Այսօր գործարկուել է վճարումների պետական` e-payments.am էլեկտրօնային համակարգը
28-04-2012 16:34:13 | Հայաստան | Տնտեսութիւն
Կառավարութեան աշխատակազմի ղեկավար Դաւիթ Սարգսեանը «Նորարութիւն, մրցունակութիւն եւ տնտեսական աճ»թեմայով համաժողովի ընթացքում ներկայացրել է Վճարումների պետական էլեկտրօնային համակարգը, որը գործարկուել է ապրիլի 28-ին: Էլեկտրօնային կառավարման նոր գործիքը հնարաւորութիւն կը տայ քաղաքացիներին իրենց պետական վճարումները կատարել էլեկտրօնային եղանակով եւ բանկային Arca ու Master քարտերի միջոցով:
«Ընդհանուր առմամբ համակարգում ներառուած են 1500 տեսակի վճարումներ` տուգանքներ, պետական տուրքեր, ծառայութիւնների վճարներ եւ այլն: Երեւանի, Գիւմրու եւ Վանաձորի քաղաքապետարանները եւս իրենց տեղական վճարումները կը կազմակերպեն այս համակարգով»,- ասել է Դաւիթ Սարգսեանը: Կառավարութեան աշխատակազմի ղեկավարի խօսքով` այս համակարգի ներդրման արդիւնքում էապէս կը նուազեն նաեւ գանձնուող միջնորդավճարները. օրինակ 2-3 հազար դրամանոց վճարման դէպքում որպէս միջնորդավճար քաղաքացուց կը գանձնուի ընդամէնը 3-5 դրամ:
ՀՀ Կառավարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից յայտնում են, որ վճարումների պետական էլեկտրօնային համակարգը քաղաքացիներին հասանելի կը լինի e-payments.am հասցէով: