իրաւունքի խախտումների յայտնաբերման եւ անվճար իրաւական աջակցութիւն ցուցաբերելու նպատակով գործում է 080-080-804 թէժ գիծը: Քուէարկութեան օրը` մայիսի 6-ին, խախտման մասին ահազանգերին կ'արձագանքեն «Իրաւական շտապ օգնութեան»մեքենաները, որոնց կազմում կը լինեն մէկական լրագրող, դիտորդ եւ փաստաբան: Թէժ գծի միջոցով ստացուած ահազանգերի հիման վրայ մեքենաները կը մեկնեն դէպքի վայր` անհրաժեշտ իրաւական խորհրդատուութիւն եւ օգնութիւն տրամադրելու նպատակով: Ընտրութիւնների ընթացքում իրաւական նախաձեռնութեամբ «Քաղաքացիական հասարակութեան ինստիտուտը»հանդէս է գալիս 2007թ. խորհրդարանական ընտրութիւններից սկսած` մի խումբ հասարակական կազմակերպութիւնների հետ համատեղ: 2008 թ. ՀՀ նախագահական ընտրութիւնների ընթացքում 080-080-804 թէժ գծին ստացուել է մօտ 700 ահազանգ, որից 475-ը գրանցուել է միայն քուէարկութեան օրը: 70 ահազանգի դէպքում շտապ օգնութեան մեքենաները մեկնել են դէպքի վայր, իսկ մնացած ահազանգերին նախաձեռնութեան իրաւաբանները հեռախօսով խորհրդատուութիւն են տրամադրել: «մեր փորձը ցոյց է տալիս, որ բազմաթիւ ընտրական տեղամասերում խախտումների տարբեր դրսեւորումները կանխուել են միայն «Իրաւական շտապ օգնութեանէ խմբի ներկայութեան փաստի շնորհիւ»,- ասում է «Քաղաքացիական հասարակութեան ինստիտուտ. ՀԿ նախագահ Արման Դանիէլեանը: «Ընտրութիւններ 2012» իրաւական նախաձեռնութեան շրջանակում ՔՀԻ-ն, ինչպէս նախորդ տարիներին, այնպէս էլ այս տարի ակտիւօրէն համագործակցելու է զանգուածային լրատուամիջոցների հետ: Այս տարի «Ընտրութիւններ 2012» իրաւական նախաձեռնութիւնում ներգրաւուած են 90-ից աւելի լրագրողներ, իրաւաբաններ եւ դիտորդներ: Ինչպէս յայտնում են Քաղաքացիական հասարակութեան ինստիտուտ ՀԿ-ից, գործելու է 30 իրաւական շտապ օգնութեան մեքենայ. 7-ը շրջելու է Երեւանում, իսկ մնացած 23–ը` Հայաստանի մարզերում: «Ընտրութիւններ 2012»իրաւական նախաձեռնութիւնը չի հարում ոչ մի քաղաքական ուժի, չունի քաղաքական նախասիրութիւններ եւ իր օժանդակութիւնը պատրաստ է հաւասար պայմաններով տրամադրել ցանկացած ՀՀ քաղաքացու եւ բոլոր քաղաքական ուժերին` պահպանելով անաչառութիւնը, տրամադրուող ծառայութիւնների բարձր որակը եւ քաղաքական չէզոքութիւնը:
  -   Քաղաքական