Գարեգին Բ-ն Էդուարդոյ Էռնեկեանին շնորհել է «Սուրբ Էջմիածնի Ասպետ» շքանշան


Գարեգին Բ-ն Էդուարդոյ Էռնեկեանին շնորհել է «Սուրբ Էջմիածնի Ասպետ» շքանշան

  • 17-05-2011 13:18:55   | Հայաստան  |  Հասարակութիւն
 Հովուապետական այցով Բուենոս Այրեսում գտնուող Գարեգին Բ-ին Արգենտինայի նախագահական նստավայրում` Վարդագոյն տանը, երէկ ընդունել է երկրի նախագահ Քրիստինա Ֆերնանդես Կիրշները: Արգենտինայի նախագահը բարձր էգնահատել հայերի դերը երկրի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կեանքում, ինչը, ըստ նրա, ամենալաւ կամուրջն է հանդիսանում հայ - արգենտինական յարաբերութիւնների յետագայ զարգացման համար: Գարեգին Բ-ն իր երախտագիտութիւնն է յայտնել Արգենտինայի ղեկավարին հայ համայնքի հանդէպ ջերմ վերաբերմունքի համար եւ յոյս է յայտնել, որ երկու ժողովուրդների եւ պետութիւնների միջեւ յարաբերութիւնները էլ աւելի կ'ամրապնդուեն: Նոյն օրը Կաթողիկոսը Բուենոս Այրեսի «Աւենիդայ» դահլիճում տեղի ունեցած մշակութային հանդիսութեան ժամանակ «Սուրբ Էջմիածնի Ասպետ» շքանշանն է շնորհել արգենտինահայ գործարար եւ բարեգործ, Երեւանի «Զուարթնոց» օդանաւակայանի կառավարիչ American International Airports ընկերութեան նախագահ Էդուարդոյ Էռնեկեանին: Գարեգին Բ-ն ընդգծել է, որ Էռնեկեանը բազմաթիւ բարեգործութիւններ է արել Հայ եկեղեցու միջոցով ու նաեւ անուրանալի ներդրում ունի Հայաստանի տնտեսութեան զարգացման գործում: Հաղորդում է «Ազատութիւնը»: Հաղորդւում է նաեւ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հարցազրոյց է տուել արգենտինական La nacion հեղինակաւոր օրաթերթին: Վեհափառ հայրապետը, մասնաւորապէս, ասել է, որ հայ ժողովրդի այսօրուայ գերագոյն նպատակներից մէկն է, որ աշխարհը ընդունի, որ Ղարաբաղում հայ ժողովուրդը իրաւունք ունի ազատօրէն ապրելու: Նա ասել է, որ վերջին տարիներին հայ ժողովրդի ձայնը աշխարհում աւելի լսելի է դարձել, յատկապէս` երբ տեղի են ունեցել այլ ցեղասպանութիւններ: Անդրադառնալով աշխարհում տեղի ունեցող ցեղասպանութիւններին եւ պատերազմներին` Վեհափառ Հայրապետը ընդգծել է, որ խաղաղութիւնը չի կարող պարտադրուել, այն տեւական չի լինելու` եթէ հիմնուած չլինի արդարութեան եւ ճշմարտութեան վրայ:
  -   Հասարակութիւն