Կարծիքներ կան, որ ընդդիմութեան ցոյցի մասնակիցների սակաւաթուութիւնը պայմանաւորուած է այն հանգամանքով, որ իշխանութիւնները ստիպեցին բողոքի ակցիան քաղաքից դուրս անցկացնել, իսկ աւտոբուսների երթեւեկութիւնն այդ ուղղութեամբ ժամանակաւորապէս դադարեցուեց:
Մարտական տրամադրուած ընդդիմադիր կուսակցութիւնները եօթ տարուայ ընթացքում առաջին անգամ պաշտօնապէս արտօնուած ցոյց կազմակերպեցին, սակայն հանրահաւաքն այնքան փոքրաթիւ էր, որ այն առանձնակի ուշադրութեան չարժանացաւ իշխանամէտ քաղաքական օղակների կողմից:
Ապրիլի 8-ին Բաքուի արուարձաններից մէկում կայացած բողոքի ակցիան կազմակերպուել էր Ադրբեջանի ընդդիմութեան «Հանրային պալատ»միաւորման կողմից: Քաղաքային իշխանութիւնները նախկինում առաջարկել էին ընդդիմութեան ներկայացուցիչներին այս վայրը ցոյցերի կազմակերպման համար օգտագործել, սակայն վերջիններս մերժել էին առաջարկը`պահանջելով թոյլտւություն տրամադրել մայրաքաղաքի կենտրոնում հանրահաւաք կազմակերպելու համար:
«ժողովրդական ճակատ» կուսակցութեան առաջնորդ Ալի Քերիմլին խոստովանում է, որ ընդդիմութիւնը ստիպուած եղաւ զիջումների գնալ հանրահաւաքի կազմակերպման վայրի հարցում:
«Մենք զիջել ենք ոչ թէ կառավարութեանը, այլ ժողովրդին: Ոչինչ չի փոխուել կառավարութեան հետ մեր յարաբերութիւններում», - նշւում է Քերիմլիի տարածած մամլոյ հաղորդագրութեան մէջ: Նրա խօսքերով`քանի որ պոտենցիալ ցուցարարները վախենում էին Բաքուի կենտրոնում չթոյլատրուած ցոյց անցկացնելու դէպքում հնարաւոր ձերբակալութիւններից եւ յարձակումներից, «մենք պարզապէս ստիպուած ենք համաձայնուել իշխանութիւնների առաջարկած վայրն օգտագործել»:
Հանրահաւաքին ելոյթ ունեցողները, մասնաւորապէս, անդրադարձան լրագրողների խնդիրներին, հաւաքների ազատութեան իրաւունքի հարցին եւ պաշտօնական օղակներում տարածուած կաշառակերութեանը: Ցուցարարներից ոմանք կառավարութեանը հրաժարականը տալու կոչ անող կարգախօսներ էին վանկարկում, սակայն այդպէս էլ չստացան ընդդիմութեան առաջնորդների աջակցութիւնը:
«Այդ կարգախօսն իրատեսական կը դառնայ միայն այն դէպքում, եթէ մեր միջոցառումների մասնակիցների թիւը հասնի հարիւր հազարաւորների», - յայտարարել է «Մուսաւաթ» կուսակցութեան ղեկավար Իսայ Ղամբարը:
Կազմակերպիչների խօսքերով`հանրահաւաքին աւելի քան 10 հազար ցուցարարներ են մասնակցել, մինչդեռ ոստիկանութիւնը նշում է, որ մասնակիցների թիւը չի գերազանցել 1200-ը:
Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցութեան ներկայացուցիչ Սիյաւուշ Նովրուզովն իր հերթին արհամարհանքով է արտայայտուել ընդդիմութեան ցոյցի մասին. «Ցանկացած հանրայայտ մարդու թաղմանն այս ցոյցի մասնակիցներից երեք անգամ աւելի շատ մարդիկ կը լինէին: Հանրահաւաքի մասնակիցների թիւն այնքան փոքր է, որ ես այն նոյնիսկ բողոքի ակցիայ չէի էլ կ'ոչի»:
Ակտիւիստները, սակայն, պնդում են, որ հանրահաւաքի մասնակիցների թիւը կրճատուել է իշխանութիւնների ստեղծած խոչընդոտների շնորհիւ: Մայրաքաղաքի կենտրոնական աւտոկայանում այդ օրը եղած ուղեւորների խօսքերով` հաւաքի անցկացման վայրը մեկնող հասարակական տրանսպորտի աշխատանքը դադարեցուել էր:
«ժողովրդական ճակատ» կուսակցութեան անդամ Դադաշ Դադաշովի խօսքերով`աւտոբուսային երթուղիները սպասարկող ընկերութեան ներկայացուցիչները հաղորդել են, որ ժամանակաւորապէս դադարեցրել էին աշխատանքը տրանսպորտի նախարարութեան հրահանգով: Դադաշովն այնուհետեւ հասել է հանրահաւաքի անցկացման վայրին ամենամօտ գտնուող մետրօյի կայարանը, սակայն այստեղ էլ էր նրան հիասթափութիւն սպասում:
«Սովորաբար, Մայիսի 28-ի մետրօյի կայարանից բազմաթիւ երթուղայիններ են մեկնում: Սակայն այդ օրը պարզուեց, որ դրանք չէին աշխատում: Ես անգամ տաքսի չկարողացայ նստել, որովհետեւ երբ վարորդները լսում էին, թէ որտեղ էի պատրաստւում գնալ, հրաժարւում էին ինձ այնտեղ տանել: Այդ պատճառով ստիպուած եղայ ոտքով գնալ եւ բաց թողեցի ցոյցի սկիզբը», - պատմում է նա:
Ադրբեջանի տրանսպորտի նախարարութեան մամլոյ խօսնակ Նամիգ Հասանովը հերքում է այն ենթադրութիւնները, որ աւտոբուսների երթուղիները խափանուած են եղել կամ պարզապէս չեն գործել համապատասխան հրահանգների հիման վրայ:
Նախկինում ընդդիմութեան շարքերը համալրող, իսկ այժմ առաւելապէս իշխանամէտ դիրքորոշում որդեգրած «Ումիդ» կուսակցութեան ղեկավար Իգբալ Ագազադեն այն կարծիքին է, որ բողոքի ցոյցն անիմաստ էր:
«Մարդիկ անգամ չեն էլ խօսում այդ մասին: Իսկ մարդիկ ասելով`նկատի ունեմ ոչ թէ քաղաքական գործիչներին կամ մարդկանց, որոնք ակտիւ են հասարակական կեանքում, այլ`շարքային քաղաքացիներին: Սա ցոյց է տալիս, որ բողոքի ցոյցը նշանակալի իրադարձութիւն չէր: Ընդհանրապէս, ես կողմ եմ բողոքի ակցիաների կազմակերպման գաղափարին: Կառավարութիւնը չպէտք է միջամտի ընդդիմութեան գործունէութեանը, չնայած նրանք [ընդդիմութեան առաջնորդները] պէտք է ամենասկզբում ընդունէին հանրահաւաքի անցկացման վայրի վերաբերեալ առաջարկը, առանց 7 տարի կ'որցնելու», - ասում է նա:
Ագազադեն նաեւ նշեց, որ չի մասնակցել հանրահաւաքին, քանի որ իր կուսակցութիւնը «Հանրային պալատի» անդամ չէ:
«Սակայն յաջորդ անգամ նրանց միանալու առաջարկ ստանալու դէպքում, մենք կը քննարկենք այդ հնարաւորութիւնը», - ասաց նա:
Սեյմուր Քազիմովը ազատ լրագրող է Ադրբեջանում:
Կովկասեան լրատու # 637