Ռուբեն Մելքոնեան. Հայոց ցեղասպանութեան զուտ ճանաչողական փուլից հատուցման փուլին անցնելու ժամանակն է


Ռուբեն Մելքոնեան. Հայոց ցեղասպանութեան զուտ ճանաչողական փուլից հատուցման փուլին անցնելու ժամանակն է

  • 23-04-2012 17:50:32   | Հայաստան  |  Քաղաքական

Հայոց ցեղասպանութեան զուտ ճանաչողական փուլից հատուցման փուլին անցնելու ժամանակն է: Այս մասին լրագրողների հետ ապրիլի 23-ի հանդիպմանը յայտարարել է թուրքագէտ Ռուբեն Մելքոնեանը: Դրա համար, ըստ նրա, պետութիւնը, գիտնականներն ու վերլուծաբանները պէտք է էլ աւելի ինտենսիւօրէն զբաղուեն Հայոց ցեղասպանութեան բարոյական, մշակութային վնասների արձանագրմամբ ու դրանց փոխհատուցման ուղղութեամբ կոնկրէտ առաջարկներ մշակեն: «Մենք եթէ շարունակ կառչած մնանք, էլ աւելի շատացնենք այն երկրների, քաղաքների կամ նահանգների թիւը, որոնք ուղղակի իրենց խորհրդարաններում կը ճանաչեն Ցեղասպանութիւնը, կարծում եմ, արդէն մենք կը գնանք որոշակի լճացման: Արդէն նոր քայլեր անելու ժամանակն է»,- նշել է Ռուբեն Մելքոնեանը, յաւելելով, որ, մասնաւորապէս, իր համար Անիի պատմամշակութային ժառանգութեան պահպանման հարցը ներառելու փաստն աւելի կարեւոր է, քան ԱՄՆ-ի հերթական նահանգի կողմից Ցեղասպանութեան փաստի ճանաչումը: Թուրքագէտը գտնում է, որ Թուրքիան մեծ տեղ է յատկացնում թուրք գիտնականների իբր «Գիտական վերլուծութիւններին», ըստ Ռ.Մելքոնեանի, վերջին ամիսների ընթացքում աւելացել են այն գիտնականների աշխատանքները, վերլուծութիւնները, միջազգային կոնֆերանսներին ելոյթները, որոնք ժխտում են Հայոց ցեղասպանութիւնը, ինչը լրջօրէն ֆինանսաւորւում է թուրքական պետութեան կողմից: Ռ.Մելքոնեանը գտնում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս տարի էլ չի արտասանի «Ցեղասպանութիւն» բառը, նա նորից կ'օգտագործի «Մեծ եղեռն» եզրոյթը:
  -   Քաղաքական