ՀՀԿ ԳՄ. Մայիսի 7-ին շնորհաւորենք իրար նաեւ նոր որակի ընտրութիւնների կապակցութեամբ
23-04-2012 17:36:41 | Հայաստան | Քաղաքական
Իշխող Հանրապետական կուսակցութիւնը փոփոխութիւնները սկսում է ոչ թէ ընտրութիւններից յետոյ, այլ հէնց հիմա: ՀՀԿ բոլոր անդամներին ուղղուած ՀՀԿ գործադիր մարմնի ուղերձում նշւում է, որ ՀՀԿ ԳՄ-ն հաստատել է ընտրութիւնների ժամանակ քաղաքակիրթ մրցակցութիւնն ապահովող կանոններ, քանի որ խորապէս համոզուած է, որ Հհկ-ն պէտք է առաջինը կատարէր այդ քայլը: «Լաւ գիտակցելով, որ ոչ բոլոր կուսակցութիւնները կը միանան դրան, մենք, միեւնոյն է, գնացինք այդ քայլին եւ հաւատարիմ ենք մնալու մեր որոշմանը: Հայաստանում ապրող բոլոր սերունդները` ահել թէ ջահէլ, պատմական պարտաւորութիւն ունեն արմատաւորելու քաղաքակիրթ հանրութեանը վայել ընտրական աւանդոյթներ»,- նշւում է ուղերձում:
ՀՀԿ գործադիր մարմինը յիշեցնում է, որ յիշեալ կանոնները կոչուած են ապահովելու ընտրական գործընթացի մասնակիցների քաղաքակիրթ մրցակցութիւնը` ընտրութիւնների ազատ եւ արդար անցկացման նպատակով, ինչպէս նաեւ ընտրութիւնների նկատմամբ հանրային վերահսկողութիւնը:
1. Ընտրական գործընթացի մասնակիցը
1. 1. Սոյն Կանոններում “Ընտրական գործընթացի մասնակից» են հանդիսանում"
ա) սոյն Կանոններն ընդունած եւ ընտրական գործընթացի մասնակից հանդիսացող կուսակցութիւնները, կուսակցութիւնների դաշինքները (այսուհետ` կազմաւորումների),
բ) նախորդ կէտում թուարկուած կազմաւորումների անդամները, պատասխանատուները, վստահուած անձինք ու ընտրական յանձնաժողովներում նրանց ներկայացուցիչները, նրանց կողմից առաջադրուած թեկնածուները, վերջիններիս վստահուած անձինք,
գ) սոյն Կանոններն ընդունած մեծամասնական ընտրակարգով առաջադրուած թեկնածուները, նրանց վստահուած անձինք:
2. Իշխանութեան լեգիտիմութեան հիմքերը
2.1. Ժողովրդավարական բազմակուսակցական ընտրութիւնների արդիւնքում ձեւաւորուած իշխանութեան լեգիտիմութեան հիմքը Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեանը, Հայաստանի Հանրապետութեան ստանձնած միջազգային պարտաւորութիւններին, Հայաստանի Հանրապետութեան ընտրական օրէնսգրքին, այլ օրէնքներին եւ ընտրական օրէնսդրութեանը համապատասխան իրականացուած ընտրութիւններն են, որի ընթացքում մասնաւորապէս`
ա) ընտրողները հնարաւորութիւն են ունենում անարգել տեղեկանալ ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների ծրագրերին ու դիրքորոշումներին եւ ազատօրէն կատարել իրենց ընտրութիւնը,
բ) ընտրողները քուէարկում են ազատօրէն, առանց վախի, առանց միջամտութեան կամ նրանց ազատ կամքի արտայայտման վրայ ցանկացած ոչ օրինական այլ ներգործութեան:
3. Կանոնների պահպանումը
3.1. Ընտրական գործընթացի մասնակիցները պարտաւորւում են բարեխղճօրէն պահպանել սոյն Կանոնները` նպատակ հետապնդելով նպաստել Հայաստանի Հանրապետութեան հասարակութեան, ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների եւ միջազգային հանրութեան կողմից ընտրութիւններն ազատ եւ արդար ճանաչելուն, ընտրութիւնների նկատմամբ:
3.2. Ընտրական գործընթացի մասնակիցը`
ա) իր գործունէութիւնն իրականացնում է սոյն Կանոններին համապատասխան,
բ) պէտք է ձեռնարկի գործուն քայլեր ինչպէս կազմաւորման ինստիտուցիոնալ, այնպէս էլ անհատական մակարդակով` ուղղուած Կանոնների պահպանմանը,
գ) պէտք է ձեռնարկի ողջամիտ միջոցներ` կանխելու ընտրական գործընթացի մասնակից չհանդիսացող իր կողմնակիցների այն գործողութիւնները, որոնք ընտրական գործընթացի մասնակցի կողմից կատարուելու դէպքում կ'որակուէին որպէս Կանոնների խախտում:
3.3. Սոյն Կանոններն ընդունած ընտրական գործընթացի մասնակից կազմաւորման ղեկավարը (ղեկավար մարմինը) պարտաւոր է`
ա) յանձնարարել տուեալ կազմաւորման բոլոր անդամներին, պաշտօնեաներին, թեկնածուներին, յորդորել ընտրական գործընթացի մասնակից չհանդիսացող իր կողմնակիցներին` պահպանելու նշուած Կանոնները,
բ) Կանոնների խախտման դէպքում գործադրել կազմաւորման կարգապահական ներգործութեան միջոցներ:
4. Քարոզարշաւը
4.1. Ընտրական գործընթացի մասնակիցը պարտաւորւում է`
ա) յարգել ընտրական գործընթացի միւս մասնակիցների` իրենց գաղափարները, տեսակէտներն ու սկզբունքներն անկաշկանդ տարածելու իրաւունքը,
բ) չխանգարել կամ չխափանել ընտրական գործընթացի այլ մասնակիցների նախընտրական քարոզարշաւը, մասնաւորապէս` չխոչընդոտել նրանց քարոզչական տպագիր նիւթերի Օրէնքով սահմանուած կարգով տարածմանը եւ պաստառների` Օրէնքով սահմանուած կարգով տեղադրմանը, չփչացնել կամ չոչնչացնել դրանք, չտարածել կեղծ կամ անանուն նիւթեր,
գ) յարգել մամուլի ազատութիւնը, մասնաւորապէս` չխոչընդոտել լրագրողների մասնագիտական պարտականութիւնների կատարմանը,
դ) չխոչընդոտել ընտրական գործընթացի այլ մասնակիցների կողմից երթերի, ցոյցերի կամ հանրահաւաքների իրականացմանը, մասնաւորապէս` չխոչընդոտել քաղաքացիների մասնակցութեանը ընտրական գործընթացի այլ մասնակիցների երթերին, ցոյցերին կամ հանրահաւաքներին:
5. Ընտրական յանձնաժողովներ, դիտորդներ, վստահուած անձինք
5.1. Ընտրական գործընթացի մասնակիցը պարտաւորւում է`
ա) համագործակցել ընտրական յանձնաժողովների հետ` իր կողմից նշանակուած անդամների եւ իր վստահուած անձանց միջոցով, ապահովել քուէարկութեան կանոնաւոր անցկացումը խաղաղ մթնոլորտում, ինչպէս նաեւ ընտրողների լիիրաւ ազատութիւնն իրենց ընտրական իրաւունքն առանց խոչընդոտների իրականացնելու համար,
բ) չմիջամտել ընտրական յանձնաժողովների` իր կողմից նշանակուած անդամների պարտականութիւնների պատշաճ կատարմանը,
գ) չխոչընդոտել ընտրական յանձնաժողովների անդամների եւ ընտրական գործընթացի այլ մասնակիցների վստահուած անձանց պարտականութիւնների կատարմանը,
դ) իր գործողութիւններով չվտանգել ընտրական յանձնաժողովների անդամների անվտանգութիւնը քուէարկութիւնից առաջ, դրա ընթացքում եւ դրանից յետոյ,
է) խուսափել այնպիսի գործողութիւններից, որոնք կարող են յանգեցնել անկառավարելի գործընթացների,
է) համագործակցել հաւատարմագրուած դիտորդների հետ:
6. Ընտրական գործընթացի մասնակցի պահուածքը եւ խօսքը
6.1. Ընտրական գործընթացի մասնակիցը պարտաւորւում է`
ա) նպաստել նախընտրական քարոզարշաւի, քուէարկութեան, ընտրութիւնների արդիւնքների ամփոփման եւ հետընտրական շրջանում խաղաղ մթնոլորտի ապահովմանը,
բ) գործել իր դիրքին վայել պատասխանատուութեան զգացումով,
գ) բանաւոր կամ գրաւոր խօսքում չօգտագործել այնպիսի բառապաշար, խօսք կամ պատկերներ, որոնք`
- սադրիչ կամ զրպարտիչ են,
- ուղղակի կամ անուղղակի բռնութեան սպառնալիք են հանդիսանում կամ բռնութիւն են հրահրում այլոց դէմ,
- պարունակում են անձնական վիրաւորանք:
6.2. Ընտրական գործընթացի մասնակիցը իր խօսքով եւ գործով անվերապահօրէն մերժում է ահաբեկման ցանկացած դրսեւորում եւ պարտաւորւում է քաղաքակիրթ վերաբերմունք դրսեւորել ընտրական գործընթացի այլ մասնակիցների, վերջիններիս կողմնակիցների, նրանց ինստիտուցիոնալ եւ անհատական գոյքի նկատմամբ:
7. Դիրքը չչարաշահելը
7.1. Ընտրական գործընթացի մասնակիցը պարտաւորւում է`
ա) չչարաշահել իր իշխանութիւնը քաղաքական նպատակներով,
բ) չօգտագործել ի պաշտօնէ իր տրամադրութեան տակ առկայ հանրային (վարչական) ռեսուրսները նախընտրական նպատակներով (բացի օրէնքով նախատեսուած դէպքերից):
8. Քաղաքական կոռուպցիայի անթոյլատրելիութիւնը
8.1. Ընտրական գործընթացի մասնակիցը պարտաւորւում է զերծ մնալ հետեւեալ գործողութիւնները իրականացնելուց`
ա) որեւէ մէկին պարտադրել հրաժարուել կամ չհրաժարուել թեկնածութիւնից,
բ) որեւէ եղանակով պարտադրել մարդկանց քուէարկելու որեւէ կուսակցութեան կամ թեկնածուի օգտին կամ դէմ կամ ձեռնպահ մնալ քուէարկութիւնից:
9. Քաղաքական շփումներ
9.1. Ընտրական գործընթացի բոլոր մասնակիցները ջանքեր են գործադրում փոխադարձ յարգանքի ու տարակարծութիւնը հանդուրժելու մթնոլորտում ուղղակի շփումներ եւ երկխօսութիւն իրականացնելու համար:
9.2. Սոյն կանոների պահպանման վերաբերեալ հնարաւոր տարաձայնութիւնների դէպքում ընտրական գործընթացի մասնակիցները ջանք կը գործադրեն լուծելու այդ տարաձայնութիւնները քաղաքական շփումների միջոցով` նախքան իրաւական գործընթաց սկսելը կամ հանրութեանը ներգրաւուելը:
10. Ընտրական օրէնսդրութեան խախտումների արձանագրում, բողոքարկում եւ ընտրութիւնների արդիւնքների ճանաչում
10.1. Ընտրական գործընթացի մասնակիցը պարտաւորւում է արձանագրել ընտրական օրէնսդրութեան խախտումները եւ հաւաքել դրանց վերաբերեալ ստուգման ենթակայ ապացոյցները:
10.2. Ընտրական վէճերի արդարացի լուծման նպատակով ընտրական գործընթացի մասնակիցը պարտաւորւում է ընտրական օրէնսդրութեան խախտումների վերաբերեալ բողոքները ներկայացնել օրէնքով նախատեսուած մարմիններին` կցելով հաւաքուած ապացոյցները, եւ հետամուտ լինել այդ բողոքների բազմակողմանի քննարկմանը: Ընտրական գործընթացի մասնակիցը չպէտք է չարաշահի խախտումների վերաբերեալ բողոքներ ներկայացնելը, օրինակ` ներկայացնելով անհիմն կամ ոչ էական բողոքներ:
10.3. Ընտրական օրէնսդրութեան պահանջները պահպանուելու դէպքում ընտրական գործընթացի մասնակիցը պարտաւորւում է ընդունել ընտրութիւնների վերջնական արդիւնքները: Ընտրութիւնների վերջնական արդիւնքները կարող են ընդունուել վերապահումներով այն դէպքերում, երբ արձանագրուել են սոյն կանոնները չպահպանելու կամ դրանք խախտելու փաստեր, որոնք որոշիչ ազդեցութիւն չեն թողել ընտրութիւնների վերջնական արդիւնքների վրայ:
10.4. Եթէ ընտրական գործընթացի մասնակցի կարծիքով ընտրական օրէնսդրութեան պահանջները կոպտօրէն խախտուել են, ապա նա կարող է վիճարկել ընտրութիւնների արդիւնքերը եւ յայտնել իր անհամաձայնութիւնը օգտագործելով միայն օրինական միջոցներ:
11. Հասարակական շարժումներ ու հասարակական կազմակերպութիւններ
11.1. Սոյն կանոններին բացի ընտրական գործընթացի մասնակիցներից կարող են միանալ նաեւ ընտրական գործընթացին առնչուող հասարակական շարժումներն ու հասարակական կազմակերպութիւնները:
իշխող կուսակցութեան գործադիր մարմինը կոչ է անում բոլոր հանրապետականներին մանրամասն ուսումնասիրել կանոնները եւ գործադրել դրանք ընտրական գործընթացներում: «քննարկէ՜ք դրանք ձեր կուսակից ընկերների հետ, դարձրէ՜ք այդ կանոնները ձեր աշխատաոճի հիմնական բաղադրիչը: Մեզանից իւրաքանչիւրը այս կանոնները պէտք է դիտարկի որպէս իր առաջնահերթ պարտքը թէ՜ երկրի եւ թէ՜ կուսակցութեան առջեւ: Մեր կուսակցութեան կողմից ներկայացուած տեղամասային ընտրական յանձնաժողովների անդամների համար այս կանոնների կարեւորութեան գիտակցումը առաջնահերթ է: Մենք հաստատակամ ենք ազատել մեր շարքերը նրանցից, ովքեր այս յանձնարարականը պատշաճ չեն իրականացնիէ,- նշում է ՀՀԿ գործադիր մարմինը, յաւելելով, որ «մօտենում է Ազգային ժողովի ընտրութիւնների օրը, մենք բոլորս պարտաւոր ենք անել ամէն ինչ, որպէսզի մայիսի 7-ին բաց ճակատով նայենք միմեանց եւ շնորհաւորենք իրար ոչ միայն ընտրութիւնների արդիւնքների, այլեւ նոր որակի ընտրութիւնների կ'ապակցութեամբէ:
ուղերձում նշւում է նաեւ, որ «մենք ձեզ հետ միասին բաւականին արդիւնաւէտ անցանք քարոզարշաւի կէսը: «հաւատանք, որ փոխենքէ կարգախօսով մենք ակտիւօրէն ներկայացնում ենք Հայաստանի իւրաքանիւր քաղաքացուն ուղղուած դրական փոփոխութիւնների մեր ծրագրերը: Միասին մենք շատ բան ենք փոխելու մեր երկրում: Ու փոխելու ենք նաեւ այն բացասական աւանդոյթները, որոնք մեր հասարակութեանը հարիր չեն: ՀՀԿ Նախագահ Սերժ Սարգսեանը կուսակցութեան 13-րդ համագումարում նշում էր. «հաւատը նաեւ մշտական սնուցում է պահանջում: Ամէն մի նոյ փոփոխութիւնը ինքնին հաւատի ամրապնդման լուրջ ներուժ ունի: Ուրեմն նաեւ փոխենք, որ հաւատանք: Մեր պետութեան ու հասարակութեան մէջ կան բազմաթիւ բացասական երեւոյթներ, որոնք մենք ժառանգել ենք անցեալից, եւ որոնք շարունակւում են իներցիայով: Փոխել` նշանակում է առաջին հերթին յաղթահարել այդ իներցիան եւ արմատաւորել նոր աւանդոյթներ: Սա վերաբերում է մեր կենսագործունէութեան բոլոր ասպարէզներին` սկսած փողոցային երթեւեկութիւնից, վերջացրած ընտրութիւններով: Մենք պէտք է լաւ ընտրութիւններ անցկացնենք…է: