Հայաստանում կաթի մթերման գներն ունեն սեզոնային պայմանաւորուածութիւն


Հայաստանում կաթի մթերման գներն ունեն սեզոնային պայմանաւորուածութիւն

  • 23-04-2012 18:11:50   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Մեր հանրապետութիւնում կաթի մթերման գներն ունեն սեզոնային պայմանաւորուածութիւն եւ հակադարձ համեմատական են կաթի արտադրութեան ծաւալների հետ: Իսկ կաթի արտադրութեան ծաւալները խիստ տատանւում են տարուայ տարբեր ամիսներին: Կաթի ամենաքիչ քանակութիւնը ստացւում է դեկտեմբեր-յունուար ամիսներին` ամսական 18-20 հազարական տոննա (օրական` 600-650 տոննա), իսկ ամենաշատ քանակութիւնը` ապրիլ-յունիս (առաւելագոյնը` մայիսին) ամիսներին` ամսական 77-80 հազար տոննա (օրական` 2200-2300 տոննա): Մեր հանրապետութիւնում կովերի ծինը հիմնականում տեղի է ունենում յունուար-մարտ ամիսներին, կովերը կթւում են 10 ամիս, ապա 2 ամիս ցամաքում: Ծնից յետոյ, սկզբի 2-3 ամիսներին կաթի յուղայնութիւնը ցածր է` 3.0-3.4 %, ապայ հասնում է 3.5-3.6 %, իսկ աշնան ամիսներին` 3.8 % եւ աւելի: Միջին իւղայնութիւնը կազմում է 3.8 %: Կաթի իւղայնութիւնը համեմատաբար ցածր է նաեւ արօտային շրջանին անցնելիս, երբ կովերը սկսում են կերակրուել արօտականաչով: Կաթի գինը սահմանւում է 3.6 % բազիսային իւղայնութեան հաշուով: Եթէ իւղայնութիւնը 3.6 %-ից ցածր է, ապա կաթի գինը նուազում է , եթէ 3.6 %-ից բարձր է, ապա աւելանում է: Սովորաբար աշնան երկրորդ կէսից եւ ձմռան ամիսներին, երբ կաթի քանակութիւնը նուազում է, կաթի մթերման գինը բարձրանում է (1 կգ, 3.6 % իւղայնութեամբ` 170-180 դրամ ), իսկ մարտից գները սկսում են նուազել եւ ամենացածրին հասնում` մայիսին: ՀՀ գիւղատնտեսութեան նախարարութեան մասնագէտների ուսումնասիրութիւնները ցոյց են տալիս, որ ներկայումս հանրապետութիւնում արտադրուող անարատ կաթի ամենացածր իւղայնութիւնը կազմում է 3.2 %, ինչը նշանակում է, որ 3.6 % իւղայնութեամբ 150 դրամ մթերման գնի դէպքում, 3.2 % իւղայնութեամբ կաթի վերահաշուարկման արդիւնքում 1 կգ կաթի մթերման գինը կը կազմի գրեթէ 135 դրամ: Իսկ եթէ կաթի իւղայնութիւնը բազիսային իւղայնութիւնից բարձր է եւ կազմում է 4 %, ապա 1 կգ-ը 150 դրամ մթերման գնի դէպքում 1 կգ կաթի վերահաշուարկուած գինը կը կազմի 167 դրամ: Աշնան ամիսներին, կաթի արտադրութեան ծաւալների նուազման հետեւանքով վերամշակող ձեռնարկութիւնները կաթի մթերման գները կը բարձրացնեն 10-15 % եւ 1 կգ 3.6 % իւղայնութեամբ կաթի մթերման գինը կը կազմի 165-170 դրամ: Այսպիսի գնի դէպքում, 4 % իւղայնութեամբ կաթի 1 կը գ-ի վերահաշուարկուած գինը կը կազմի 185-190 դրամ, իսկ 4.2 % եւ բարձր իւղայնութեամբ կաթի գինը` գրեթէ 200 դրամ: հհ ԳՆ մամուլի ծառայութունից յայտնում են, որ ըստ սահմանուած կարգի, միջնորդները պէտք է կաթը ընդունեն փաստացի իւղայնութեամբ, ուստի ֆերմերները պէտք է պահանջէն, որպէսզի կաթը ընդունելիս անպայման որոշուի կաթի իւղայնութիւնը: Ի դէպ, միջնորդները (կաթ հաւաքօղները) կաթը մթերելիս կաթի իւղայնութիւնը չեն որոշում եւ կամայական են սահմանում իւղայնութիւնը, ինչն էլ առաջացնում է ֆերմերների դժգոհութիուն:
  -   Տնտեսութիւն