Անհրաժեշտ է ստեղծել ՏՀՏ տեխնոլոգիաների եւ ինովացիոն ոլորտները կարգաւորող առանձին պետական կառավարման մարմին` նախարարութիւն


Անհրաժեշտ է ստեղծել ՏՀՏ տեխնոլոգիաների եւ ինովացիոն ոլորտները կարգաւորող առանձին պետական կառավարման մարմին` նախարարութիւն

  • 11-05-2012 17:53:32   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների Միութեան յայտարարութիւնը Տեղեկատուական, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների եւ ինովացիոն ոլորտները կարգաւորող առանձին պետական կառավարման մարմնի` նախարարութեան ստեղծման անհրաժեշտութեան վերաբերեալ Նախ եւ առաջ շնորհաւորում ենք ՀՀ Ազգային Ժողովի նորընտիր պատգամաւորներին, մաղթում ազգանուէր եւ արդիւնաւէտ գործունէութիւն: Անհրաժեշտութիւն Համաշխարհային արդի տնտեսութեան մրցունակութեան եւ զարգացման հիմնական նախապայմանը ինտելեկտի եւ գիտելիքների վրայ հիմնուած հասարակութեան ձեւաւորումն է, որտեղ հիմնական շարժիչները գաղափարներն ու յայտնագործութիւններն են, եւ միեւնոյն ժամանակ, դրանք առօրեայ կեանք ներդնելու ունակութիւնն ու արագութիւնը: ԱԺ 2012թ. ընտրութիւնների արդիւնքում շուտով կը ձեւաւորուի նոր կառավարութիւն: Ելնելով տեղեկատուական եւ հեռահաղորդակցութեան տեխնոլոգիաների/բարձր տեխնոլոգիաների (ՏՀՏ/ԲՏ) ոլորտի զարգացման, տեղեկատուական հասարակութեան կայացման առկայ նախադրեալներից, Հայաստանում բարձր տեխնոլոգիաների եւ գիտելիքի վրայ հիմնուած տնտեսութեան ձեւաւորման կարեւորութիւնից, հաշուի առնելով տարածաշրջանի այլ երկրների կողմից այս ոլորտում վարուող արմատական քաղաքականութիւնը, կարեւորելով Հայաստանի մրցակցային առաւելութիւնները պահպանելու եւ զարգացնելու անհրաժեշտութիւնը` գտնում ենք, որ խիստ անհրաժեշտ է ստեղծել ոլորտի պետական կառավարման կենտրոնացուած մարմին` նախարարութիւն: Նախարարութիւնը կը համակարգի Հայաստանի Հանրապետութիւնում տեղեկատուական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների, նորարարութեան ներդրման եւ զարգացման, տնտեսութեան բոլոր բնագաւառներում դրանց արդիւնքների ներդրման, էլեկտրօնային կառավարման եւ տեղեկատուական հասարակութեան ձեւաւորման գործընթացները, պատասխանատու կը լինի ոլորտի պետական քաղաքականութեան մշակման ու իրականացման համար: Ոլորտի կառավարման նմանատիպ մոդելներ ներդրուել եւ յաջողութեամբ կիրառւում են աշխարհի բազմաթիւ զարգացող եւ զարգացած երկրներում` Աւստրիայում, Չեխիայում, Դանիայում, Գերմանիայում, Մալթայում, Պորտուգալիայում, Սերբիայում, Բելառուսում, Ղազախստանում, Ռուսաստանում, Մոլդովայում, Ռումինիայում, Լեհաստանում, Բուլղարիայում, Սլովենիայում, Մալազիայում, Եգիպտոսում եւ այլն: Նախարարութեան առկայութիւնը հնարաւորութիւն կը տայ խուսափել ոլորտի զարգացմանը խոչընդոտող բազմաթիւ հանգամանքներից, ինչպիսիք են` ոլորտի միասնականութեան խաթարումը` տարբեր պետական մարմինների միջեւ բաժանուածութեամբ, գործառոյթների յաճախակի կրկնողութիւնները, իրար միջեւ բաժանելու անկարողութիւնը, միասնական համակարգման գրեթէ բացակայութիւնը եւ այլն: Արդիւնքում ոլորտի կառավարմանը, զարգացմանն ուղղուած ջանքերը հիմնականում ձեւական բնոյթ են կրում: Ակնկալուող արդիւնք Ոլորտի միասնական կառավարման մարմնի ստեղծումը կը նպաստի պետական կառավարման, պաշտպանութեան, կրթութեան, առողջապահութեան, անվտանգութեան, ինչպէս նաեւ տնտեսութեան այլ բնագաւառներում տեխնոլոգիական առաջնահերթութիւնների բացայայտմանը, իսկ միասնական եւ հետեւողական կառավարումը կ'ապահովի տեխնոլոգիական եւ ինովացիոն աննախադէպ նուաճումներ: Տեղեկատուական, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների եւ ինովացիոն ոլորտները կառավարող պետական կառավարման մարմինը կը համակարգի տնտեսութեան արդիականացման (մոդեռնիզացիայի) գործընթացը, ինչը թոյլ կը տայ նաեւ` - Իրապէս ապահովել երկրի միջազգային վարկը` որպէս տեղեկատուական եւ հեռահաղորդակցային տեխնոլոգիաները երկրի տնտեսութեան զարգացման առաջնահերթութիւն հռչակած պետութիւն, - Ձեւաւորել զարգացած տեխնոլոգիական ոլորտ` բարձր յաւելեալ արժէք ստեղծող հետազօտական եւ բարդ ինժեներական լուծումներ առաջարկող ու ծառայութիւններ մատուցող ընկերութիւններով, միջազգային շուկաներում մրցունակ արտադրանքով, - Մշակել եւ իրականացնել ոլորտի զարգացմանն ուղղուած նպատակային ծրագրեր, - Ձեւաւորել եւ զարգացնել ոլորտային ծրագրերի ու քաղաքականութեան արդիւնաւէտ իրականացումն ապահովող մեխանիզմներ եւ մասնաւոր հատուածի մասնակցութեամբ ենթակառուցուածքների ստեղծմանն ու զարգացմանն ուղղուած նպատակային ծրագրեր - Բացայայտել եւ հրապարակել կառավարման եւ տնտեսութեան ոլորտներում առկայ տեխնոլոգիական լուծումներ պահանջող խնդիրները, ապահովել դրանց ճշգրիտ եւ համակարգուած լուծումը, - Զարկ տալ էլեկտրօնային հասարակութեան եւ կառավարման զարգացմանը, ընդլայնել պետութեան կողմից մատուցուող էլեկտրօնային ծառայութիւնների շրջանակը` ապահովելով դրանց լիարժէք հասանելիութիւնը եւ խրախուսելով կիրառումը, - Գոյքագրել եւ գնահատել պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում առկայ տեղեկատուական համակարգերը, իրականացնել դրանց զարգացման աշխատանքների կենտրոնացուած կառավարում` ապահովելով փոխհամատեղելիութիւն եւ արդիւնաւէտութիւն, - Բացայայտել գիտահետազօտական մշակում պահանջող տեխնոլոգիական խնդիրները, դրանք տեղակայել համապատասխան գիտակրթական հաստատութիւններում, - Կազմակերպել ոլորտի վիճակագրական եւ հաշուետուական միասնական համակարգ: Նշուած թիրախներին հասնելու նախապայմաններ են` - պրոֆէսիոնալիզմի առաջնահերթութեան ապահովումը, - վարուող քաղաքականութեան թափանցիկութիւնը, դրան հասարակութեան եւ մասնաւոր հատուածի ներգրաւուածութիւնը, - շահագրգիռ համագործակցութիւնը կազմակերպութիւնների եւ միութիւնների հետ, - տեղական արտադրողների ներգրաւման խրախուսումը, - նորաստեղծ տեխնոլոգիական ընկերութիւնների ձեւաւորմանն ու զարգացմանն աջակցելը, սկսնակ ընկերութիւնների տեղակայման համար յատուկ տնտեսական գօտիների ձեւաւորումը, - ազգային ինովացիոն մրցոյթների կազմակերպումն ու անցկացումը, - սկզբունքայնութիւնը մտաւոր սեփականութեան պաշտպանութեան քաղաքականութեան մէջ: Մեր կարծիքով Տեղեկատուական, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների եւ ինովացիոն զարգացման նախարարութեան մոդելը համահունչ է գործող պետական կառավարման համակարգին եւ որեւէ հակասութիւն չի առաջացնում: Պետական կառավարման նմանատիպ մարմնի ստեղծմամբ չի առաջանում էական ծախսերի անհրաժեշտութիւն, քանզի այն չի ենթադրում մեծ աշխատակազմի ստեղծում, իսկ ներկայիս տարբեր պետական մարմիններում նշուած ուղղութիւններով զբաղուող, եւ յաճախ գործառոյթներով իրար կրկնող ստորաբաժանումներում ներգրաւուած են մի քանի անգամ աւելի շատ մարդկային ռեսուրսներ: Նախարարութեան ստեղծումը կը բերի որոշակի ռեսուրսների խնայողութեան` ի հաշիւ նշուած անարդիւնաւէտ կառավարման մեխանիզմների վերացման, գործառութային կրկնութիւնների բացառման, իրականացուող ծրագրերի համակարգուածութեան, առկայ ռեսուրսների կենտրոնացուած կառավարման, չհաշուած ոլորտի զարգացման արդիւնքում եկամտաբերութեան եւ հարկային մուտքերի աւելացումը: Ակնկալում ենք, որ սոյն նախաձեռնութիւնը կ'արժանանայ պետական եւ մասնաւոր հատուածի ներկայացուցիչների աջակցութեանը, եւ առաջարկում ենք միանալ յայտարարութեանը:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ