Ցուցանակներ Հալէպում` «Խանութը փակ է` ի յիշատակ 1915 թ. Հայոց եղեռնի զոհերի»


Ցուցանակներ Հալէպում` «Խանութը փակ է` ի յիշատակ 1915 թ. Հայոց եղեռնի զոհերի»

  • 25-04-2012 17:53:14   |   |  Մամլո հաղորդագրություն
Հայոց ցեղասպանութեան 97-րդ տարելիցին նուիրուած միջոցառումների շարք Հալէպում: Ապրիլի 24-ին Հալէպում տեղի ունեցաւ 1915 թ. Հայոց մեծ եղեռնի զոհերի յիշատակին նուիրուած միջոցառումների մի ամբողջ շարք` կազմակերպուած Սիրիայի հայկական երեք համայնքների եւ հայկական տարբեր միութիւնների կողմից: Հալեպահայութիւնը` որպէս կատարուած ոճրագործութեան դէմ բողոքի իւրայատուկ ձեւ, համայնքի պատմութեան մէջ առաջին անգամ բացայայտ կերպով դեռեւս ապրիլի 23-ի երեկոյեան ժամերից զանգուածաբար հայկական խանութների վրայ փակցրեց ցուցանակներ «Խանութը փակ է` ի յիշատակ 1915 թ. Հայոց եղեռնի զոհերի» բովանդակութեամբ` միեւնոյն ժամանակ դրանով իսկ իր յարգանքի տուրքը մատուցելով Հայոց Մեծ Եղեռնի զոհերի յիշատակին: Ապրիլի 24-ի վաղ առաւօտից Հայ առաքելական եկեղեցու կողմից Գերաշնորհ Տ. Շահան Արք. Սարգսեանի գլխաւորութեամբ մատուցուեց ոգեկոչման եւ հոգեհանգստի պատարագ` սբ. Նահատակաց եկեղեցում, որին հետեւեց 1915 թ. զոհերի յուշարձանին պսակի զետեղման արարողութիւնը Հալէպի երեք հայ համայնքապետերի, Հալէպում ՀՀ գլխաւոր հիւպատոսի, ինչպէս նաեւ հայկական բոլոր մշակութային, բարեսիրական, մարզական միութիւնների ու ընկերակցութիւնների մասնակցութեամբ: Կազմակերպուած միջոցառումների շարքում էր «երկրից բերուած մասունքներէ խորագրով ցուցահանդէսը, որին ներկայացուած էին հայրենիքից բերուած կենցաղային իրեր, վաւերաթղթեր, լուսանկարներ, տպագիր մամուլի ու գրքերի նմուշներ եւ այլ իրեր: ցուցահանդէսը հեռարձակուեց նաեւ Սիրիայի պետական հեռուստաընկերութեամբ: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, երեկոյեան միջոցառումն եզրափակեց ապրիլի 24-ի միջոցառումների շարքը: Միջոցառման գեղարուեստական բաժնին հետեւեցին Հալէպում ՀՀ գլխաւոր հիւպատոսի` Կարէն Գրիգորեանի, այնուհետեւ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Տ. Շահան Արք. Սարգիսեանի խօսքը` նուիրուած 1915 թ. Հայոց Մեծ Եղեռնի թեմային:
  -   Մամլո հաղորդագրություն