Ընտրութիւնների ժամանակ գործելու են «իրաւաբանական շտապօգնութիւններէ. Արտակ Կիրակոսեան
19-04-2012 13:21:05 | Հայաստան | Քաղաքական
Ընտրութիւնների ժամանակ գործելու են «իրաւաբանական շտապօգնութիւններէ եւ ըստ էութեան հասարակական կազմակերպութիւններն իրականացնելու են ընտրախախտումների դէմ կանխարգելիչ միջոցառումներ, «Նոյեան Տապան» մամուլի սրահում ապրիլի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը խօսելով գալիք խորհրդարանական ընտրութիւններում ընտրական խախտումների կանխարգելման միջոցառումների մասին` նշեց «Քաղաքացիական հասարակութեան ինստիտուտ» հասարակական կազմակերպութեան նախագահ Արտակ Կիրակոսեանը:
Բանախօսի խօսքերով, 2007թ.-ին «Իրաւաբանների ընկերակցութիւն» կազմակերպութեան մօտ առաջացաւ այդ գաղափարը` ընտրախախտումները կանխարգելելու եւ քաղաքացիներին իրաւաբանական օգնութիւն ցուցաբերելու համար:
Նա տեղեկացրեց, որ «Իրաւաբանական շտապօգնութեան» աշխատակիցները շրջելու են ընտրատեղամասերում եւ ֆիքսելու են ընտրախախտումները` փորձելով դրանք կանխարգելել:
«Մեր մեքենաներից 7-ը լինելու են Երեւանում եւ շրջելու են ամբողջ քաղաքով եւ ընտրախախտման մասին ահազանգ ստանալու պարագայում շտապելու են դէպքի վայր»,- ասաց Ա.Կիրակոսեանը,- «Ամբողջ հանրապետութիւնով այս անգամ ունենալու ենք 30 այդպիսի շտապօգնութեան մեքենաներ եւ իրենց հետ շրջելու են փաստաբանները եւ լրագրողները` հեռուստատեսութիւնը, որոնք ապահովելու են աշխատանքի թափանցիկութիւնը»:
Ըստ հկ-ի նախագահի, «Քաղաքացիական հասարակութեան ինստիտուտ» -ը համագործակցում է այլ իրաւաբանական ծառայութիւն մատուցող կազմակերպութիւնների ու դիտորդների հետ եւ ընտրութիւնների ժամանակ նրանք փոխօգնութեան են գալու միմեանց` ընտրախախտումների դէմ պայքարելու համար: