Թոյլատրուել է բացառապէս ինքնահոս եղանակով հաշուառուած ոռոգման ջուրը մատակարարել առանց շահոյթ ձեւաւորելու


Թոյլատրուել է բացառապէս ինքնահոս եղանակով հաշուառուած ոռոգման ջուրը մատակարարել առանց շահոյթ ձեւաւորելու

  • 19-04-2012 14:42:41   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Ապրիլի 19-ի նիստում կառավարութիւնը գիւղացիական տնտեսութիւններին աջակցելու նպատակով «Սեւան-Հրազդանեան ջրառ», «Դեբեդ-Աղստեւ-ջրառ» եւ «Ախուրեան-Արաքս-ջրառ» ՓԲ ընկերութիւններին թոյլատրել է մինչեւ 2012 թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատուածը ոռոգելի աղակալած հողերի լուացման եւ խոնաւալիցք հաղորդելու համար բացառապէս ինքնահոս եղանակով հաշուառուած ոռոգման ջուրը մատակարարել առանց շահոյթ ձեւաւորելու: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, 2012 թ. մայիս ամսուայ ընթացքում գետերի վարարման հետեւանքով հեղեղումը կանխելու հետ կապուած նոյն ընկերութիւնները գետերի վարարումը մայր ջրանցքների միջոցով բեռնաթափելու ժամանակ ոռոգման ջուրը ջրօգտագործողների ընկերութիւններին կը մատակարարեն առանց հասոյթ ձեւաւորելու: Ջրօգտագործողների ընկերութիւններին առաջարկուել է վերը նշուած դէպքերում (բացառութեամբ մեխանիկական եղանակով մատակարարուող ջրի) մինչեւ 10 հեկտար հողատարածք ունեցող ջրօգտագործողներին ոռոգման ջուրը մատակարարել անհատոյց: Մէկ այլ որոշման փոփոխութեամբ գործադիրը, ընդառաջելով Արարատի մարզպետի դիմումին, որով հրաժարուել էր մարզին յատկացուած դիզելային վառելանիւթի որոշակի քանակութիւնից, 500 տոննա վառելանիւթը յատկացրել է Սիւնիքի մարզին: Ընդհանուր առմամբ, նախատեսուած է հողօգտագործողներին մատչելի գնով դիզելային վառելանիւթի ձեռքբերման ծրագրով բաշխել 12 հազար 600 տոննա վառելանիւթ: ՀՀ կառավարութիւնը հաստատել է «2012-2014 թթ. գիւղատնտեսական կենդանիների հիւանդութիւնների լաբորատոր ախտորոշման եւ կենդանական ծագում ունեցող հումքի եւ նիւթի, բոյսերի կարանտինի, մշակաբոյսերի պաշտպանութեան միջոցների լաբորատոր փորձաքննութեան իրականացումէ ծրագիրը: Իր աւելի վաղ ընդունած որոշումներից մէկի փոփոխութեամբ կառավարութիւնը կարգաւորել է անասնաբուժական պետական հսկողութեան ենթակայ բեռների եւ սննդամթերքի ներմուծման փուլում սահմանային պետական վերահսկողութիւնը: Այս առնչութեամբ վարչապետը նշել է, որ 2012 թուականին այս ծրագրերն իրականացւում են պայուստային ֆոնդից միջոցներ յատկացնելով: «Ըստ էութեան, սրանք մեզ համար պիլոտային ծրագրեր էին, որոնք ցոյց տուեցին իրենց արդիւնաւէտութիւնը, - ասել է Տիգրան Սարգսեանը: - Մենք արդէն քննարկում ենք միջնաժամկէտ ծախսային ծրագիրը եւ դրանից անմիջապէս յետոյ պէտք է կազմենք 2013 թուականի պետական բիւջէի նախագիծը»: Վարչապետը ՀՀ գիւղատնտեսութեան նախարարին յանձնարարել է, որպէսզի նա մէկ ամսուայ ընթացքում կառավարութեան հաստատմանը ներկայացնի ծրագիր, որը կը ներառի գիւղատնտեսութեան օժանդակութեան բոլոր մեխանիզմները: «Դրայ նպատակն այն է, որ 2013-ի բիւջէն կազմելիս մենք ունենանք յստակ ծրագիր եւ դրանով էլ կարողանանք հաշուարկները կատարել, թէ ինչ ծաւալի օժանդակութիւն ենք ցուցաբերելու գիւղատնտեսութեանը, որպէսզի արդէն 2013-ի բիւջէի նախագծում այդ տողն առանձին նախատեսենք, այլ ոչ թէ պայուստային ֆոնդից միջոցներ վերցնենք», - շեշտել է կառավարութեան ղեկավարը: Կառավարութիւնը որոշել է Գերմանիայի միջազգային համագործակցութեան ընկերութեան «Համայնքների զարգացման խրախուսում» եւ «Համայնքային տնտեսական զարգացում» ծրագրերի գոյքը յանձնել նշուած ծրագրերի գործընկեր կազմակերպութիւններին եւ համայնքներին, ինչը կը նպաստի դրանց տեխնիկական ապահովուածութեանը, ՏԻՄ-երում էլեկտրօնային համակարգերի ներդրմանն ու միասնական տեղկատուական տարածութեան ձեւաւորմանը: Գործադիրն ի գիտութիւն է ընդունել ՀՀ կառավարութեան աշխատակազմի ղեկավարի զեկուցումը ՀՀ կառավարութեան 2012 թ. յունուարի 12-ի ՀՀ կառավարութեան 2012 թ. գործունէութեան միջոցառումների ծրագիրը եւ գերակայ խնդիրները հաստատելու որոշման (01.01.2012 – 31.03.2012 թթ. ժամանակահատուածում) յանձնարարականների կատարման տեղեկանքը: Կատարման ենթակայ 19 կէտից 2012 թ. ապրիլի 11-ի դրութեամբ կատարուել է 18-ը կամ 94.7 տոկոսը: Նիստում ի գիտութիւն է ընդունուել ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման յանձնաժողովի 2011 թ. ընթացքում իրագործուած ծրագրերի մասին հաղորդումը, որի համաձայն նման ծրագրեր է իրականացրել միջազգային եւ հանրապետական 144 կազմակերպութիւն: Մեծածաւալ ծրագրեր են իրականացրել «Տաշիր» բարեգործական հիմնադրամը (5.29 մլրդ դրամ), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը (4.01 մլրդ դրամ) եւ այլ կազմակերպութիւններ: Գործադիրը նախկինում ընդունած իր որոշումներից երկուսը ճանաչել է ուժը կորցրած, ինչը կը նպաստի ընդերքօգտագործման ոլորտի օրէնսդրական դաշտի կարգաւորմանը եւ իրաւայարաբերութիւնների յստակեցմանը: Մէկ այլ որոշման ընդունման արդիւնքում ՀՀ բնապահպանութեան նախարարութիւնն իրեն վերապահուած գործառոյթները կ'իրականացնի «Ընդերքի մասին» ՀՀ օրէնսգրքով սահմանուած լիազօրութիւնների շրջանակում:
  -   Տնտեսութիւն