«Կատարողական արուեստի օրեր»-ի մասնակիցներն այցելում են Երեւանի մշակութային օջախներ<br /> <br />


«Կատարողական արուեստի օրեր»-ի մասնակիցներն այցելում են Երեւանի մշակութային օջախներ

  • 25-07-2010 21:02:31   | Հայաստան  |  Մշակոյթ
«Մէկ ազգ, մէկ մշակոյթ» համահայկական 4-րդ փառատօնի շրջանակներում յուլիսի 25-ին փառատօնի մասնակիցներն այցելեցին Հայաստանի պատմութեան թանգարան, Երեւանի Ազգային պատկերասրահ, Սերգեյ Փարաջանովի եւ Յովհաննէս Թումանեանի անուան թանգարաններ: Այցելուների թւում էին Կրասնոդար (Ռուսաստանի Դաշնութիւն) քաղաքից ժամանած «Նարեկ» թատերախումբը, Շուշիի (Արցախ) «Մկրտիչ Խանդամիրեանի» անուան պետական թատրոնի դերասանները եւ Թբիլիսիից (Վրաստան) ժամանած «Ջեյրան» պարային համոյթը: Թբիլիսիի հայերի միութեան վարչութեան եւ Վրաստանի «Վերնատուն» գրական միութեան անդամ, հայոց լեզուի ու գրականութեան ուսուցչուհի Ռոզա Զոհրաբեանը հարցազրոյցի ժամանակ նշեց, որ «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» փառատօնը հայերի համար ունի չափազանց կարեւոր նշանակութիւն, քանի որ այն նպաստաում է հայութեան համախմբմանը. «փառատօնն օգնում է պահպանել մեր ազգային լեզուն, ազգային մշակոյթն ու սովորոյթները...»: Նա սրտանց շնորհակալութիւն յայտնեց Հայաստանի Հանրապետութեան կառավարութեանը, ՀՀ սփիւռքի նախարարութեանը եւ «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» հիմնադրամին այս փառատօնը կազմակերպելու համար: Շուշիի «Մկրտիչ Խանդամիրեանի» անուան պետական թատրոնի դերասանուհի Անոյշ Միրզոյեանը եւս հաւաստիացրեց, որ այս փառատօնը համախմբում է աշխարհի տարբեր ծայրերում գտնուող հայերին: «Մենք կարողանում ենք շփուել մեր հայրենակիցների հետ, ծանօթանալ թատերախմբերի ու պարախմբէր հետ, ճանաչել իրար եւ կապեր հաստատել միմեանց հետ, որը կարծում եմ այս փառատօնի կարեւոր նպատակներից մէկն է»,- նշեց տկն. Միրզոյեանը: Նա նաեւ շատ կարեւորեց այցը Հայաստանի տարբեր մշակութային օջախներ, քանի որ փառատօնի մասնակիցներից շատերը առաջին անգամ են Հայաստանում, եւ դա նրանց հնարաւորութիւն է տալիս կարճ ժամանակահատուածում մօտիկից ծանօթանալ ազգային արժէքներին, մշակոյթին:
  -   Մշակոյթ