Իւրաքանչիւր քաղաքացի իր հայրենիքում բարեկեցիկ եւ երջանիկ կեանքով ապրելու իրաւունք ունի
04-05-2012 16:40:14 | Հայաստան | Հայտարարություններ
Մաշտոցի Պուրակում ինքնակամ շինութիւնների ապամոնտաժման աշխատանքները նախաձեռնող խումբը շնորհաւորում է Երեւանի հանրութեանը Մաշտոցի այգին համայնքին վերադարձնելու առթիւ: Կանաչապատ եւ գեղեցիկ Երեւանը կարեւոր նախադրեալներից մէկն է մեր երեխաների երջանիկ մանկութեան համար: Յաջորդ սերունդների առջեւ բոլորիս պարտականութիւնն է` պատասխանատուութեամբ վերաբերուել համայնքային սեփականութեանը:
Մաշտոցի Պուրակում ինքնակամ շինութիւնների ապամոնտաժման աշխատանքները նախաձեռնող խումբը ողջունում է երիտասարդ գործիչներին, ում ազնիւ եւ հետեւողական պայքարը Մաշտոցի այգում հանրութեան շահերը եւ բնական միջավայրը պաշտպանելու համար տուեց շօշափելի արդիւնք: Իրենց ուսերին վերցնելով Հայաստանում Սահմանադրութեան պահպանման պատուաբեր առաքելութիւնը, երիտասարդութիւնը փաստացի կատարած իր արարքներով բոլորիս յոյս եւ հաւատ ներշնչեց մեր երկրի ապագայի նկատմամբ:
Մաշտոցի Պուրակում ինքնակամ շինութիւնների ապամոնտաժման աշխատանքները նախաձեռնող խումբը շնորհակալ է բոլոր այն լրագրողներից, ովքեր անտեսելով անձնական անվտանգութեան սպառնալիքները, Մաշտոցի այգում ծաւալուող իրադարձութիւնների ժամանակ կատարեցին իրենց լրագրողական պարտքը: Նրանց կողմից քաղաքացիական պայքարի անաչառ եւ օպերատիւ լուսաբանումը մեծագոյն դեր խաղաց դրական արդիւնքի հասնելու գործում:
Մաշտոցի այգում տաղաւարների ապոմոնտաժումով պետութեան եւ քաղաքացիական անհնազանդութիւն յայտարարած քաղաքացիների միջեւ վէճը չի հանգուցալուծուել: Ոստիկանութեան կողմից յարուցուած եւ նախապատրաստուող վարչական ու քրէական գործերով փաստերի բազմակողմանի, լրիւ եւ անաչառ հետազօտումը դատական ատեաններում լոյս կը սփռի պետութեան պաշտօնատար անձանց գործողութիւնների իրաւաչափութեան վրայ:
Մաշտոցի Պուրակում ինքնակամ շինութիւնների ապամոնտաժման աշխատանքները նախաձեռնող խմբի քաղաքացիական անհնազանդութեան նպատակն էր կոտրել իշխանութեան այն կարծրատիպը, թէ նա իրաւունք ունի անբարեխիղճ վերաբերուելու հանրութեան առջեւ ունեցած իր պարտականութիւններին եւ չարաշահել Սահմանադրութեամբ իրեն տրուած լիազօրութիւնները: Այդ նպատակին հասանք:
Իշխանութիւնների գործողութիւնները Մաշտոցի այգում ցոյց տուեցին, որ վարչախումբը ի վիճակի չէ պահպանել Սահմանադրութիւնն ու ապահովել մարդու անքակտելի իրաւունքների իրացումը Հայաստանում: Անօրինական սեփականութեան պաշտպանութիւնը վարչախմբի համար մնում է իշխանութեան պահպանմանը միտուած հիմնական քաղաքական գործիքներից մէկը: Այսօր մեր առջեւ դնում ենք նոր նպատակ` ի չիք դարձնել հասարակութեան մէջ դեռ առկայ այն կասկածները, որ իշխանութիւներին, միեւնոյն է, յաջողուելու է անբարեխիղճ վերաբերուել հանրութեան առջեւ ունեցած իր պարտականութիւններին եւ չարաշահել Սահմանադրութեամբ իրեն տրուած լիազօրութիւնները:
Ակնյայտ է, որ իւրաքանչիւր քաղաքացի իր հայրենիքում բարեկեցիկ եւ երջանիկ կեանքով ապրելու իրաւունք ունի: Այդ իրաւունքը իրացնելու համար անհրաժեշտ է արմատախիլ անել մեր երկրում կարծրացած` սակաւաթիւ մարդկանց կողմից հասարակութեան հաշուին հարստանալու արատաւոր երեւոյթը: Ուստի մենք համալրելու են մեր շարքերը եւ շարունակելու ենք հետեւողականօրէն պայքարել ցանկացած ապօրինութեան դէմ` աջակցելով այս գործին միտուած իւրաքանչիւր նախաձեռնութեանը: