Համատեղ ջանքեր երեխաների իրաւունքների պաշտպանութեան ուղղութեամբ


Համատեղ ջանքեր երեխաների իրաւունքների պաշտպանութեան ուղղութեամբ

  • 18-04-2012 17:49:50   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը եւ հհ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորեանն ապրիլի 18-ին ստորագրել են համատեղ հրաման, որի անհրաժեշտութիւնը բխում է Հայաստանի Հանրապետութեան եւ Եւրոպական Միութեան միջեւ ստորագրուած "Հայաստան–պարէնային ապահովութեան ծրագիր 2010" ծրագրից: ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարը, կարեւորելով համատեղ աշխատանքը եւ համալիր մօտեցումը, նշել է. "Երեխաների իրաւունքների պաշտպանութեան ուղղութեամբ կառավարութեան քայլերը համալիր լուծումներ են պահանջում: Գաղտնիք չէ, որ յատուկ դպրոցներում սովորող երեխաներն ունեն խնդիրներ: Կը համատեղենք երկու նախարարութիւնների ջանքերը` ամէն խնդրի հետեւում տեսնելու կոնկրէտ երեխային` իր առանձնայատկութիւններով եւ իրաւունքներով": Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը նշեց, որ համատեղ հրամանով նախատեսւում է ստեղծել աշխատանքային խումբ, որը սահմանուած ժամկէտում կը կատարի ուսումնասիրութիւններ` պարզելու յատուկ հանրակրթական ուսումնական հաստատութիւններում գտնուող երեխաների կրթական եւ սոցիալական կարիքները, որոնց հիման վրայ կը մշակուեն երեխաների սոցիալական պաշտպանութեանն ուղղուած ծրագրեր: Որպէս հիմնական խնդիր երկու նախարարները նշել են սոցիալական պատճառներով յատուկ հաստատութիւններում կրթութեան առանձնայատուկ կարիք չունեցող երեխաների առկայութիւնը, ինչը պէտք է յայտնաբերուի եւ բացառուի: Ուսումնասիրութիւնների արդիւնքում կը մշակուի "Կրթութեան առանձնայատուկ կարիք ունեցող երեխաների համար Հայաստանի Հանրապետութեան յատուկ հանրակրթական ուսումնական հաստատութիւններում միասնական կառավարում եւ դրանցում խնամուող երեխաների սոցիալական պաշտպանութիւնն ապահովող գործողութիւնների ծրագիրը", որը եւս կը հաստատուի նախարարների համատեղ հրամանով: Հայաստանի Հանրապետութիւնում շուրջ 2800 երեխայ գտնւում է 23 յատուկ հանրակրթական ուսումնական հաստատութիւնում:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ