Հայը ապրելու է, ու իր խոսքն է ասելու համայն մարդկությանը


Հայը ապրելու է, ու իր խոսքն է ասելու համայն մարդկությանը

  • 18-04-2012 15:54:09   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
Հայոց Մեծ Եղեռնի՝ Հայոց Ցեղասպանութեան 97-րդ տարելիցին ընդառաջ՝ «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում աւելի քան 800 աշակերտներ յարգեցին Հայոց Մեծ Եղեռնի նահատակների յիշատակը: «Թուրքիան չյաջողեց իրականացնել իր ազգայնամոլ նպատակները, հայը ապրեց՝ ի հեճուկս նրանց եւ ապրելու է ու իր խօսքն է ասելու համայն մարդկութեանը: «Մենք՝ հայ պատանիներս ու երիտասարդներս, պահանջում ենք, որ Թուրքիայի պետութիւնը վերջ դնելով իր քաղաքական խաղերին՝ քաջութիւնն ունենայ ստանձնելու իր նախնիների միջոցով կատարւած Ցեղասպանութեան պատասխանատւութիւնը, ինչպէս որ բազմաթիւ թուրք մտաւորականներ ընդունելով Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը՝ ներողութիւն խնդրեցին հայ ժողովրդից: Մենք՝ հայ աշակերտներս, խոստանում ենք, որ չենք դադարելու պայքարելուց, քանի դեռ չեն իրականացել հայ ժողովրդի արդար իրաւունքները եւ Հայ Դատն իր արդարացի լուծումը չի ստացել»: Թ. Հ. Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Հայոց Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցը նշող Կենտրոնական յանձնախմբի ծրագրերի շարանում երէկ՝ ապրիլի 17-ին, Թեհրանի հայոց դպրոցների ուղեցոյց օղակի աշակերտները կրկին համախմբւել էին «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում՝ ոգեկոչելու Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը եւ իրենց պահանջատիրութեան ձայնը միացնելու համայն հայութեան պահանջատիրական ձայնին: Ձեռնարկը կազմակերպւել էր Թ. Հ. Թ. Կրթական խորհրդին կից Մշակութային յանձնախմբի կողմից: Ամենամեայ արդէն իսկ աւանդութիւն դարձած միջոցառում Հայոց Մեծ Եղեռնի տարելիցին ընդառաջ՝ ծաղիկների մատուցման հոգեպարար արարողութիւնը, որին յաջորդեցին՝ ասմունքներն ու կինոժապաւէնի ցուցադրումը: Ազգային-յեղափոխական երգերի տպաւորիչ ելոյթով հանդէս եկան Թեհրանի հայոց «Արաքս» աղջ. կրթահամալիրի ուղ. օղակի բոլոր աշակերտները՝ ղեկավարութեամբ Մեղեդի Նազարեանի: Աչալուրջ ու գիտակից պահւածքով մեր աշակերտները հետեւեցին ողջ ծրագրի ընթացքին: Նրանք բարձրակոչ կարգախօսներով խոստացան, որ չեն դադարելու պայքարելուց, քանի դեռ իրականութիւն չեն դարձել ժողովրդիս ոտնահարւած իրաւունքների արդարացի հանգուցալուծումները եւ արդիւնքում՝ Հայ Դատը իր արդարացի լուծումը չի ստացել: Ծրագիրը վարեցին, ասմունքեցին եւ երգեցին իրենք՝ աշակերտները: Վերջում աշակերտների համար ելոյթ ունեցան երիտասարդներից կազմւած նւագախմբերը՝ Արմէն Ասատրեանը, Ռոնի Բաբախանեանցը, Դերենիկ Սարգսեանը, Վահագն Սարգսեանը, Ստիւ Աւանէսեանը, Արմէն Բանդարին, Արամէ Բանդարին, Թէոդիկ Բաղդասարեանը եւ Քրիստ Մինասեանը: Մեներգեցին՝ Անի Արզումանեանը, Ստիւ Աւանէսեանը եւ Վահագն Սարգսեանը: «Սարդարապատ» երգով աշակերտները եզրափակեցին բողոքի համահաւաքը: Այսօր առաւօտեան միջնակարգ օղակի աշակերտներն իրենց յարգանքի տուրքը մատուցեցին բիւր նահատակների յիշատակին, որի մասին առաւել մանրամասն՝ մեր վաղւայ անդրադարձում: «Ալիք» օրաթերթ
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը