Քոււեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլեանին ընդունել է Քոււեյթի Պետութեան վարչապետը
19-04-2012 15:55:18 | | Քաղաքական
Ապրիլի 18-ին Քոււեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլեանին ընդունել է Քոււեյթի Պետութեան վարչապետ շէյխ Ջաբեր ալ-Մուբարաք ալ-Համադ ալ-Սաբահն: Հանդիպման սկզբում Քոււեյթում ՀՀ դեսպանը շէյխ Ջաբեր ալ-մուբարաքին է փոխանցել հայաստանի Հանրապետութեան վարչապետի եւ կառավարութեան ջերմ ողջիւններն ու բարեմաղթանքները:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-քոււեյթեան համագործակցութեան ներկայ ընթացքին եւ երկու բարեկամ պետութիւնների միջեւ յարաբերութիւնների յետագայ խորացման եւ ընդլայնման հեռանկարներին:
Վարչապետ Ջաբեր ալ-Մուբարաքն իր գոհունակութիւնն է յայտնել երկկողմ յարաբերութիւնների ներկայ մակարդակից եւ նշել, որ Քոււեյթի Պետութիւնը մտադիր է էլ աւելի խթանել փոխշահաւէտ գործակցութիւնը մշակոյթի, կրթութեան եւ գիտութեան, առեւտրատնտեսական, այդ թւում` ներդրումների խրախուսման եւ ենթակառուցուածքների ոլորտներում: Վարչապետը կարեւորել է նաեւ հայ-քոււեյթեան միջկառավարական տնտեսական համատեղ յանձնաժողովի գործունէութիւնը` որպէս առեւտրատնտեսական յարաբերութիւնների զարգացման կարեւորագոյն բաղադրիչ:
Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, կողմերն արձանագրել են նաեւ Հայաստանում քոււեյթի Պետութեան դեսպանութեան գործունէութեան արդիւնաւէտութիւնը` նշելով, որ այն նոր լիցք կը հաղորդի երկկողմ պայմանաւորուածութիւնների ձեռքբերմանն ու իրականացմանը: