Արմէն Աշոտեան. «Պետութիւնը պարտաւոր է ստեղծել համապատասխան պայմաններ` որակեալ կրթութիւն ստանալու համար»
23-04-2012 17:02:42 | Հայաստան | Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանն այսօր ընդունել է Լոռու մարզի Սարամէջ համայնքի "Այգ" մանկապատանեկան ակումբի "Քաղաքացիական կրթութիւն եւ իրաւունք" խմբի սաներին, որոնք միաժամանակ ներկայացնում էին Սարամէջ համայնքի միջնակարգ դպրոցի 8-12 դասարանների աշակերտներին: Նախարարի եւ դպրոցականների միջեւ բռնուած անմիջական զրոյցի ընթացքում Արմէն Աշոտեանը վերջիններիս կոչ է արել լաւ սովորել` չմոռանալով, ի հարկէ, պարտականութիւնների մասին: "Որպէս աշակերտ` ձեր պարտականութիւնն է նախ լաւ սովորել, դրսեւորել լաւ վարքագիծ եւ կայանալ որպէս Հայաստանի Հանրապետութեան լաւ քաղաքացիներ: Դա մեր կողմից ձեզ առաջադրուած պահանջն է, իսկ պետութիւնը պարտաւոր է ստեղծել համապատասխան պայմաններ` որակեալ կրթութիւն ստանալու համար, այն է` նոր դասագրքեր, լաբորատորիաներ, համակարգչային սարքաւորումներ",-նշել է նախարարը` աշակերտներին առաջարկելով նաեւ ստեղծել իւրօրինակ փոխօգնութեան յանձնախումբ` աջակցութեան կարիք ունեցող մերձաւոր ընկերներին օգնելու նպատակով:
Դպրոցականները նախարարին իրենց մտահոգութիւնն են յայտնել Սարամէջի միջնակարգ դպրոցի մասնաշէնքի բարեկարգման, մարզադահլիճի եւ համապատասխան լաբորատորիաների բացակայութեան հիմնախնդիրների վերաբերեալ: Արմէն Աշոտեանը խոստացել է դիմել "Փիւնիկ" բարեգործական հիմնադրամին` դպրոցին քիմիայի, կենսաբանութեան եւ ֆիզիկայի լաբորատորիաներ նուիրելու խնդրանքով:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ քաղաքացիական դաստիարակութեան, երեխայի իրաւունքների, Երեւանը` Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակուելու համատեքստում մարզային միջոցառումների անհրաժեշտութեան, ինչպէս նաեւ դպրոցական օլիմպիադաների, ընդունելութեան քննութիւնների եւ գիւղական համայնքներում երիտասարդների յետագայ աշխատանքի վերաբերեալ խնդիրներին: