Ալեքսանդր Մանթաշով. «Պապս հպարտ կը լինէր, որ իր արձանը, որպէս մի մասունք իրենից, Երեւանում է տեղադրւում»
18-04-2012 12:59:26 | Հայաստան | Հասարակութիւն
Տարոն Մարգարեանը հիւրընկալել է Ալեքսանդր եւ Միքայէլ Մանթաշովներին:
Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանի հրաւէրով Երեւան են ժամանել հայազգի մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշեանցի թոռը` Ալեքսանդր Մանթաշովը ու նրա որդին` Միքայէլ Մանթաշովը` մասնակցելու բարերարի արձանի բացման արարողութեանը: Տարօն Մարգարեանը Մանթաշովներին հիւրընկալել է Երեւանի քաղաքապետարանում եւ շնորհակալութիւն յայտնել հիւրերին` հրաւէրն ընդունելու համար: <<Ալեքսանդր Մանթաշեանցին ողջ հայ ժողովուրդն է ճանաչում որպէս բարերարի ու մեծ հայրենասէրի: Մեծահարուստներ շատ է ունեցել հայ ժողովուրդը, բայց Մանթաշեանցը այն քչերից է, ում հայերս առիթ ունենք երախտապարտ լինելու հայրենանուէր գործունէութեան համար: Մեզ համար պատիւ է Երեւանի ամենապատմական փողոցում Մանթաշեանցի արձանը կանգնեցնելը: Վստահ եմ, որ երեւանցիները մեծ հպարտութեամբ կ'ընդունեն մեծանուն բարերարի արձանը>>,- նշել է քաղաքապետը:
Ալեքսանդր Մանթաշովը ողջ ընտանիքի անունից շնորհակալութիւն է յայտնել քաղաքապետին` այս նախաձեռնութեան համար: <<Պապս ապրել է Թբիլիսիում, մահացել է Սանկտ-պետերբուրգում եւ վստահ եմ, որ հպարտ կը լինէր, որ իր արձանը, որպէս մի մասունք իրենից, Երեւանում է տեղադրւում>>,- ասել է Ալեքսանդր Մանթաշովը:
Քաղաքապետը փարիզաբնակ Մանթաշովներին հրաւիրել է յաճախ այցելել Երեւան: <<Երրորդ անգամ եմ Երեւանում. առաջին անգամ 1973 թուականին են այցելել` Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաւէրով. երկրորդ անգամ 10 տարի առաջ եմ եղել Երեւանում: Ուրախ եմ տեսնել, որ Երեւանը այսքան գեղեցկացել եւ զարգացել է. շատ գեղեցիկ քաղաք է: Բնակիչներն էլ էներգիայով լեցուն են եւ կարծում եմ կ'օգնեն Ձեզ` քաղաքի շարունակական զարգացման գործում>>,- ընդգծել է Ալեքսանդր Մանթաշովը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից յայտնում են, որ տարոն Մարգարեանը եւ Ալեքսանդր ու Միքայէլ Մանթաշովները ապրիլի 18-ին, ժամը 17:00-ին մասնակցելու են Աբովեան փողոցում Ալ. Մանթաշեանցի արձանի բացման արարողութիւնը: